Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՄ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ԱՌԱՎԵԼ ՀԱՄՈԶԻՉ

Փետրվար 11,2006 00:00

2005-ին
լույս տեսավ Թոմաս դե Վաալի հայտնի գրքի ռուսերեն թարգմանությունը «Սեւ այգի»՝
այսպես է վերնագրել իր գիրքը անգլիացի լրագրող Թոմաս դե Վաալը, որը տասնչորս ամիս
շարունակ՝ 2000-2001թթ., պարբերաբար լինելով Ադրբեջան-Ղարաբաղ- Հայաստան եռանկյունում,
հավաքել է հնարավոր եւ անհնար բոլոր տվյալները, զրուցել է ավելի քան 120 հայտնի ու
անհայտ մարդկանց հետ, կարդացել հսկայական գրականություն… Եվ այս բոլորը՝ հասկանալու
համար «Ղարաբաղյան կոնֆլիկտ» կոչվող թնջուկը, որն արդեն 18 տարի խանգարում է աշխարհի
այս անկյունում խաղաղություն հաստատելուն: «Ես դիմում եմ իմ բոլոր ընթերցողներին՝
հայերին եւ ադրբեջանցիներին. մի փորձեք գրքից առանձին ընտրովի հատվածներ ցիտել՝ ձեր
սեփական քաղաքական նախապատվություններին համաձայն: Այս գիրքը պետք է ընկալել որպես
մի ամբողջություն, եւ միայն այդ ժամանակ այն արժեքավոր կլինի»,- խնդրում է պարոն
դե Վաալը նախաբանում: Եվ այդ խնդրանքը հիմնավոր է, քանզի իսկապես, հեղինակն աշխատել
է հավասարապես անդրադառնալ երկու (հայերի եւ ադրբեջանցիների) կողմերի տեսակետներին:
Ինչպես նա խոստովանում է, դա նրան հեշտ չի տրվել. նրա առաջին այցելության ժամանակ
Ադրբեջան, երբ նա լսել է միայն ու միայն ադրբեջանցիների տեսակետները, ամեն ինչ պատկերացել
է հենց այնպես, ինչպես ադրբեջանցիներն են նկարագրել. հայերը զավթիչներ են, որ գրավել
են ադրբեջանական տարածքի հիմնական մասը, իսկ ադրբեջանցիները՝ զոհեր: Սակայն բավական
էր նա հայտնվեր հայկական հողի վրա, եւ հայերի տարբերակն էր դառնում միակ համոզիչը՝
մենք այլ ելք չունեինք, քան պայքարել մեր իրավունքների եւ ազգային ինքնորոշման համար:
Սա, իհարկե, միայն առաջին մի քանի այցելությունների ժամանակ, իսկ հետագայում նա հասկացել
է, որ այս երկրների մշտական բնակիչները չունեն այլընտրանք, քան ընդունել եւ հավատալ
բացառապես իրենց կողմի տեսակետը: Այնինչ իրականությունն ունի երկու դեմք: Եվ
հենց այս առումով է «Սեւ այգին» («Ղարա-բաղ» թուրքական լեզուներով նշանակում է սեւ
այգի) արժեքավոր: Ընթերցողների համար այն «աչքերը բացելու» լայն հնարավորություն
է: Հայ ընթերցողին հասկանալի է դառնում ադրբեջանցիների տեսակետը, եւ հուսով եմ, որ
հարեւան ազգի ընթերցողն էլ կկարողանա այս գրքից քաղել իրեն օգտակարը: Մենք իսկապես
շատ բան չգիտենք մեկս մյուսի մասին: «Հայաստանում տարածված է գրեթե համընդհանուր
կարծիք, որ Հայաստանից 1988-1990 թվականներին քշված ադրբեջանցիների նկատմամբ չի իրականացվել
եւ ոչ մի բռնություն»,- գրում է դե Վաալը: Իսկ մի՞թե դա այդպես չէ: Մի՞թե մենք բոլորս
չենք հպարտանում մեր հայկական հանդուրժողականությամբ եւ հայ քրիստոնյային հատուկ
մարդասիրությամբ, եւ հիշելով Սումգայիթը՝ հպարտանում, որ մենք՝ հայերս, նման գազանություն
երբեք թույլ չէինք տա: Սակայն «Սեւ այգում» բազմաթիվ ադրբեջանցիներ սգում են Խոջալուի
իրենց զոհերին, որոնք գազանաբար սպանվել են 1992-ին: Կարծում եմ, ճիշտ նույնպիսի
անակնկալներ կգտնեն ադրբեջանցի ընթերցողներն իրենց համար այս գրքում: Գուցե նրանց
համար շատ ավելի կլինեն անակնկալները, քանի որ ադրբեջանական քարոզչությունը, ինչը
խոստովանում է նաեւ դե Վաալը, շատ ավելի ագրեսիվ է եւ միակողմանի: Գիրքը,
որ գրվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի հովանավորությամբ, իսկական գանձ է Ղարաբաղի
հարցով հետաքրքրվողների համար՝ անկախ ազգությունից եւ դիրքորոշումներից: Թոմաս դե
Վաալն աշխատել է որպես իսկական պրոֆեսիոնալ՝ զրուցելով ինչպես վառ ազգայնականների,
այնպես էլ ակնհայտ պացիֆիստների հետ, ուսումնասիրելով բազմաթիվ փաստաթղթեր, հանդիպելով
ինչպես շարքային քաղաքացիների կամ փախստականների հետ, այնպես էլ ՀՀ, Ադրբեջանի եւ
Ղարաբաղի նախկին ու ներկա ղեկավարության, հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչների
հետ: «Սեւ այգում» հսկայական նյութ է պաշարված՝ սկսած 88թ.-ի դեպքերից մինչեւ մեր
օրերը: Ավելին՝ գրքում առանձին բաժին է նվիրված Արցախի պատմությանը՝ վաղ միջնադարից
մինչեւ մեր օրերը: Նա զրուցել է հայ եւ ադրբեջանցի պատմաբանների հետ, սակայն չբավարարվելով
եւ կանխազգալով հնարավոր սուբյեկտիվիզմը, նա դիմել է նաեւ միջազգային մասշտաբի կովկասագետներին,
ուսումնասիրել վաղնջական շրջանի փաստաթղթեր: Եվ այս ամենը այնքան դյուրամատչ ձեւով
են ներկայացվում, որ գիրքն ուղղակի կլանում է ընթերցողին: Իսկ զրույցները բազմաթիվ
մարդկանց հետ, որոնք ներկայացնում են ղարաբաղյան կոնֆլիկտի հետ առնչվող իրենց անձնական
պատմությունները՝ տխուր, ողբերգական, դաժան, կամ հակառակը՝ զվարճալի, բարի, հիշարժան,
առավել արժանահավատ եւ արժեքավոր են դարձնում այս պատմությունն այն մասին, թե որքան
թանկ է խաղաղությունը: Այնքան թանկ, որ կողմերից եւ ոչ մեկը պատրաստ չէ այդ գինը
վճարելու: Խաղաղությունը, որն այնքան անհրաժեշտ է մեր երկրներին, չի կարող
լինել առանց փոխզիջումների: «Տարածքային ամբողջականությունը հզոր փաստարկ է միջազգային
հարաբերություններում, բայց տարածաշրջանում գործերի իրական վիճակն անփոփոխ է: Իսկ
իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից եւ արդեն տասը
տարուց ավելի որեւէ առնչություն չունի Ադրբեջանի հետ: Սակայն վտանգավոր կլիներ թույլ
տալ զինված անջատողականններին տիրանալ իրենց գրաված տարածքներին, դա կօրինականացներ
հարյուր հազարավոր բնակիչների բռնագաղթը եւ իրավունք կտար Ադրբեջանին՝ նույնպես ուժով
ետ գրավել Ղարաբաղը: Իսկ այդ ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել անվերջ բռնության
շղթայի: Սակայն խաղաղ կարգավորման դեպքում անհրաժեշտ է հարգել ժողովրդական կամարտահայտության
ուժը, եթե ոչ՝ զենքի ուժը, որն էլ բերել է անջատման: Խաղաղ կարգավորումն անհնար կլինի,
եթե Ղարաբաղի հայերին չտրվի ինքնակառավարման փաստացի իրավունք, որը նրանք ունեն հիմա,
եւ եթե նրանք չստանան անվտանգության լուրջ երաշխիքներ»,- եզրահանգում է հեղինակը:
Այս ամենից բացի, չի կարելի չնկատել այն վարպետությունը, որով հեղինակը նկարագրում
է իր հերոսներին: Գրքում կենդանի ու վառ գույներով է ներկայացված ինչպես հայկական,
այնպես էլ ադրբեջանական քաղաքական էլիտայի ողջ ներկապնակը: Կարդալով Լեւոն Տեր-Պետրոսյանի
մասին տողերը՝ անմիջապես աչքերիդ առջեւ է հառնում ՀՀ առաջին նախագահը. «Նրա ողջ կերպարում
զգացվում է մի հանգիստ ուժ, իսկ նրա խորը, ծանր կոպերով կիսափակված աչքերը կարծես
ներքաշում են ձեզնից ձեր ողջ էներգիան: Ողջ հարցազրույցի ընթացքում նա խորը ներքաշում
էր երկար մուշտուկով սիգարետի ծուխը, եւ յուրաքանչյուր հարցի շուրջ մտածում էր այնպես,
կարծես նրանից մի բարդ տեքստի մեկնաբանություն էր պահանջվում»: Նույնքան գունագեղ
է նա ներկայացնում Սիլվա Կապուտիկյանին, որին նմանեցնում է Լյուդովիկոս 14-րդի դարաշրջանի
պալատական տիկնոջ: Հիշում է, թե որքան «չոր լեզվով» էր խոսում Ռոբերտ Քոչարյանը,
որի համար «կարծես հակամարտությունները կարող են իրենք իրենց բռնկվել»: Իսկ Իգոր
Մուրադյանին նույնիսկ նկարագրելու կարիք չկա. նրա հայտարարություններն արդեն իսկ
բավական են այս մարդուն պատկերացնելու եւ վերհիշելու համար. ըստ Ի. Մուրադյանի, դեռ
1986թ.-ին են ղարաբաղցիները դաշնակցականների օգնությամբ ստացել հրազենի առաջին խմբաքանակը.
«Ղարաբաղում բոլոր կազմակերպությունները զինված էին: Տեղի բոլոր կոմսոմոլները ունեին
անձնական զենք»,- ասել է «ազգայնական» Իգոր Մուրադյանը դե Վաալին: Այնուամենայնիվ,
պարոն դե Վաալը հայացք է ձգում ոչ միայն անցյալին, նա տեսնում է նաեւ ապագան: Լինելով
Սադախլուում, նա նկարագրում է, թե ինչպիսի լավ բարեկամներ կարող են լինել հայերն
ու ադրբեջանցիները: «Այդ նրանք են կռվում, եւ ոչ թե մենք»,- ասել է մի առեւտրական
ադրբեջանցի՝ գրկելով իր հայ ընկերոջը: Սակայն մինչեւ երկար սպասված խաղաղությունը
իրականություն դառնա, կարող է շատ ուշ լինել: Պարոն դե Վաալը մռայլ գույներով է ներկայացնում
երկու երկրների, բայց հատկապես շրջափակված Հայաստանի տնտեսական վիճակը ձգձգվող «ոչ
պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակում: Եվ մեջ է բերում մի ամերիկացի դիվանագետի
թունոտ կանխատեսումը. «Կգա ժամանակ, երբ Հայաստանը կդառնա ընդամենը արգելանոց՝ հայկական
սփյուռքի համար»: Իսկ դրան չհասնելու համար կա միակ տարբերակը՝ խաղաղություն: Թանկ,
բայց երանելի… Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել