Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Փետրվար 10,2006 00:00

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է Ըստ ԵԽ փորձագետների, պետական մարմինները ոչ թե լավություն են անում՝ տեղեկատվություն տալով, այլ կատարում են իրենց պարտավորությունը՝ օրենքի եւ հասարակության առջեւ: Երկու օր շարունակ «Կոնգրես» հյուրանոցում ընթացող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ Եվրախորհրդի կազմակերպած «ՀՀ-ում տեղեկատվության ազատության օրենսդրական կարգավորումն ու պրակտիկան» սեմինարը երեկ ավարտվեց: Սեմինարի ինչպես հայաստանցի մասնակիցները, այնպես էլ Եվրոպայից ժամանած փորձագետները միահամուռ էին, որ պետք է դիմակայել իշխանությունների կողմից այս օրենքի դեմ ձեռնարկվելիք հնարավոր ոտնձգություններին: Իսկ որ դրանք բացառված չեն, վկայում է այն, որ օրենքի ընդունումից դեռ մի քանի ամիս չանցած արդարադատության նախարարությունը օրենքում փոփոխություններ մտցնելու փորձեր կատարեց, սակայն հանդիպելով լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների բուռն դիմադրությանը՝ առժամանակ թողեց այդ փորձերը: 2003-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին (ՏԱ) ՀՀ օրենքը», ըստ օրենքի ամենաակտիվ օգտագործողների՝ լրագրողների եւ հ/կ-ների՝ «զարմանալիորեն լավն է», սակայն՝ առայժմ միայն թղթի վրա: «Ես նույնիսկ զարմացա՝ կարդալով այս օրենքը, մտածեցի՝ երեւի պատգամավորները քնած են եղել օրենքն ընդունելիս կամ՝ ընդհանրապես չեն կարդացել»,- երեկ ասաց բանախոսներից մեկը՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Սեմինարի առաջին օրը ելույթ ունեցած արդարադատության նախարարության ներկայացուցիչ Կարեն Փոլադյանի զեկույցը նույնպես ներկաներին մտահոգության առիթ էր տվել, քանզի տեսակետ էր հնչել, թե ՏԱ օրենքը հակասում է որոշ օրենսդրական եւ սահմանադրական նորմերի, եւ հարկավոր է այն փոփոխությունների ենթարկել: Հիշեցնենք, որ օրենքը ինֆորմացիա ստանալու լայն հնարավորություններ է բացում բոլորի համար, եւ յուրաքանչյուր ոք իրավասու է դիմելու տեղեկատվություն տնօրինող ատյաններին, եւ եթե այդ ինֆորմացիայի տրամադրումը օրենքով սահմանափակված չէ, ապա մարմինը, որին դիմել են, պարտավոր է մինչեւ 5 կամ՝ ամենաշատը 30 օրում պատասխանել դիմողին: Օրենքից քիչ են տեղյակ ոչ միայն նրանք, ում համար այն կարող է փակ դռներ բացող բանալի դառնալ՝ լրագրողները, հ/կ-ները, շարքային քաղաքացիները, այլեւ՝ պաշտոնյաները: Այս առումով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ օրենքի չիմանալը իշխանավորներին չի ազատում դա կատարելու պարտավորությունից եւ պատասխանատվությունից, սակայն ճիշտ կլինի նրանց կրթել՝ օգտագործելով, ասենք, վերապատրաստման կուրսերը: ԵԽ փորձագետ, բուլղարացի լրագրող Ալեքսեինա Դիմիտրովան նկատեց, որ երբ մի քանի տարի առաջ իրենց երկիրն ընդունեց նման օրենք՝ «ոչ մեկը չէր հավատում, թե դա երբեւէ կգործի, բայց այսօր այն ամենակիրառվող օրենքներից է»: Նա բերեց այդ օրենքին ապավինելու մի շարք օրինակներ՝ իր անձնական փորձից: Օրինակ, թե ինչպես է ինքը նամակով դիմել ԱՄՆ գաղտնի արխիվներին եւ այնտեղից ստացել իրենց անհրաժեշտ տեղեկությունները: Ինչպես մեր, այնպես էլ ԱՄՆ օրենքում չկա խտրականություն դիմողների մեջ՝ անկախ տարիքից, սեռից, քաղաքացիությունից եւ բնակության վայրից, յուրաքանչյուր ոք կարող է դիմել եւ ստանալ տեղեկություն: Նկատենք, որ Հայաստանում գործող «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» իր օգնությունն է առաջարկում նրանց, ում մերժել են տեղեկատվություն տրամադրել: Սեմինարի ընթացքում պարբերաբար հնչեցին ԶԼՄ-ներին ուղղված առաջարկներ՝ օրենքը գործունակ դարձնելու նպատակով տեղեկատվություն ստանալու պահանջներով «ռմբակոծել» բոլոր պետական մարմինները, եւ ապա ամփոփել արդյունքներն ու հրապարակել: Այս առթիվ ԵՄ-ում Նորվեգիայի ներկայացուցչության խորհրդական Տոնյե Մինիխը նկատեց, որ իր երկրում դա ընդունված պրակտիկա է. երկու-երեք տարին մեկ ԶԼՄ-ները ակցիա են անում՝ ինֆորմացիայի պահանջով դիմում են տարբեր պետական ատյաններին, մոնիտորինգ անում, եւ արդյունքները հրապարակում, ուղարկում Օմբուդսմենին. «Իսկ եթե Օմբուդսմենը Պառլամենտում ներկայացնի այդ դժգոհությունը, ապա կոնկրետ նախարարը մեծ պրոբլեմների առջեւ կկանգնի»: Իսկ Բաց հասարակության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը, անդրադառնալով անակնկալ լուրին, որ Երեւանի քաղաքապետարանը տրամադրել է Հետաքննող լրագրողների պահանջած որոշումները, նկատեց. «Կարեւոր չէ, որ ի վերջո, մեկ տարի հետո քաղաքապետարանը կատարեց իր պարտքը, այլ այն, որ այդ գործը մեծ աղմուկ հանեց, մտավ դատարան եւ շահեց: Սա զգաստացնող պրոցես է»: Նա կոչ արեց չխուսափել նման գործերից ֆինանսական պրոբլեմների պատճառով՝ ասելով, որ իրենց հիմնադրամը օժանդակում է նման դատական գործերի իրականացմանը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել