Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՍԱ՞ՆՔ ՍԱՍՈՒՆ, ՄՏԱ՞ՆՔ ՎԱՆ

Փետրվար 11,2006 00:00

Ըստ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի, Ղարաբաղի մասով ազգային-ազատագրական պայքարը
հաղթական ավարտ է ունեցել: Ռամբույեում երեկ տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Իլհամ
Ալիեւ (եւ, հավանաբար, այսօր շարունակվող) հանդիպումից սպասելիքների մասին հարցին
պատասխանելով՝ մի քանի օր առաջ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը առաջարկել էր
սպասել եւ նախօրոք մեկնաբանություններ չանել: Փոխարենը ԱԺ խումբ-խմբակցությունների
ղեկավարները երեկ փորձում էին պատասխաններ գտնել հարցին: «Ես չեմ կարծում, որ որեւէ
փաստաթուղթ կստորագրվի, բայց այն լավատեսությունը, որ կա տարբեր միջազգային կառույցների
եւ երկրների ներկայացուցիչների կողմից՝ 2006-ի բեկումային տարի լինելու վերաբերյալ,
ենթադրում եմ, որ 2006-ի ընթացքում կարող է համաձայնություն ձեռք բերվել ընդհանուր
սկզբունքների հետ կապված, բայց կոնկրետ փաստաթուղթ չի ստորագրվի»,- հարցին ի պատասխան
ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Ըստ նրա, գործող
իշխանությունները այս ամբողջ ընթացքում նահանջել են երկու կարեւոր սկզբունքներից՝
ԼՂ-ն որպես բանակցային կողմ դիտարկելու հանգամանքից եւ փոփոխվել է նաեւ մեթոդոլոգիան,
եւ հարցը դիտարկվում է որպես տարածքային վեճ: «Այսօր մենք ամրագրում ենք,
որ Ղարաբաղի ժողովրդի ազատագրական պայքարը հաղթական ավարտ է ունեցել»,- խորհրդարանական
գարնանային նստաշրջանի առաջին ճեպազրույցում իր հերթին հայտարարեց ՀՅԴ խմբակցության
ղեկավար Լեւոն Մկրտչյանը՝ ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման բանակցային ձեւաչափի վերաբերյալ: «Այդ պայքարի շնորհիվ
մենք ունենք անվտանգության ռեալ երաշխիքներ, կայացած է Լեռնային Ղարաբաղի պետությունը՝
իր բոլոր ատրիբուտներով, եւ բանակցային գործընթացը նպատակաուղղված է, որպեսզի այդ
կայացումն ունենա միջազգային ճանաչում»,- ընդգծեց նա: Լեւոն Մկրտչյանի համոզմամբ,
առկա երաշխիքները կարող են փոփոխվել միայն ավելի բարձր երաշխիքներով: Որպես այդպիսիք՝
նա նշեց ԼՂՀ միջազգային ճանաչումը կամ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի միանալու իրավունքի
ճանաչումը: Պատգամավորը նաեւ նշեց, որ բանակցային գործընթացն ունի տարիների
պատմություն. «Երբեմն արձանագրել ենք հաջողություններ փոխադարձ ըմբռնումով, որովհետեւ
երկու կողմերը՝ ադրբեջանցիներն ու հայերը, պետք է ընկալեն, որ հարցը չի կարող լուծվել
պատերազմի ճանապարհով եւ պետք է լուծում որոնել, երբեմն արձանագրել ենք անհասկացողության
շրջան»: Բանակցային գործընթացի կարեւորությունը, ըստ պատգամավորի, այն է, որ խաղաղության
պահպանման եւ պատերազմի չվերսկսվելու երաշխիք է հանդիսանում: Լեւոն Մկրտչյանը նշեց
նաեւ, որ մի կողմից առկա են միջազգային պրոֆեսիոնալ կառույցների լավատեսական որակումները՝
ինչ-ինչ սկզբունքներ համատեղ ընդունելու վերաբերյալ, մյուս կողմից՝ հանդիպման նախօրյակին
առկա են ադրբեջանական կողմի շատ կոշտ արտահայտություններ: Բանակցությունների ելքի
վերաբերյալ ՕԵԿ-ը լավատեսորեն էր տրամադրված, թեպետ, ըստ էության, ոչինչ չասաց՝ առաջարկելով
սպասել բանակցությունների ավարտին: Իսկ Գագիկ Մխեյանը ավելացրեց, որ բոլոր դեպքերում
պետք է առաջնորդվել ԼՂՀ անվտանգության կարգավիճակից բխող շահերով: ՀՀԿ խմբակցության
ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց, որ 2006-ին ղարաբաղյան խնդրում որեւէ լուծում
չի լինելու, բայց նաեւ ակնկալվում է, որ կոնկրետ փաստաթուղթ կստորագրվի խաղաղության
մասին պայմանավորվածության վերաբերյալ. «Այսինքն՝ եթե մի կողմից բանակցող կողմերից
մեկը հայկական սրբություններն է ոչնչացնում, բնական է, որ այստեղ խնդիր կա, եւ չեմ
կարծում, որ նման պայմաններում հնարավոր է որոշակի սկզբունքների շուրջ պայմանավորվել»:
«Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նկատեց,
որ չի կարելի որեւէ սպասելիք ունենալ նախագահների հանդիպումից: Ասաց նաեւ, որ «Ազգային
միաբանությունը» «գիտակցելով այն լրջագույն վտանգը, որը ծառացել է ՀՀ առջեւ ԼՂ հիմնահարցի
լուծման ճանապարհին, փորձեց ստեղծել գոնե պատրվակ՝ դրսին ասելու, որ Հայաստանի Հանրապետությունում
սաղմնավորվում են ժողովրդավարության հետդարձի նշաններ, եւ այդ ընթացքում պետք չէ
մեր ժողովրդի վզով փաթաթել այնպիսի փաստաթղթի ընդունում, որը այդ ամենը ջուրը կլցնի.
առաջադրելով մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի համար մեր թեկնածուին՝ մենք
այդ նպատակն էինք հետապնդում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել