Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏՐՆԴԵԶԸ» ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Փետրվար 11,2006 00:00

«ՏՐՆԴԵԶԸ» ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է Չնայած գների կտրուկ աճին, հայերը «կաշվից դուրս գալով» խնամիների առաջ «սեւերես» չեն մնում Ամեն տարի այս օրերին մթերքի եւ ոսկու շուկայում գնային հեղափոխություն է լինում: Եթե ընդամենը տասը օր առաջ 1 կգ խոզի փափուկ միսը կարելի էր ձեռք բերել 1300-1500 դրամով, հիմա արդեն խոզի մսի «ամենագտած» գինը 1800-ն է, մինչդեռ սովորաբար 1800 դրամով մարդիկ նույնիսկ խոզի «չալաղաջ» կարող էին գնել՝ առանց առանձնապես սակարկելու: Այս օրերի գնաճը պայմանավորված է Տյառնընդառաջով: Երեկ շուկայում իսկական աժիոտաժ էր, գնորդները դժգոհում էին, որ օգտվելով տոներից՝ վաճառողները «հոր գներն» են դնում մթերքների վրա, բայց քանի որ ստիպված են, ոչ մի բան պակաս չեն թողնում, գնելու դեպքում էլ ընտրում են ամենալավը: «Էս շուկա չի, էս տնաքանդություն ա, 20 հազար դրամ եմ դրել ջեբս ու տնից դուրս եկել, իմ իմանալով՝ պիտի միրգն ու չարազ-մարազը առնեի, բայց հլը բան չեմ առել՝ փողս արդեն պրծավ, վախենամ՝ տուն էլ չկարանամ հասնեմ»,- Մալաթիայի շուկայի թանկուկրակ գներից դժգոհեց «նոր խնամու տեր դառած» գնորդներից մեկը: Դեռ Մալաթիայի շուկան մայրաքաղաքի ամենաէժան շուկայի համբավն է վայելում, իսկ ժողովրդի լեզվով ասած՝ «գումի եւ պրոսպեկտի» շուկաներում գներն ավելի բարձր են: Որոշ վաճառողների ներկայացմամբ՝ իրենք ամբողջ տարին աշխատում են միայն 2 տոնի համար՝ Նոր տարվա եւ Տրնդեզի, ուստի այդ օրերին արհեստականորեն գները բարձրացնում են: Վաճառողներից մի քանիսի մեկնաբանությամբ էլ՝ «մենք նայում ենք կողքիններին, որ սաղ բարձրացնում են, ես ինչի՞ պիտի էժան ծախեմ»: Բաստուրմա-սուջուխ ծախող մի տղա մեզ պատմեց, որ նախորդ տարի այս օրերին ինքը շուկայի օրենքներին «խամ» է եղել, եւ սովորական գներով է ծախել իր ապրանքը, որի պատճառով շուկայի իր մրցակիցները գլխին մի լավ կռիվ են սարքել՝ իրենց գործին խփելու համար. «Ստեղ սաղ լաչառներ են, ընենց հարձակվան վրես, թե ըտենց-ըտենց՝ մենք էլ քո ինադու սրանից հետո ընենց գին կասենք, որ մոտդ մի հատ հաճախորդ չգա: Հիմա հասկացել եմ, որ ներքին կուխնիայի դեմ չի կարելի դուրս գալ, եթե դաժե շատ են խնդրում ու էժան տալիս եմ՝ առնողի հետ նախօրոք պայմանավորվում եմ, որ կողքիններին չասի»: Բացի այդ, այժմ շուկայում աշխատում են հիմնականում վերավաճառողները, որոնք գների արհեստական բարձրացումը պայմանավորում են ապրանքատիրոջ ցանկության հետ՝ «մենք էլ ենք թանկ առել, թանկ էլ պիտի ծախենք, հո իրա գնից էժան չե՞նք տա, բա մեր օգուտը ո՞րն ա, էշ առնող, էշ ծախո՞ղ ենք»: Ի տարբերություն Ամանորի, Տրնդեզին թանկանում է հատկապես մրգեղենն ու քաղցրեղենը, որովհետեւ, հին ավանդույթի համաձայն, շատերը «սինի» են կապում: Ամենահամեստ հաշվարկներով՝ ոչ շատ մեծ տարողությամբ սինին այժմ տրնդեզավորների վրա նստում է մոտ 50-60 դոլար: Սրանից ուղիղ 1 շաբաթ առաջ 1 կգ նուռը շուկայում 500-600 դրամ էր, իսկ հիմա 800-ից գինը չեն իջնում, մինչդեռ Տրնդեզի սինի կապելու համար ամենամեծ խորհրդանիշը նուռն է, որը պարտադիր է: Նարինջը թանկացել է շուրջ 200 դրամով, մանդարինը՝ 300-ով: Վերջին շրջանում, ի վնաս Տրնդեզ անողների, ավանդույթները փոքր-ինչ փոխվել են. եթե նախկինում հարկավոր էր պարզապես 2 մոմ, մի բուռ աղանձ, շոկոլադ կամ լավագույն դեպքում «բոմբոներկա», հիմա խնամիները նախօրոք պետք է ճշտեն մյուս կողմի մարդկանց թիվը ու նույնքան մոմ բերեն (կրակի մոտ շուրջպար բռնելիս բոլորի ձեռքին վառվող մոմ է լինում), հակառակ դեպքում դա խոսակցության առարկա է: Բացի այդ, սկեսուրի կողմից «քցիպություն» կդիտվի, եթե նա առաջվա պես աղանձը բերի մի փոքր թասի կամ լավագույն դեպքում «խրուստալից վազայի» մեջ լցրած, որովհետեւ հիմա հարգի են Մասիսն ու Սիսը խորհրդանշող աղանձե տորթերը՝ ամբողջությամբ շոկոլադներով ու «ռաֆաելոներով» պատված, որը գնորդի վրա նստում է 1 պարկ կանեփի, ցորենի ու աղի գնից էլ թանկ: Տրնդեզի տոնին ընդունված է նաեւ հարսին ու փեսային ոսկեղեն նվիրել, ուստի այս օրերին թանկ են նաեւ ոսկու գները: Ոսկու դեպքում թանկացումները սկսվել են Ամանորից սկսած: Մինչ այդ ոսկու մեկ գրամն արժեր 7 դոլար, այժմ՝ 9-10 դոլար: Թանկացել են նաեւ ծաղիկների գները, ինչը պայմանավորված է թե՛ Տրնդեզի, թե Վալենտինի տոնի հետ: Ծաղկի ամենահամեստ փունջը ամսի 13-14-ին 4000-5000 դրամ է: Նույնիսկ բարձրացել են մեխակների գները. նախկինում 80-100 դրամ էր, այժմ՝ 150-200: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել