Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աղթամարը» վերականգնում են թուրքերը

Փետրվար 11,2006 00:00

Հայկական
եկեղեցու վերանորոգման գործին Մայր աթոռը չի խառնվում Ապրիլին կվերսկսվեն
Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այս նպատակի համար Թուրքիայի
կառավարությունը հատկացրել էր 1,5 մլն դոլար: Սուրբ խաչը 10-րդ դարի եկեղեցի է, կառուցված
Բագրատունի թագավոր Գագիկ Արծրունու կողմից: Հուշարձանը կարող է գրավել զբոսաշրջիկներին
եւ այդ ոլորտից հսկայական եկամուտներ ստացող Թուրքիան 2004-ի ամռանը սկսել է վերականգնել
այն, նպատակ ունենալով 2006-ին ավարտել աշխատանքները: «Պոլսո հայոց պատրիարքարանի
նախաձեռնությամբ թուրքական կողմը համաձայնության եկավ նախագիծը տրամադրել մեզ՝ քննարկելու,
քանի որ տարակարծություններ կային, թե վերականգնելիս կարող են այն ձեւափոխել, խեղաթյուրել»,-
պատմեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Նախագիծը երկու անգամ
քննարկվեց մշակույթի նախարարության մասնագետների, Հուշարձանների պահպանության Հայաստան-IKOMOS
գործակալության հետ եւ հաստատվեց, որ այն արված է բարեխղճորեն»: Պոլսո պատրիարք Մեսրոպ
արքեպիսկոպոս Մութաֆյանի ձեռք բերած համաձայնությամբ, աշխատանքները թուրք ճարտարապետների
հետ միասին համակարգում է հայազգի Զաքարիա Միլթեն օղլին: Ժամանակ առ ժամանակ Պոլսից
Աղթամար է մեկնում մի հանձնախումբ եւ ծագած հարցերի դեպքում ներկայացնում է առաջարկներ:
Եկեղեցու աշխատանքներին Հայաստանից մասնակցել են IKOMOS-ի վերականգնող ճարտարապետ
Աշոտ Հովսեփյանը եւ որմնանկարիչ Ալիկ Հովհաննիսյանը: «Կղզին շատ մեծ չէ: Այնտեղ եղած
Գագիկ թագավորի պալատը, բնակելի տները, այգիները այսօր հողակույտեր են: Մարդիկ երբ
գտնում են ցրված խաչքարերը՝ բերում են եկեղեցու շրջակայք: Վանը քրդաբնակ է եւ եկեղեցու
շինարարական-հողային աշխատանքներն էլ քրդերն են կատարում: Հայանուն ոչինչ չկա: Սակայն
այսօր կարծես սառույցը հալչել է եւ ի լուր աշխարհի ասվում է, որ վերականգնվող եկեղեցին
հայկական է, մինչդեռ նախկինում երբեւէ չի էլ նշվել այդ մասին»,- պատմեց որմնանկարիչ
Ա. Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ թուրք մասնագետները վերականգնման բնագավառում
չունեն այն փորձը, ինչը, ասենք, ունեն իտալացիները: Սա է պատճառը, որ ոչ միտումնավոր
սխալներ են լինում: Որմնանկարիչը հավաստիացնում է, որ նախնական տեսքի փոփոխություն
չի նախատեսվում. «Հիմնականում ամրացնում են եղածը, քան՝ նորացնում: Աշխատանքներն
արվում են նույն քարով, ինչով կառուցված էր եկեղեցին, քարը լաստանավերով բերում են
Վանի շրջակայքում գտնվող հանքավայրից»: Եկեղեցու վրա ժամանակի ընթացքում աղավաղված
քանդակները, գնդակների հետքերը թողնվելու են նույնությամբ՝ ըստ հուշարձանների վերականգնման
կանոնի: Որմնանկարի գլխավոր մասնագետը գտնում է, որ այսօր Հայաստանում շատ եկեղեցիներ
վերականգնման կարիք ունեն, ուր դեռեւս պահպանվում են որմնանկարներ, որոնց ոչ ոք ուշադրություն
չի դարձնում: Իսկ Աղթամարում, հաշվի առնելով, որ որմնանկարները ծածկված են ծեփով
եւ մեծ ծավալի աշխատանքներ են պահանջում, 2006-ին նախատեսված վերականգնումը չի ավարտվի:
Թե ինչպես կընթանան աշխատանքները՝ նա դժվարացավ ասել: Սակայն դրանք մշտապես գտնվում
են պատրիարքարանի ուշադրության կենտրոնում: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Մայր աթոռ
սուրբ Էջմիածնից տեղեկացրին, որ իրենք որեւէ մասնակցություն չունեն կատարվող աշխատանքներին:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել