Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռամբույե

Փետրվար 11,2006 00:00

Ռամբույե Երեկ մինչ միմյանց հանդիպելը, Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը Փարիզում հաջորդաբար հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսի» թղթակիցը Փարիզից, Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտից 15 րոպե անց Ելիսեյան պալատ է ժամանել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ավելի ուշ տեղի է ունեցել Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Նախատեսվում էր, որ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպելու են դեմ առ դեմ: Հաղորդվում է, որ սոսկ արձանագրային նկարահանումներ անելու համար հանդիպմանը ներկա գտնվելու թույլտվություն են ստացել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական օպերատորներն ու լուսանկարիչները: Հաղորդվում է նաեւ, որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Քոչարյանն ու Ալիեւը մտադիր չեն մամուլի համար հայտարարություններ անել: Քոչարյանի եւ Ալիեւի երեկվա հանդիպմանը նախորդել են մի քանի ուշագրավ մեկնաբանություններ: Այսպես. ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անանուն պաշտոնյան նշել է, թե իր կարծիքով ԼՂ խնդրի կարգավորման տեսակետից «նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները Ռամբույե ֆրանսիական քաղաքում ամենակարեւոր իրադարձությունն են վերջին 5 տարվա ընթացքում»: «Երկու նախագահները հասկանում են, որ 2006 թվականը կարող է վճռորոշ լինել»,- «Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի դիվանագետը: Պետդեպարտամենտի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ ԼՂ հարցում համաձայնությունը «անհրաժեշտ դրական ուղիով կտանի զարգացումները Հարավային Կովկասում»: «Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի քննարկվում: Հանրաքվեի հարցը, բնականաբար, նույնպես». սա արդեն Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեի գնահատականն է, որը նա հայտնել է day.az-ին տված հարցազրույցում: Թաղիզադեն ասել է նաեւ, թե ԼՂ կարգավիճակի հարցը կարող է քննարկվել բանակցությունների հետագա փուլերում՝ հավելելով. «Իրատեսական չէ խոսել հանրաքվեի մասին, քանի դեռ չի վերականգնվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական կազմը: Բացի այդ, Ադրբեջանի Սահմանադրությունը երկրի առանձին վերցրած հատվածում հանրաքվեի անցկացում չի ենթադրում: Հանրաքվեն պետք է լինի համազգային, դրան պետք է մասնակցի ամբողջ Ադրբեջանի բնակչությունը»: Երեկ մինչեւ ուշ երեկո Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման արդյունքների վերաբերյալ որեւէ նոր տեղեկատվություն չի ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել