Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՖԱԴԵՅ

Փետրվար 10,2006 00:00

«ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՎԹԵԼ Է ԳԱԱ-Ն» Այս համոզմանն է ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը Դեռեւս կես տարի առաջ ակադեմիկոս Ներսիսյանը նամակով դիմել է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողով՝ քննարկել այն բոլոր չարաշահումները, խախտումները, որ իրականացնում է ԳԱԱ նախագահությունը՝ Ֆադեյ Սարգսյանի նախագահությամբ: Նամակը հանձնաժողովն ուղարկել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն: Եվ միայն դեկտեմբերին այստեղից մի աբսուրդ պատասխան է եկել ակադեմիկոսին: «Այս նամակը ծաղր է՝ հայտնում են մի բան, որ իրենցից լավ գիտեմ. հիմնարար գրադարանի ծախսերի եւ հատկացումների մասին, «Բժշկական գենետիկայի կենտրոնին» հատկացված գումարների մասին եւ այլն»: Իսկ Ա. Ներսիսյանի նշած օրեցօր ծաղկող կոռուպցիոն երեւույթների մասին այդպես էլ ոչ մի արձագանք ոչ մի տեղից չի եկել: Իսկ ակադեմիկոսը ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք վկայում են չարաշահումների, փողերի լվացման նշանների մասին: Հիշյալ կենտրոնի աշխատակիցներից ամեն մեկին, օրինակ, ըստ Ա. Ներսիսյանի, ԳԱԱ նախագահը հատկացնում է 4-5 անգամ ավելի գումար, քան մյուս ինստիտուտներին: Այն դեպքում, երբ այս ախտորոշման կենտրոնը վճարովի ծառայություններ է մատուցում, ստացել է հսկայական գումարներ սփյուռքից: Այն գործում է նաեւ առողջապահության նախարարության ենթակայությամբ, սակայն վերջինից ոչ մի լումա չի ստանում, այլ օգտագործում է ԳԱԱ գիտնականների փողերը: Որովհետեւ կենտրոնի տնօրենը՝ Թամարա Սարգսյանը, Ֆադեյ Սարգսյանի դուստրն է: Համեմատելով 2000-2004 թթ. բյուջեից ԳԱԱ-ին հատկացվող գումարների ծավալները, տեսնում ենք, որ 2004-ին կտրուկ աճել է «այլ ծախսերի» սանդղակը՝ 970 հազարից հասնելով 1 մլրդ 260 հազար դրամի: Իսկ դրա մեջ հիմնականում մտնում են շինարարական աշխատանքները, որոնք մշտապես իրականացվում են «Ակունքշին» կազմակերպության կողմից, օրենքը խախատելով՝ առանց մրցույթ հայտարարելու, ըստ պրն Ներսիսյանի՝ «թանկ եւ անորակ ձեւով»: Որոշ ինստիտուտներում էլ անիմաստ մի քանի տասնյակ միլիոն է ծախսվել գազային ջեռուցման համակարգի վրա: Օրինակ, մոլեկուլյար կենսաբանության եւ կենսաքիմիայի ինստիտուտներում անցկացվել է գազային ջեռուցման համակարգ, սակայն հիմա չի գործում, որովհետեւ շենքերի չնչին մասն է միայն օգտագործվում, իսկ հսկայական շենքերն անիմաստ տաքացնելու համար գումարներ չկան: Արդյո՞ք դա դժվար էր կանխատեսել: Ակադեմիկոսը բերում է համեմատության մեկ այլ օրինակ: «ԳԱԱ նախագահության բյուջեն 131 միլիոն դրամ է՝ 130 հոգու համար: Իսկ, օրինակ, գիտահետազոտական ինստիտուտը 130 հոգով ստանում է 35-40 միլիոն: Այսինքն՝ բյուջեի զգալի մասը ծախսվում է նախագահության ձեռքով: Բացի այդ, շուրջ 1 մլն դոլար բյուջեից դուրս, լրացուցիչ ամեն տարի Անդրանիկ Մարգարյանը տալիս է ԳԱԱ նախագահին՝ շինարարական ինչ-որ ծախսերի համար: Սակայն եթե ակադեմիան գիտնականների համար լիներ, ապա առանց լրացուցիչ փողերի, բյուջեի փողերով կրկնակի աշխատավարձ կարելի է տալ, կրկնակի կարելի է ծախսել սարքավորումների վրա: Պաշտոնապես դիմել եմ «այլ ծախսերը» բացելու համար, չեն տալիս (նախագահությունում – Հ. Բ.), ասում են՝ գնացեք, ինստիտուտներից հարցրեք: Ակադեմիայի գործունեությունն ամբողջովին անօրինական է՝ սկսած նախագահի ընտրություններից»: Ա. Ներսիսյանին դեռեւս չեն տրամադրել նաեւ 2005 թ. հաշվետվությունը, ինչն առաջիկայում ԳԱԱ-ն պարտավոր է հրապարակել իր տարեկան ժողովում: Ինչ վերաբերում է թղթակից-անդամների եւ ակադեմիկոսների ընտրություններին, ապա վերջին 6 տարում ընտրություններ չեն եղել, ինչը ԳԱԱ կանոնադրության կոպիտ խախտում է. առնվազն 3 տարին մեկ նման ընտրություններ պետք է կազմակերպվեն: Այսինքն՝ այսօր տեղ չի տրվում ոչ միայն երիտասարդ գիտնականներին, այլեւ ակադեմիան առաջխաղացման տեղ չի թողնում նաեւ ավագ սերնդին: «Ամենածանրակշիռ որոշումներն այստեղ ընդունվում են անօրինական ձեւով՝ առանց հաշվի առնելու ընդհանուր ժողովի եւ նախագահության անդամների կարծիքը, ինչն ամրագրված է կանոնադրությամբ: ԳԱԱ նախագահը ստեղծել է մի լրացուցիչ մարմին՝ իր սրտին մոտ պոլիտբյուրոյի նման: Այն անօրինական ձեւով ընդունում է շատ հիմնական որոշումներ, որոնց մասին գաղափար անգամ չունեն նախագահության եւ ընդհանուր ժողովի անդամները»: Անրի Ներսիսյանը նույնիսկ պարզել է, որ նախագահությունն ունի նաեւ տարադրամային հաշիվ, որոնց վրա հավանաբար նստում են ԳԱԱ շենքերի վաճառքի գումարները: Օրինակ, վերջերս մոտ 300 հազար դոլարով, առանց աճուրդ հայտարարելու, վաճառվել է Սարյան փողոցում գտնվող ԳԱԱ շենքը, որ պետք է ծառայի իբրեւ առանձնատուն: Վաճառվել են Չարենցի փողոցում գտնվող նմանատիպ մի կառույց, ԳԱԱ-ին պատկանող Ծաղկաձորի ճամբարը, Սեւանում ձկնաբանության ինստիտուտի նորակառույց շենքը (ինստիտուտը տեղափոխվել է Երեւան): «ԳԱԱ նախագահի սիստեմը կողոպտում է շուրջ 4000 աշխատակցի, 2.3 հազար գիտական աշխատողների, հանրապետության ամենաբարձր որակավորման մարդկանց: Ես իմ ձեռքի տակ ունեցած պաշտոնական փաստաթղթերը կարող եմ տալ բոլոր նրանց՝ ում կհետաքրքրի»: Ինքը՝ ակադեմիկոսը, չի դիմում իրավապահ մարմիններին, որովհետեւ վստահ չէ, որ հարցը օբյեկտիվ լուծում կստանա. «Նա այնպիսի կապեր ունի՜: Դատախազությունն ինքը պետք է հետաքրքրվեր այս ամենով, հրապարակումներով, որ մինչ օրս եղել են»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել