Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոալիցիան դեռ մտածելու բան ունի

Փետրվար 11,2006 00:00

Իշխանությունը
կզիջի՞ օմբուդսմենի պաշտոնը Ընդդիմությունը անցած քառօրյայի ընթացքում մի
քանի անգամ առաջարկեց կոալիցիային՝ աշխատել միասին, եւ որպես առաջին կառուցողական
քայլ առաջարկվեց, որ խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը մարդու իրավունքների
պաշտպանի տեղը զիջի քաղաքական փոքրամասնությանը: Ժամանակին միասին աշխատելու առաջարկ
արվում էր կոալիցիայի կողմից թե «ԸՕ»-ի, թե սահմանադրական փոփոխությունների ժամանակ,
նույնիսկ առաջարկվեց ընդդիմությանը տեղ տալ Անվտանգության խորհրդում: Այս բոլոր առաջարկները
ընդդիմությունը մերժեց եւ պահանջը մեկն էր՝ պատժել ընտրությունների ժամանակ կեղծիքներ
եւ խախտումներ կատարածներին եւ ապրիլի 12-13-ի գիշերը խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ
իրականացրածներին: Կոալիցիան էլ իր հերթին ընդդիմության այս առաջարկն էր մերժում:
Հիմա, մարդու իրավունքների ընտրության հետ կապված, կարծես ստեղծվել է նոր իրավիճակ,
եւ Հրանտ Խաչատրյանի առաջադրումը ընդդիմության կողմից կարծես մի փոքր խառնել է կոալիցիայի
խաղաքարերը: Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը համարեց, որ ոչինչ չի
կարելի բացառել եւ ցանկացած հարց կարելի է քննարկել: Գալուստ Սահակյանը հայտարարեց,
որ Հրանտ Խաչատրյանի հանդեպ համակրանք առաջացավ «ե՛ւ խորհրդարանի կողմից, ե՛ւ, կարծում
եմ, մեր ժողովրդի կողմից, բայց քաղաքական պրոցեսները մեկ այլ բան են, քաղաքական վճիռները՝
մեկ այլ, եւ ցանկություններն էլ՝ մեկ այլ բան»: Ասվեց, որ դեռեւս քննարկումներ այս
մասով չեն կատարվել. «Բայց եթե քաղաքական գործիչներ կան, որ այդ տարբերակով են նայելու
կամ մտորումներ ունեն, բնականաբար կքննարկվի նաեւ այդ հարցը»: Այնուամենայնիվ, Գալուստ
Սահակյանը կրկնեց, որ այսօր իրենք պաշտպանում են Արմեն Հարությունյանին, սակայն դա
չի նշանակում, որ դրանով «շատ վատ բան» են անում ընդդիմությանը կամ նրա թեկնածուին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը թեպետ ասաց, որ իրենք «առայժմ»
ունեն կոալիցիայի որոշումը եւ պաշտպանում են կոալիցիայի թեկնածուին, սակայն չհերքեց,
որ ընդդիմության առաջարկը քաղաքական է եւ կարելի է քննարկել. «Սա արդեն հարցը տեղափոխում
է քաղաքական հարթություն, եւ խնդիրը Հրանտ Խաչատրյանի անձից դուրս է գալիս: Սա քաղաքական
հարց է, կքննարկենք թե կուսակցությունում, թե կոալիցիայում, մենք կողմ ենք, որպեսզի
կոալիցիան մանրամասն քննարկի, եւ կունենանք համատեղ հստակ դիրքորոշում»: Ըստ էության,
մոտավորապես նույնպիսի պատասխան տվեց նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավարը, մանավանդ՝
նախորդ օրը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե ինքը շատ լավ է վերաբերվում
Հրանտ Խաչատրյանին, եւ եթե կոալիցիան չունենար իր թեկնածուն կամ Հրանտ Խաչատրյանի
թեկնածությունը քննարկման դրվեր մեկ ամիս առաջ, չբացառեց, որ իրենք կարող էին պաշտպանել
նրա թեկնածությունը: Կոալիցիայի ներկայացուցիչները նույնիսկ չէին բացառում
օմբուդսմենի երրորդ փուլով ընտրությունը, նաեւ՝ նոր թեկնածուների ի հայտ գալը: Եվ
բոլորի բացատրությունը նույնն էր՝ փոփոխված սահմանադրությունը շատ բարձր նշաձող է
դրել՝ 79 կողմ ձայն: Հաշվի առնելով, որ կոալիցիայի ղեկավարները նախորդ օրը
շարունակ պնդում էին, որ Մարդու իրավունքների պաշտպանի հարցը որպես սահմանադրական
պահանջ պարտադիր պետք է քննարկվեր եւ հարցը լուծվեր առաջին քառօրյայի ընթացքում,
սակայն մինչ այսօր կոալիցիան դեռ չի էլ սկսել ստորագրահավաքը, թեկուզ արտահերթ նիստում
կիսատ մնացած հարցն ավարտելու, նշանակում է, որ կոալիցիան դեռ մտորելու հարցեր ունի,
եւ հնարավոր է, որ տեղի ունենա անսպասելին՝ Մարդու իրավունքների պաշտպանի տեղը տրվի
քաղաքական փոքրամասնությանը, այսինքն՝ տեղի ունենա այն, ինչի մասին քառօրյայի ընթացքում
ամեն օր ԱԺ ամբիոնից հայտարարում էր Վիկտոր Դալլաքյանը: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել