Մտավորականները Հումորի օր են ուզում Թեեւ փաստում են, որ առայժմ կարգին հումոր չունենք Երգիծաբան Սամվել Բաղդասարյանի նախաձեռնությամբ մի խումբ մտավորականներ՝ Հրանտ Ղազարյանը (Հորիզոն), Ռազմիկ Դավոյանը, Արամայիս Սահակյանը, Հարություն Մովսիսյանը, Թովմաս Պողոսյանը եւ Արսեն Փանոսյանը հավաքվել էին «Հայելի» ակումբում՝ քննարկելու, թե որքան անհրաժեշտ է Հայաստանում պաշտոնապես ծիծաղի օր ունենալը: Նախաձեռնությունը նախ ներկայացվել է ԱԺ, ապա՝ կառավարություն եւ այժմ քննարկման փուլում է: Հրավիրվածներից ոմանք փորձեցին անհամ կատակներով շեշտել հումորի կարեւորությունը («գնացինք Ապարան եւ որպես մարդ վերադարձանք», «Հայելի» ակումբում ենք, երգիծանքն էլ կյանքի հայելին է», «մարտի 8-ից ապրիլի 7-ը տղամարդկանց տեխասմոտրի միամսյակ է» եւ այլն): «Ժամանակին ուրիշ ազգերը ընդունելով մեր սրամտությունը, իրենք հումոր են ստեղծել՝ վերագրելով «Հայկական ռադիոյին», որովհետեւ մեզ էր բնորոշ լավ հումոր ունենալը»,- կարոտախտով հիշեց 80-ամյա Հորիզոնը: «Հումորի այն քանակը, որ ունեցել ենք ԽՍՀՄ տարիներին՝ ի դեմս Հորիզոնի, բավարար չէր: Արամայիս Սահակյանի «Ոզնին» եւ իր անձնական հումորը եւս բավարար չեն, առողջ, պրոֆեսիոնալ հումորի կարիք կա… Ամեն անգամ, երբ ռուսաստանյան ալիքներով տեսնում եմ, թե ինչ հումորի շքահանդես է գնում, մտածում եմ՝ ինչո՞ւ մենք նրանց լիաթոք ծիծաղող դահլիճները չունենք»,- ասաց Ռազմիկ Դավոյանը: «Ռազմիկի ասածը լավ էր, բայց բավարար չէր»,- իր հերթին վերջինիս խայթեց Արամայիս Սահակյանը: «Տարիներ շարունակ ապրիլի 1-ը համարվում էր խաբելու օր, բայց քանի որ հիմա ամեն օր է խաբելու օր, դրա համար որոշեցինք դա դարձնել ծիծաղի օր»,- ասաց «Ոզնու» խմբագիրը: Ռ. Դավոյանը նշեց, որ եթե ապրիլի 1-ը Հայաստանում հայտարարվի հումորի ու երգիծանքի օր, հաջորդ քայլը կլինի հումորի թատրոն կազմակերպելը. «Իրական կոմեդիայի եւ իսկապես հումորի թատրոն պիտի հիմնենք… Խոսակցությունը խորացնելու ցանկություն չունեմ, բայց «Պաղտասար աղբարը», օրինակ, կոմեդիա չէ, ողբերգություն է»: «Ես ուզում եմ, որ ապրիլի 1-ը պաշտոնական հրամանագրով լինի հումորի օր, եւ ժողովուրդն իմանա, որ այդ օրը լինելու են ուրախ համերգներ, մրցանակներ, տոնախմբություն… Սատիրան ու հումորը վտանգավոր ուժ են: Ես միշտ վախեցել եմ հումորով մարդուց՝ ոչ թե նրա համար, որ ինձ կսպանի, այլ այն պատճառով, որ հումորը խելացի մարդու հատկանիշ է, ինտելեկտուալության պտուղ»,- նկատեց Հարություն Մովսիսյանը: Խոսելով հեռուստատեսությամբ ցուցադրվող անճաշակ հումորի մասին՝ Արամայիս Սահակյանը քննադատեց հատկապես Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման համերգից KBH-ականների համարը եւ «Մեր բակ-3»-ը. «Չի կարելի ցածրաճաշակ, ժարգոնային բաներով հանդիսատեսին գրավել: Ես կողմնակից եմ միայն նուրբ եւ ինտելիգենտական հումորին»: «Առավոտի» հարցին՝ քաղաքական գործիչներից, պատգամավորներից ո՞վ հումորի լավ զգացում ունի, Սամվել Բաղդասարյանը պատասխանեց: «Թող լրագրողները առաջարկեն մի փառատոն անցկացնել կամ անեկդոտի պատգամավորական շաբաթ՝ պարզենք: Բայց ինձ թվում է՝ բոլորն էլ առաջին տեղում կլինեն»: Անեկդոտների թվով, կշռով եւ բովանդակությամբ Գյումրիի՞ն, թե՞ Ապարանին եք նախապատվություն տալիս: Մեր այս հարցին էլ Ս. Բաղդասարյանը պատասխանեց. «Գյումրին միշտ մրցույթից դուրս է համարվել՝ լավ իմաստով, իհարկե: Ինչ վերաբերում է ապարանցիներին, ապա նրանց մասին օրական մի քանի անեկդոտ է ծնվում, նույնիսկ ֆրանսիական անկեկդոտը ձեւափոխում ու այնպես են հարմարեցնում, ասես արտադրված է Ապարանում»: «Առավոտի» հաջորդ հարցին՝ եղե՞լ է դեպք, որ գործունեության պատճառով Սամվել Բաղդասարյանի հասցեին սպառնալիքներ հնչեն կամ հետապնդումներ լինեն: «Ոչ, չի եղել: Եթե ես շոու-աշխարհի սկանդալային պատմությունների քաղաքականությունը որդեգրած լինեի՝ ուրիշ: Բայց իմ դեպքում միշտ ասել եմ ու կասեմ՝ դեմոկրատիան մեր երկրում կայացել է»: Ի դեպ, փետրվարի 14-ից «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը հայտարարելու է լավագույն սցենարի մրցույթ- նախագիծ: Առաջարկվող թեմաներն են՝ «Եվրախորհուրդը եւ հայերը», «Ընտանիք», «Օդանավակայան», «Հասարակական տրանսպորտ», «Դատական համակարգ», «Բժիշկ-հիվանդ հարաբերություններ» եւ այլն: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ