Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Փետրվար 11,2006 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾԵՐԱՑՈՂ ԵՐԿԻՐ Է «Նոր Հայաստան» կազմակերպության «Սեւ ու սպիտակ» ակումբի հյուրը երեկ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն էր, որի «Հայաստան. ժողովրդագրական մարտահրավերներ» թեմայով զեկույցը պարունակում էր խիստ մտահոգիչ տվյալներ: Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ պատվիրակ եղած ժամանակ Սոցիալական, առողջապահական հանձնախմբի համազեկուցողն էր՝ «Սոցիալական համախմբվածության համար ժողովրդագրական մարտահրավերները» թեմայով: Եվ երեկ այս քննարկման ընթացքում վկայակոչեց բազմաթիվ տվյալներ, որոնք քաղել էր Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի հրապարակած տվյալներից: Ըստ Շավարշ Քոչարյանի, բնակչության աճի տեմպերի նվազումը, հանդիսանալով ընդհանուր միտում, համաչափ չի արտահայտվում երկրագնդի տարբեր հատվածներում. «Ժողովրդագրական տեսանկյունից՝ ակնհայտ է Եվրոպայի ծերացումը»: Բնակչության ծերացումը լուրջ ազդեցություն է թողնում ընտանիքի վրա. «Գնալով նվազում է ամուսնացած կանանց տոկոսը: Ավելանում է առաջին անգամ ամուսնացող կանանց միջին տարիքը: Ավելանում է առաջին անգամ ծննդաբերող կանանց միջին տարիքը: Ծնելիությունը նվազում է: Ավելանում է արտաամուսնական կապերից ծնված երեխաների տոկոսը եւ աճում է ամուսնալուծությունների տոկոսը: Ըստ էության՝ ավանդական ընտանիքի ինստիտուտը գնալով կանգնում է վերանալու վտանգի առջեւ, ինչը չի կարող չազդել երեխաների դաստիարակության եւ կրթական համակարգերի վրա»: Իսկ Հայաստանում այս տվյալները միջին եվրոպական ցուցանիշներից էլ ավելի ցածր են: Ասենք, եթե Եվրոպայում 2002-ին մինչեւ 50 տարեկան ամուսնացած կանայք 62% էին, Հայաստանում 50% էին. «Մտահոգիչ է ամուսնացած կանանց ավելի ցածր տոկոսը եւ ավելի ցածր ծնելիությունը»: Շավարշ Քոչարյանը հրապարակեց տվյալներ, ըստ որոնց՝ բնակչության բնական աճը Հայաստանում մինչեւ 1989-ը նույնն էր, ինչ երկրագնդի միջին թիվը. «Սակայն 1989-ից հետո տեղի է ունեցել կտրուկ անկում, եւ դրական աճը փոխարինվել է բացասականով: Հայաստանի բնակչությունը կարող էր աճել ի հաշիվ հարյուր հազարավոր փախստականների (Ադրբեջանից, Աբխազիայից եւ այլն), սակայն նրանց մեծամասնությունը բնակություն չհաստատեց Հայաստանում»: Մեջբերեց մասնագետների կանխատեսումները, թե ՀՀ բնակչության թիվը մնալու է անփոփոխ մինչեւ 2050-ը: Մինչդեռ Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի բնակչությունը աճելու է 26-39%-ով: Եվս մի ուշագրավ հանգամանք. գոյություն ունի բնակչության աճի անհամաչափություն նաեւ առանձին երկրի ներսում: Ասենք, Վրաստանում ընդհանուր բնակչության անկման հետ զուգահեռ՝ շարունակվում է այնտեղ բնակվող ադրբեջանցիների բարձր տեմպերով աճը. «Կարելի է կանխատեսել, որ 2050-ին Վրաստանում բնակվող յուրաքանչյուր 5-րդ անձը կլինի ազգությամբ ադրբեջանցի»: Տարածաշրջանի երկրներից ծնելիության ամենացածր ցուցանիշը Հայաստանում է, իսկ ամենաբարձրը՝ Թուրքիայում: «Հայաստանը ծերանում է համեմատաբար արագ տեմպերով»,- այսպես մեկնաբանեց պրն Քոչարյանն այն հանգամանքը, որ բացառությամբ Հայաստանի՝ Հարավային Կովկասի երկրներում կիսող տարիքը (սա տվյալ տարածքի բնակչության այն տարիքն է, որից ավելի եւ պակաս տարիք ունեցող մարդկանց թիվը հավասար են իրար) 2050-ին մնալու է Եվրոպայից ցածր: ԱԺ պատգամավորի գնահատականով՝ մեր վիճակագրական ծառայությունն «աշխատել է մեր պետության եւ ազգային անվտանգության դեմ՝ տալով այնպիսի թվեր, որոնք չէին առաջացնում մտահոգություն: 90-ականների կեսերից ամեն տարի Հայաստանում ծնվում են 30 հազար տղաներ: Մի 5 հազարն այս կամ այն պատճառով չի կարողանա ծառայել: Այսինքն՝ մենք շատ արագ մոտենում ենք այն փուլին, երբ կունենանք ընդամենը 25 հազար զորակոչիկ՝ ունենալով 60 հազարանոց բանակ»: Նրա այս տվյալները հաստատեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, եւ դեռ ավելի մգացրեց գույները. «Ավելի վա՛տ է վիճակը, քանի որ մի մասը մեռնում է մինչեւ 18 տարեկան հասակը»: Շավարշ Քոչարյանը նշեց, թե տարածված է այն տեսակետը, որ բնակչության աճի անկումը պայմանավորված է սոցիալական վատ պայմաններով: Սակայն տվյալները ցույց են տալիս հակառակ պատկերը. «Որպես կանոն՝ արագ աճը բնորոշ է աղքատ երկրներին, իսկ զարգացած երկրներում, եթե հաշվի չառնենք ներգաղթը, բնական աճը հիմնականում բացասական է»: Որպես բնակչության աճի անկմանը նպաստող գործոն նշեց կտրուկ անցումը՝ տոտալիտար կամ ավտորիտար համակարգերից դեպի ժողովրդավարականը. «Ստացվում է, որ անցումային փուլերը նպաստում են բնակչության աճի ավելի արագ անկմանը: Հնարավոր պատճառ կարող է հանդիսանալ այդ փուլերում ավանդական արժեքային համակարգի քայքայումը»: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ ինքնին ներգաղթը չի ապահովում երկրի ժողովրդագրական ցուցանիշների բարելավում, «եթե ներգաղթածները չեն պահպանում արտագաղթի երկրին բնորոշ բարձր ծնելիությունը»: Ասենք, Իսրայելին եւ Իռլանդիային բնորոշ են ե՛ւ ներգաղթի, ե՛ւ ծնելիության հարաբերական բարձր ցուցանիշներ. «Այդ ցուցանիշների կապը պատահական չէ, եւ կարող է հետեւանք լինել պետական քաղաքականության, որն ուղղված է ավանդական հոգեւոր արժեքային համակարգի պահպանմանը: Իսրայելում այդպիսի քաղաքականության արտահայտություններից են Հոլոքոստի հիշողությունը եւ ավանդական ապրելակերպը պահպանելու պետական մոտեցումը»: Զուգահեռն ակնհայտորեն դուր եկավ ՀՅԴ բյուրոյի անդամին: Վերստին անդրադառնալով Հայաստանին՝ Շավարշ Քոչարյանն արձանագրեց, որ երկրում հոգեւոր արժեքային համակարգի փլուզման արագ տեմպերն ուղեկցվում են ժողովրդագրական ցուցանիշների կտրուկ վատթարացմամբ: Եվ Հայաստանում ավանդական արժեքային համակարգի քայքայմանն են նպաստում մշակույթի, գիտության ու կրթության խնդիրների նկատմամբ «լիակատար անտարբերությունը», անորոշությունը երկրի ընտրած ուղու եւ ապագայի նկատմամբ. «Ընտրությունների ժամանակ մարդուն անընդհատ արհամարհում են եւ նա իրեն չի զգում ո՛չ երկրի, ո՛չ հողի տեր»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Շավարշ Քոչարյանը նկատեց, թե արժեր, որ ԱԺ սոցիալական եւ առողջապահության հանձնաժողովը լսումներ կազմակերպեր այս հարցի շուրջ, սակայն նաեւ քիչ հավանական համարեց նման քննարկումը՝ հաշվի առնելով նախընտրական իրողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել