Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐՆ ՈՒ ԿՐՈՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

Փետրվար 11,2006 00:00

Մնում է, որ դրանց ներկայացուցիչները այդ համատեղելիությանը անկեղծորեն հավատան

«Մենք  նրանց (հնդիկներին- Ա. Ա.) անվանում ենք վայրենի, որովհետեւ նրանց սովորությունները տարբերվում են մերինից, իսկ մեր սովորությունները համարում ենք քաղաքակրթության գագաթնակետը: Նրանք էլ, իրենց հերթին, քաղաքակրթության գագաթնակետ են համարում սեփական սովորությունները: Ես կարծում եմ, որ եթե մենք անաչառ կերպով դիտարկենք տարբեր ժողովուրդների ավանդույթները, ապա չենք գտնի այնքան վայրենի ժողովուրդներ, որպեսզի նրանց մեջ հնարավոր չլիներ բարեկրթություն
տեսնել: Ճիշտ նույն ձեւով, մենք չենք գտնի նաեւ առաջադեմ ժողովուրդներ, որոնց մոտ
չեն պահպանվել կոպիտ բարքեր»:

Այս խոսքերը պատկանում են ԱՄՆ հիմնադիրներից մեկին՝ Բենջամին Ֆրանկլինին: Պատահական չէ, որ նա հիմնել է հենց ԱՄՆ-ի նման հզոր երկիր, որն ունակ է եղել համատեղել տարբեր մշակույթներ եւ կրոններ: Այդ համատեղելիությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու կարող ես ընդունել, որ քո ազգի, քո կրոնի ներկայացուցիչները ունակ են նույնպիսի վայրագությունների եւ չարագործությունների, որքան այն ազգերն ու կրոնները, որոնք դու, ընդունված կարգի համաձայն, «թշնամական» ես համարում: Եվ հակառակը՝ նրանք էլ կարող են հասնել քաղաքակրթության այն բարձունքներին, որոնց հասել է քո մշակույթը:

Ցավոք, հանդուրժողականության եւ բազմակարծության սկզբունքները ժամանակ առ ժամանակ տեղի են տալիս ինքնամեկուսացմանն ու ֆանատիզմին: Հիմա կարծես թե հենց այս ժամանակաշրջանն է: Եվրոպական թերթերը դատապարտելի, նույնիսկ կարելի է ասել՝ քստմնելի արարք թույլ տվեցին. Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները տպագրելով՝
վիրավորեցին մահմեդականների զգացմունքները: Ի պատասխան դրան, մահմեդականները ավելի տգեղ վարվեցին՝ հրկիզելով եվրոպական երկրների դեսպանատները: Մշակութային բանավեճը դուրս եկավ զուտ քաղաքական ասպարեզ, եւ դժվար է հավատալ, որ այդ բողոքի ցույցերը ինքնաբուխ էին: Եվրոպացիները, չարաչար սխալվելով, մահմեդականների մեջ տեսնում են հետամնաց ֆանատիկների, իսկ վերջիններս էլ եվրոպացիներին ընկալում են որպես խաչակիրների, որոնք փորձում են «զոռով» պարտադրել իրենց արժեքները ողջ աշխարհին: Իմիջիայլոց, կրոնական ֆանատիզմը, այդ թվում՝ ինքնախարազանման դրսեւորումներով, հատուկ է նաեւ քրիստոնյաներին, հատկապես՝ կաթոլիկներին: Այս բոլոր խնդիրները մեզ՝ հայաստանցիներիս, ուղղակիորեն չեն առնչվում: Բարեբախտաբար, Հայաստանում չկան ազդեցիկ կրոնական եւ ազգային փոքրամասնություններ, որոնց նկատմամբ անհրաժեշտ կլիներ հանդուրժողականություն դրսեւորել: Բայց ասել, որ մենք տեղից շատ հանդուրժող ենք՝ գուցե արդարացի չէ: Եթե դուրս գանք Երեւանի փողոցներ եւ հարցնենք պատահական անցորդներին, թե ովքեր են թուրքերն ու ադրբեջանցիները, ապա
հիմնական պատասխանն է լինելու այն, որ նրանք հետամնաց, խաշնարած ցեղեր են, որոնք
ընդունակ չեն որեւէ մշակույթ ստեղծել, եւ միայն կողոպտում ու ասպատակում են ուրիշներինը:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե դուք դուրս գաք Բաքվի փողոցները, ապա, համոզված
եղեք, որ անցորդների մեծամասնությունը նույն բանը կասի հայերի մասին: Այս
իրավիճակում է, որ մեր պաշտոնյաները խոսում են հայերի եւ ադրբեջանցիների «էթնիկական անհամատեղելիության» մասին: Ադրբեջանցի պաշտոնյաները ճիշտ նույնն են մտածում, բայց ավելի խորամանկ են գտնվել եւ իրենց այդ նախապաշարումը եվրոպացիների առաջ ցույց չեն տալիս: Իրականում մեր տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի այն դեպքում, երբ հայկական եւ ադրբեջանական հասարակությունների մեծ մասը անկեղծորեն (ոչ թե՝ եվրոպացիների աչքին թոզ փչելու համար) համոզվի, որ աշխարհիս երեսին անհամատեղելի ազգեր չկան: Ռուսներն ու չեչենները, վրացիներն ու օսերը, սերբերն ու ալբանացիները նույնքան համատեղելի են, որքան, ասենք, ֆրանսիացիներն ու գերմանացիները, որոնք պատմության ընթացքում նույնպես բազմաթիվ խնդիրներ են ունեցել: Եվ ցանկացած ազգ պետք է «թշնամի» ազգի մեջ տեսնի նույնպիսի
մշակութային պոտենցիալ, ինչպիսին տեսնում է սեփական ազգի մեջ:

…Վերջերս «Իզվեստիայում» կարդացի մի դեպքի մասին. կրոնի դեմ պայքարող երիտասարդ բոլշեւիկը թալանելով եկեղեցին՝ միզում է սրբապատկերի վրա, եւ իրենից չափազանց գոհ հարցնում է քահանային՝ ինչո՞ւ քո Աստվածը ինձ չի պատժում: Իսկ քահանան պատասխանում է՝ Աստված արդեն քեզ շատ-շատ է պատժել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728