Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունները վախեցան թռչնագրիպի՞ց

Փետրվար 11,2006 00:00

Համահայկական երիտասարդական հիմնադրամը փետրվարի 2-9-ը Ծաղկաձորում անցկացրեց «Բազե ձմեռ-2006» համահայկական երիտասարդական հավաքը:

Ինտելեկտուալ, մշակութային եւ մարզական մրցույթներին մասնակցում էին Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդները: Ըստ որոշ մասնակիցների, ժյուրին մրցույթներում երեւանցիների նկատմամբ դրսեւորում էր կողմնակալ վերաբերմունք: Բացի այդ, վերջիններս, ըստ մասնակիցների, արտոնյալների պես էին իրենց պահում. չէին ենթարկվում ընդհանուր պահանջներին՝ ամենուր կրել բազեական բաճկոններն ու բեյջերը:

Հավաքի մամուլի պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը համաձայն չէ այս դիտարկումներին: Ըստ նրա, երեւանցիներն իսկապես արժանի են բարձր գնահատականների, որովհետեւ «Երեւանի ջոկատը միշտ պրոֆեսիոնալ մակարդակում է հանդես գալիս եւ հատուկ ջոկված երիտասարդներ են այնտեղ: Շրջաններից էլ, եթե նախկինում ինչ-որ մարդկանց խնամի-բարեկամներն էին գալիս, հիմա դա չկա: Ջոկատները մտածում են իրենց մարզի անվան մասին եւ հավաքվում են լավագույնները: Օրինակ՝ Արմավիրի մարզը երկար ժամանակ չէր կողմնորոշվում ում ուղարկել՝ լավագույնները շատ էին: Այնպես որ՝ «Բազեն» գնալով կայանում է եւ մրցում են այն երիտասարդները, ովքեր իսկապես կարող են մրցել»:

Այս «Բազեի» ընթացքում երիտասարդներին չայցելեց եւ ոչ մի բարձր պաշտոնյա: Նախապես հայտարարվել է, թե փետրվարի 7-ին ՀՀ նախագահն է գալու, բայց հետո պարզվել է, որ նա այդ օրը Շվեդիա պետք է մեկնի, ինչն իրականում դեռ ամիսներ առաջ էր հայտնի: Երիտասարդները նաեւ նամակներ էին գրել տարբեր պաշտոնյաների՝ հանդիպման ակնկալիքով, սակայն նամակները մնացին անարձագանք: Ըստ մի կարծիքի, սա մի պարզ պատճառ ունի. իշխանությունները վախեցել են թռչնագրիպից: Իսկ Աստղիկ Ավետիսյանը սա բացատրում է հետեւյալ կերպ. «Պարզապես չուզեցինք քաղաքականացնել, որովհետեւ միշտ շահարկումներ են լինում…»: Սփյուռքի երիտասարդները, օրինակ, նամակներով խնդրել էին հանդիպում կազմակերպել արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Հետաքրքիր է, ո՞ր մասով կքաղաքականացվեր հավաքը, եթե, օրինակ, այս խնդրանքը արձագանք ստանար: Խնդիրն այն է, որ այս, ըստ էության, լավ գաղափարն ի սկզբանե քաղաքական նպատակների ծառայեցվեց:

Ի դեպ, հավաքի բացմանը վարչապետի փոխարեն եկան նրա օգնականներ Կարեն Ավագյանը եւ Էդուարդ Շարմազանովը՝ երիտասարդներ, որոնք Ա. Ավետիսյանի բառերով, «հենց բազեում են ակտիվացել»: Իսկ ահա փակման ժամանակ՝ անգամ վարչապետի օգնականներն ու թեկուզ մշակույթի եւ երիտասարդության փոխնախարարը (թեեւ դահլիճում էին) հարկ չհամարեցին վարչապետի հատուկ մրցանակները հանձնել հաղթողներին. վերջիններիս մրցանակը հանձնեց Հանրային հեռուստատեսության սիրունատես հաղորդավարուհին:

«Բազե ձմեռ-2006»-ում հաղթեց նարնջագույն ճակատը:

Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել