Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ

Փետրվար 10,2006 00:00

Ի՞ՆՉ ԵՆՔ ԿԱՌՉԵԼ ՄԵՐ «ԱԶԳԱՅԻՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏՆԵՐԻՑ» Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի, մեր ժողովուրդները շվեդներին եւ ֆիններին ոչնչով չեն զիջում «Ռամբույեն կարող է դառնալ շրջադարձային, գուցե՝ ճշմարտության պահ, որը նոր փուլեր կբացի բանակցությունների համար»,- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ռամբույեում սպասվող հանդիպմանն անդրադառնալով՝ հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Բայց ակնհայտ է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Ղարաբաղում քչերն են այդպիսի հույսեր փայփայում: Երեկ Ադրբեջանի «Ճգնաժամային իրավիճակների կովկասյան հետազոտական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում ասաց. «Լավատեսության համար որեւէ հիմք չկա»: Ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ադրբեջանցի քաղաքագետի այս հոռետեսությունն, ըստ նրա, հիմնավոր պատճառներ ունի: «Նախեւառաջ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում Ղարաբաղը իշխանության համար ընդամենը պայքարի գործիք է: Երկրորդ՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները հավասարապես ամեն ինչ անում են, որպեսզի հակամարտությունը չկարգավորվի: Իշխանությունների վարած պաշտոնական քաղաքականությունը ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս երկրում ուղղված է կասեցնելու հակամարտող երկրների հասարակությունների, ժողովուրդների հաշտեցման ու այս հիմար հակամարտությունը լուծելու ցանկացած փորձ: Իսկ այն մարդկանց, ովքեր դա հասկանում են ու դեռ փորձում են ինչ-որ բան անել ժողովուրդներին այս անդունդից դուրս բերելու համար, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները հավասարապես խանգարում են»,- համոզված էր Զ. Ալիզադեն: Նրա կարծիքով, միջազգային ներկա իրավիճակում եւ ուժերի հարաբերակցության պայմաններում բանակցություններից դրական արդյունքներ չի կարելի սպասել: «Դա տարրական բան է: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղը պետք է լինի կամ՝ անկախ, կամ՝ «միացում», Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ որեւէ ուղղահայաց կապի մասին խոսք լինել չի կարող: Ստեփանակերտը գտնվում է Ռուսաստանի ուղղակի վերահսկողության տակ, ի դեպ, ինչպես մեծ չափով նաեւ Հայաստանն է: Ադրբեջանի դիրքորոշումը միանգամայն հակառակն է՝ տարածքային ամբողջականություն, Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է: Այս իրավիճակում ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը: Փոխզիջումներ հնարավոր են, եթե բանակցությունների առանցքում դրվեն Մարդու իրավունքների, եվրոպական արժեքների, ինտեգրման հարցերը՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում եւ Ադրբեջանում: Բայց դրա համար պետք է դադարել լինել վայրենի ասիացիներ եւ դառնալ քաղաքակիրթ եվրոպացիներ: Իսկ սեփական ժողովրդի շահերը գիտակցող մարդիկ դառնալու եւ այդ շահերին համապատասխան քաղաքականություն վարելու համար պետք է լինել իսկապես անկախ ու քաղաքակիրթ, կախված չլինել արտաքին տերերից, որոնք կարող են մի կոճակ սեղմելով թելադրել Հայաստանին ու Ադրբեջանին՝ ինչ անել: Ցավոք, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում միայն շատախոսում են քաղաքակիրթ լինելու մասին»,- ասում է քաղաքագետը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք պրն Ալիզադեն կարծում է, որ եթե չլինեն երրորդ ուժերը, Հայաստանն ու Ադրբեջանը, մեր ժողովուրդները կկարողանան գտնել հակամարտության լուծման բանալին, պարոն Ալիզադեն ասաց. «Ես միանգամայն համոզված եմ, որ եթե երրորդ երկրների միջամտությունն ու խանգարող դերը չլինեին, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները հենց իրենք իրենց երկրներում տեղը կդնեին այն շրջանակներին, որոնք հակամարտությունից քաղաքական ու տնտեսական շահ են ստանում, եւ կհաշտվեին՝ գտնելով երկու ժողովուրդների համար էլ պատվաբեր լուծում, ու վստահ քայլերով առաջ կգնային»: Ամեն անգամ երկու երկրների նախագահների հանդիպումներից առաջ, երբ առավել եւս հակամարտության լուծման անգամ աղոտ նշույլներ են երեւում, կամ երբ համանախագահներն են սկսում ճնշումներ գործադրել, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում հայտնվում են քաղաքական ու հասարակական կազմակերպություններ, որոնք ըմբոստանում են՝ «ոչ մի թիզ հող թշնամուն»: Օրինակ՝ Ադրբեջանում «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը»: Արդյոք դիմադրության այդ շարժումը ինքնաբո՞ւխ է, թե՞ երկու երկրների իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ: «Ե՛վ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի դեպքում ծայրահեղ ազգայնական, արմատական, մարիոնետային բոլոր կազմակերպությունները կապված են հատուկ ծառայությունների հետ: Դա մի ամբողջ ցանց է, միջազգային ցանց, որը թույլ չի տալիս մեր ժողովուրդներին լուծել հակամարտությունը: Ձեր նշած կազմակերպությունը բացարձակապես որեւէ հեղինակություն չունի Ադրբեջանի հասարակության շրջանում: Ուրիշ նմանատիպ կազմակերպության օրինակներ դուք չեք կարող բերել: Դա Ադրբեջանում միակն է: Եթե հիմա որեւէ մեկը Ադրբեջանում կանգնի ու գոռա՝ գնանք, կռվենք Ղարաբաղի համար, նրան գժի տեղ կդնեն: Հիմար կանվանեն նաեւ նրան, ով կասի՝ եկեք Ղարաբաղը տանք հայերին ու խնդիրը լուծենք: Ես կարծում եմ, որ իրավիճակը նույնն է նաեւ Հայաստանում: Ղարաբաղը այն օղակն է, որը սերտորեն կապում է մեր երկու ժողովուրդներին եւ թույլ է տալիս հարցին ռացիոնալ մոտեցում ցուցաբերելու դեպքում գտնել ընդհանուր լուծումներ, իսկ համաշխարհային պրակտիկան նման հաջող լուծումների օրինակներ տալիս է: Իսկ մենք ասում ենք՝ ադրբեջանցիները ֆիններ չեն, հայերն էլ շվեդներ չեն: Ինչո՞վ ենք պակաս: Եկեք գոնե քաղաքականության մեջ մեր քաղաքակրթությամբ նմանվենք ֆիններին ու շվեդներին: Ի՞նչ ենք կառչել մեր «ազգային մենթալիտետներից», որոնք մեզ հետամնացության սյունին են գամում»,- հորդորեց ադրբեջանցի քաղաքագետը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել