Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավտոկանգա՞ռ, թե՞ շնանոց

Փետրվար 11,2006 00:00

Հարավ-արեւմտյան
թաղամասի բնակիչները ավտոկայանատեղիների շներից պաշտպանվելու համար գրպանում երշիկ
են պահում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասի թիվ 190 եւ
11 դպրոցների հարեւանությամբ գործում է երկու ավտոկայանատեղի: Դրանց տերերը ավտոմեքենաների
անվտանգությունն ապահովելու եւ գողություններից խուսափելու համար 10-15 կատաղած շներ
են պահում, որոնք գիշեր-ցերեկ տարածքը հավատարիմ հսկում են՝ հարձակվելով յուրաքանչյուր
անցնող-դարձողի վրա: Հարավ-արեւմտյան Բ-1, Բ-2 եւ մոտակա թաղամասերի բնակիչների խոսքերով,
հատկապես ուշ ժամերին վախենում են անցնել այդ տարածքով: Մարդիկ իրենց ուզած վայրը
հասնելու համար կամ շրջանցում են վտանգավոր գոտին՝ երկարացնելով ճանապարհը, կամ՝
ռիսկի դիմում եւ շների հետ կռիվ տալիս, կամ էլ շներին խաբելու համար դիմում տարբեր
հնարամտությունների: «Շները ոհմակով հասնում են մարդկանց վրա: Բոլորն էլ կատաղած
են ու եթե պաշտպանիչ միջոցների չդիմես, մեծ կտորդ ականջդ կթողնեն: Ստիպված փայտ կամ
քար ենք պահում դրանց քշելու համար, կամ էլ երշիկ-մերշիկ: Հենց հարձակվում են՝ սնունդը
քցում ենք, որ զբաղվեն մինչեւ անցնենք: Հո կրակը չե՞նք ընկել: Հիմա էլ սովորել են՝
էն ծայրից երշիկի հոտն առնում են ու սպասում, թե երբ պետք է իրենց կերակրես: Ամեն
անգամ երեխաները մինչեւ այդտեղով անցնում են՝ լեղապատառ են լինում: Եղածները քիչ
են՝ ձագերն էլ մի կողմից են բազմանում»,- պատմում են հարակից շենքերի բնակիչները:
Նրանց խոսքերով, ավելի հաճախ վտանգի են ենթարկվում դպրոցահասակ երեխաները, քանի որ
այդ ավտոկանգառները գործում են համայնքի երկու դպրոցների հարեւանությամբ եւ ոչ բոլորը
կարող են ծնողների ուղեկցությամբ դպրոց գնալ-գալ: Երեկ, երբ համայնքի բնակիչների
բողոքը փոխանցեցինք Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնին,
ի պատասխան մեզ հայտնեցին, որ նշյալ ավտոկանգառները մասնավոր են եւ գործում են թաղապետարանի
վերահսկողությունից դուրս: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ասացին, որ «քաղաքապետի
որոշմամբ ավտոկայանատեղիները հատկացված են թաղապետարաններին եւ մասնավոր ընկերությունների
հետ պայմանագրերը նրանք են կնքում, հետեւաբար պետք է հոգան, որպեսզի բնակիչներին
չանհանգստացնեն»: Սովորաբար մեզ մոտ ավտոկայանատեղերի անվտանգությունը վստահվում
է շներին, մինչդեռ դրանց տնօրեններն իրենց բիզնեսը պաշտպանելու համար կարող են ընտրել
պահպանության քաղաքակիրթ տարբերակ, ասենք՝ ներդնել անվտանգության համակարգ: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել