Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՈՒՆԵՆ

Փետրվար 11,2006 00:00

«Բոմժությունը» նրանց համար ավելի շուտ կենսակերպ է եւ հոգեբանություն

Ծերերի թիվ 1 տուն-ինտերնատի չգործող մասնաշենքերից մեկում կառավարության որոշմամբ հունվարի 20-ից գործում է անտունների կացարան, ուր կարող են երկու ամիս բնակվել միաժամանակ 30 անօթեւան: Ծրագիրը նախատեսված է մեկ տարվա համար: «Փողոցում հայտնված մարդկանցից շատերն իրականում անօթեւան չեն, պարզապես ճակատագիրը կամ իրենց քմահաճույքը նրանց փողոց է նետել: Երբ սկսեցինք գործել, փորձեցինք ճշտել, թե որտեղ կարող ենք գտնել նրանց: Փնտրեցինք հիմնականում աղբանոցներում ու կիսակառույցներում: Զրուցեցինք մոտ 50-60 հոգու հետ: Թեպետ ապրում էին սարսափելի պայմաններում՝ անօթեւաններից ոմանք ընդհանրապես չցանկացան լսել տեղափոխվելու մասին, չնայած մեր հոգեբանը խոստանում էր, որ նրանց ազատությունը չի սահմանափակվի»,- պատմեց ծրագրի ղեկավար, տուն-ինտերնատի տնօրեն Դավիթ Շահբազյանը: Մեր այցելության ժամանակ սենյակներից մեկում տղամարդկանցից երեքը թղթախաղով էին զբաղված, մի երիտասարդ քնած էր: Նրա մասին ասացին, որ գիշերները հացի փռում է աշխատում, ցերեկները գալիս՝ քնում է: Ազգությամբ ռուս Ռազգոնաեւը, որի ճակատագրին անդրադարձել է «Առավոտը», նույնպես քնած էր: Նա տառապում է ոտքերի փտախտով եւ մոտ օրերս կվիրահատվի: Իսկ նրա փաստաթղթերով զբաղվում է կենտրոնի իրավաբանը: «Տունս ծախեցի, տոկոսի տակ էի, մնացի դրսում: Կինս ու երեխաս զոքանչիս տանն են ապրում: Գարունը բացվի՝ մի գործ կգտնենք, կգնանք»,- ասաց տղամարդկանցից մեկը: Մյուսն էլ նմանատիպ մի պատմություն ուներ: Բոլորն էլ գարնան գալուն էին սպասում: Իսկ մինչ այդ շնորհակալ էին, որ ծածկ ունեն: Գարնան գալուն են սպասում նաեւ կենտրոնում:

Կացարանը իրոք վերանորոգման կարիք ուներ (կառավարությունը դրա համար հատկացրել է 51 մլն դրամ), սակայն ներսում շատ տաք էր ու, չնայած դրան, բնակիչները մի քանի շոր իրար վրա էին հագել: Մեր հարցին՝ եթե այստեղ պահելու փոխարեն ձեզ տրվեր խանութից օգտվելու հնարավորություն, որտեղից կարողանայիք ստանալ անհրաժեշտը, ավելի՞ հարմար կլիներ, ի պատասխան նրանց աչքերը փայլեցին եւ միաբերան ասացին՝ իհարկե: Ըստ կենտրոնի տնօրենի, այս մարդկանց կենսաձեւը ավելի շատ բխում է իրենց հոգեվիճակից, քան սոցիալականից. «Նրանք չեն ուզում աշխատել, պատասխանատվություն կրել, որեւէ մեկին հաշվետու լինել: Ազատության ցանկացած սահմանափակում այս մարդկանց մեջ ագրեսիա է առաջացնում: Այնպես որ, խնդիրը շատ նուրբ է եւ միայն աշխատանքի ընթացքում պարզ կլինի, թե ինչ պետք է արվի հետագայում»: Մեր այցելության օրը, ըստ տնօրենի, իրենց մոտ ապրում էր 17 անօթեւան՝ 14 տղամարդ, 3 կին: Վերջին 15 օրերի ընթացքում սպասարկել են 23 հոգու: Երեք անձ թոքերի հետ կապված խնդիրներով գտնվում է բուժհիմնարկում:

«Յուրաքանչյուրի համար հատկացվել է օրական 3400 դրամ: Սպասարկման ժամկետը 2 ամիս է: Այդ ընթացքում պետք է փորձենք որեւէ կերպ տնօրինել մարդկանց ճակատագիրը՝ խոսել հարազատների հետ, աշխատանքով ապահովել, եթե, իհարկե՝ ցանկանան: Միայն այս դեպքում պարզ կդառնա՝ երկու ամիսը բավարա՞ր է»,- ասաց Դ. Շահբազյանը: Ըստ ծրագրի ղեկավարի, անօթեւանների հեռանալն ու վերադառնալը չի սահմանափակվում: Ծրագիրը իրականացնելու համար ընդունվել է 9 նոր աշխատակից, այդ թվում՝ իրավաբան, հոգեբան, ախտահանողներ: Թեպետ մեզ հավաստիացրին, թե տղամարդիկ եւ կանայք ապրում են առանձին սենյակներում, մեր այցի օրը նույն սենյակում գտնվում էր երկու տղամարդ եւ մեկ կին: Նրանց ֆիզիկական մերձեցման խնդիրները պարոն Շահբազյանը դեռ լավ չէր պատկերացնում. «Չեմ կարծում, որ մեզ մոտ նման բան կանեն, բայց դե մարդ են, չի բացառվում: Միակ արգելքը կիրառվում է ալկոհոլի հարցում: Ունեցել ենք դեպք, երբ այդ պատճառով կենտրոնից հեռացել են հենց հաջորդ օրը: Մի հղի կնոջ ամուսինը հեռուստատեսությամբ տեսել էր նրան կացարանում ու եկավ, տուն տարավ: Պարզվեց, որ նա ընտանիք եւ երեխա ուներ, սակայն ընկերացել էր մի խմբի հետ ու նրանց հետ եկել այստեղ: Մի ուրիշն էլ խմբին միացել էր ընկերական զգացումներից դրդված: Երբ տեսավ, որ ընկերները մեզ մոտ ապրելու որոշում են կայացրել՝ գնաց եղբոր տուն»,- տեղեկացրեց Դ. Շահբազյանը: Անչափահաս բնակիչներ կենտրոնը չունի՝ ծրագրով նրանց համար տեղ նախատեսված չէ: Տնօրենը կարծում է, որ մինչ չափահաս դառնալը՝ պետությունը պետք է հոգա իր քաղաքացու ճակատագիրը:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել