Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ

Փետրվար 11,2006 00:00

Բայց
քրեական գործ չհարուցվեց Գորիսի դատախազ Սուրեն Վարդանյանը Գորիսի հիվանդանոցի
մանկական բաժանմունքի բժիշկների գործողություններում հանցակազմ չտեսավ եւ մերժեց
քրեական գործ հարուցել Մարությանների բողոքի հիման վրա: Դատախազի որոշումը մոտ օրերս
կվիճարկվի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում: «Որովայնի ցավերից մի քիչ անհանգիստ
փոքրիկին զննելուց հետո՝ բժշկուհին «մասնագիտական» սրտացավությամբ հայտարարեց, որ
վտանգավոր ոչինչ չկա, ուղղակի երեխայի դիմադրողականությունը մի քիչ ընկած է, անհրաժեշտ
է «կազդուրիչ սիստեմ»: Ըստ կարգի, պահանջեցինք ուղեգիր՝ համապատասխան ախտորոշմամբ,
տանելու «ստացիոնար» բաժանմունք: Ուղեգիր չտրվեց, որովհետեւ «բլանկ» չգտնվեց. դրանք
փակի տակ էին բաժնի վարիչի աշխատասենյակում, որը քաղաքում չէր»,- պատմում է հիվանդանոցում
անցյալ տարի հոկտեմբերի 28-ին մահացած 3 ամսական Միլենա Մարությանի հարազատը՝ Թեհմինա
Մարությանը: Երեխայի ջերմությունը չի չափվում, քանի որ ջերմաչափն էլ գտնվում էր բաժնի
վարիչի աշխատասենյակում, որը, ինչպես նշեցինք, քաղաքում չէր: Միլենային առանց
ուղեգրի եւ ախտորոշման տեղափոխում են Գորիսի մանկական պոլիկլինիկա, այնտեղից նորից
տեղափոխում հիվանդանոց, ուր «կազդուրման» գործընթացը ավարտվում է երեխայի մահով:
«Բժշկուհի Էլմիրան ուղարկեց մեզ դեղորայք բերելու «Կամոյի ապտեկից»: Այդ պահին թերեւս
նրանց անհանգստացնում էր Կամոյի եւ բաժանմունքի փոխշահավետ պայմանավորվածությունը:
Բժշկուհու «չար» բախտից «ապտեկը» փակ էր: Դեղորայքը գնեցինք ուրիշ տեղից: Անձնակազմը
սիստեմը նախապատրաստեց առանց ուղեգրի ցուցումների»,- շարունակում է Մարությանը. «Ոմն
Արշո» (բողոքատուները նախաքննության մարմնին ներկայացրել էին նրա տվյալները) չի կարողանում
դիմադրողականությունն ընկած երեխայի երակը մտնել, քանի որ հետագայում պարզվում է,
որ նրա տեսողությունը սարսափելի խախտված է»: Ուրիշ բաժանմունքից բժիշկ են գտնում,
սակայն այս անգամ էլ չի գտնվում նույնիսկ 2 գրամանոց ներարկիչ: Հետագայում
բժիշկները բացատրություն են տվել՝ ասելով, թե չափել են երեխայի ջերմությունը, այն
ցածր է եղել, այն դեպքում, երբ բժշկուհին հարազատներին ասել էր, թե ջերմություն չափելու
անհրաժեշտությունը չկա: Ծննդաբերական բաժանմունքի բժշկուհի Ա. Շեգունցի եւ թաղային
բժշկուհի Ն. Զիլֆուղարյանի եզրակացությամբ երեխան ծնվել էր միանգամայն առողջ եւ աճը
ընթացել էր նորմալ: Սակայն բժշկական քարտում հետին թվով գրվել էր, թե երեխան ծնվել
է սրտի բնածին արատով, ինչը դարձյալ վիճարկվել է դատախազին ուղղված բողոքում: Երեխայի
հարազատները պահանջել են նաեւ հիվանդանոցի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Ս. Ամիրյանից
«բժիշկներին գոնե հեռացնել աշխատանքից», սակայն, ինչպես ասում է Թ. Մարությանը, պրոֆեսորը
քմծիծաղ էր տվել, հայտարարելով, թե ինքը ազատ է գործում: Հանցակազմը չնկատած դատախազությունը
հաշվի չէր առել տուժող կողմի պահանջը՝ քրեական գործ հարուցել բժշկական օգնություն
եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ
կատարելու, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այս հոդվածով առավելագույնը
երեք տարի ժամկետով բուժանձնակազմը կզրկվեր որոշակի մասնագիտական գործունեությամբ
զբաղվելու իրավունքից: Նշենք, որ սա առաջին մահվան դեպքը չէր Գորիսի հիվանդանոցում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել