Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռամբույե

Փետրվար 11,2006 00:00

Ռամբույե
Երեկ մինչ միմյանց հանդիպելը, Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը
Փարիզում հաջորդաբար հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Ինչպես հաղորդում
է «Մեդիամաքսի» թղթակիցը Փարիզից, Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Հանդիպման
ավարտից 15 րոպե անց Ելիսեյան պալատ է ժամանել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ավելի ուշ տեղի է ունեցել Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները, Հայաստանի
եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
Նախատեսվում էր, որ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպելու են
դեմ առ դեմ: Հաղորդվում է, որ սոսկ արձանագրային նկարահանումներ անելու համար հանդիպմանը
ներկա գտնվելու թույլտվություն են ստացել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների
անձնական օպերատորներն ու լուսանկարիչները: Հաղորդվում է նաեւ, որ բանակցությունների
արդյունքների վերաբերյալ Քոչարյանն ու Ալիեւը մտադիր չեն մամուլի համար հայտարարություններ
անել: Քոչարյանի եւ Ալիեւի երեկվա հանդիպմանը նախորդել են մի քանի ուշագրավ
մեկնաբանություններ: Այսպես. ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անանուն
պաշտոնյան նշել է, թե իր կարծիքով ԼՂ խնդրի կարգավորման տեսակետից «նախագահներ Ռոբերտ
Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները Ռամբույե ֆրանսիական քաղաքում ամենակարեւոր
իրադարձությունն են վերջին 5 տարվա ընթացքում»: «Երկու նախագահները հասկանում են,
որ 2006 թվականը կարող է վճռորոշ լինել»,- «Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ՝ ասել է
ամերիկացի դիվանագետը: Պետդեպարտամենտի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ ԼՂ հարցում
համաձայնությունը «անհրաժեշտ դրական ուղիով կտանի զարգացումները Հարավային Կովկասում»:
«Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի
հարցը չի քննարկվում: Հանրաքվեի հարցը, բնականաբար, նույնպես». սա արդեն Ադրբեջանի
արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեի գնահատականն է, որը նա հայտնել է day.az-ին
տված հարցազրույցում: Թաղիզադեն ասել է նաեւ, թե ԼՂ կարգավիճակի հարցը կարող է քննարկվել
բանակցությունների հետագա փուլերում՝ հավելելով. «Իրատեսական չէ խոսել հանրաքվեի
մասին, քանի դեռ չի վերականգնվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական կազմը: Բացի այդ,
Ադրբեջանի Սահմանադրությունը երկրի առանձին վերցրած հատվածում հանրաքվեի անցկացում
չի ենթադրում: Հանրաքվեն պետք է լինի համազգային, դրան պետք է մասնակցի ամբողջ Ադրբեջանի
բնակչությունը»: Երեկ մինչեւ ուշ երեկո Քոչարյանի եւ Ալիեւի
հանդիպման արդյունքների վերաբերյալ որեւէ նոր տեղեկատվություն չի ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել