Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ

Փետրվար 10,2006 00:00

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է Ասված է Մարդու իրավունքների առաջին պաշտպանի գործունեության եւ Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների մասին Լարիսա Ալավերդյանի զեկույցի հակիրճ բնութագրում: Այս զեկույցը հիմնված է Պաշտպանի ստացած բողոքների, մարզեր այցերի, սեփական նախաձեռնությամբ եւ առանձին հասարակական կազմակերպությունների անցկացրած ուսումնասիրությունների, ԶԼՄ-ների հրապարակած եւ այլ նյութերի վերլուծության վրա: 2005-ի զեկույցում փորձելով վեր հանել մարդու իրավունքների խախտման պայմաններն ու պատճառները՝ ավելի շատ անդրադարձ է կատարվել բնագավառը կարգավորող օրենքներում տեղ գտած բացթողումներին, հակասություններին եւ մարդու իրավունքների առումով անընդունելի ձեւակերպումներին: Զեկույցում փորձ է արված նաեւ վեր հանել մարդու իրավունքների զանգվածային, համակարգային բնույթ ունեցող, ինչպես նաեւ՝ պատշաճ հնչեղություն չստացած, սակայն խորքային պատճառներ ունեցող ոտնահարումները։ Տրված գնահատականներն ու հետեւությունները հիմնավորվել են գործերի առավել բնորոշ օրինակներով: Մասնավորապես՝ նշված է բանակում սպանություն կատարելու մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի գործը, «Ռայթ իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը, Հրազդան գետի վարարման հետեւանքով՝ Հրազդան փողոցի թիվ 29/1, 29/2, 29/3 տնատիրություններին պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հարցը, «որով զբաղվել են Երեւանի քաղաքապետը, տարածքային կառավարման նախարարը եւ կառավարության ներկայացուցիչները՝ այդպես էլ լուծում չտալով այդ հասցեներով բնակվող ընտանիքների օրհասական խնդրին»: Զեկույցում անդրադարձ կա նաեւ Արցախյան ազատամարտում զոհված կամ հաշմանդամ դարձած 28 անձանց ընտանիքներին վարձակալության իրավունքով տրամադրված հողատարածքների վերաբերյալ գործին, որը բնութագրվում է «ճիշտ այն սխեմաներով աճուրդով, որոնց կիրառման փաստը հաստատեց ՀՀ նախագահը՝ դրանց օգտագործման համար հրապարակայնորեն կշտամբելով Երեւանի քաղաքապետին»: Եվ վերջապես, հիշատակված են այն գործերը, որոնք վճռորոշ դարձան Լարիսա Ալավերդյանի հետագա պաշտոնավարման համար՝ քաղաքացիների սեփականության հարկադիր օտարման գործերը, ու նաեւ՝ «Արդար դատավարության իրավունքի խախտման մասին վկայող եւ դատարանին այդ խախտումը վերացնելու վերաբերյալ առաջարկները, որոնք Պաշտպանը ներկայացրել է՝ օգտվելով լիազորությունից, որը հետագայում վերացվել է ՍԴ-ի կողմից»: Զեկույցում նշված է, թե բազմաթիվ օրինակներ վկայում են, որ «հանրային մամինների անբարեխիղճ ներկայացուցիչների կողմից սիստեմատիկ բնույթ կրող վատ վարչարարության դրսեւորումները, վերադաս մարմինների կողմից այդպիսի գործողությունների նկատմամբ հանդուրժողականությունը հանգեցնում են մարդու իրավունքների նույնատիպ շարունակական խախտումների եւ տանում են այդ երեւույթի խորացման»։ Մեկ այլ եզրակացություն՝ համակարգային բնույթ է կրում հանրային ծառայողների ցածր իրավագիտակցությունը, մարդու իրավունքների ոլորտը կարգավորող օրենքների եւ միջազգային նորմերի չիմացությունը, «իսկ երբեմն էլ՝ դրանց նկատմամբ արհամարհանքը»։ Ըստ զեկույցի՝ մարդու իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաներով ՀՀ ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը, այն է՝ օրենսդրության չներդաշնակեցումը վերոհիշյալ փաստաթղթերով ամրագրված սկզբունքներին եւ «միջազգային հանրաճանաչ նորմերի ոչ բավարար տարածումը վկայում են այն մասին, որ մարդու իրավունքների ոտնահարումը հաճախակի հանդիսանում է չիմացության հետեւանք»։ Ասվածն առավել հիմնավոր դարձնելու նպատակով որպես հավելվածներ զեկույցում ներկայացվել են հանրային մարմիններին ուղարկված նամակների, միջնորդությունների, մարդու իրավունքների խախտումների մասին որոշումների օրինակներ. «Ինչպես նաեւ՝ արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի 2004-ի զեկույցին ոչ համարժեք նամակ-քննադատությունների պատասխանները»: Զեկույցում նշված է մի փաստ՝ որպես Լարիսա Ալավերդյանի գործունեության յուրօրինակ գնահատական. «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից մշակված ձեռնարկը պարունակում է Օմբուդսմեններին ուղղված հանձնարարականներ՝ խտրականության հարցերին վերաբերող բողոքների հետ աշխատելու վերաբերյալ: Ձեռնարկում բերված 12 օրինակներից 9-ը վերցվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2004-ի տարեկան զեկույցից՝ որպես խտրականության դեպքերը բացահայտելու եւ նման բողոքների հետ աշխատելու մեթոդների ընտրության դրական օրինակներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել