ԿՈԱԼԻՑԻԱՆ ՍՏԻՊՎԱԾ Է ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵԼ Մինչեւ եկող շաբաթվա կեսը կապրենք առանց օմբուդսմենի Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը երեկ չկայացավ, քանի որ ընդդիմությունը հերթական անակնկալը մատուցեց կոալիցիային՝ առաջարկելով մի նոր թեկնածուի: Այս անգամ նախաձեռնության հեղինակը «Արդարություն» խմբակցությունն էր, որն էլ առաջարկեց ՍԻՄ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Հրանտ Խաչատրյանի թեկնածությունը: Այսպիսով, կոալիցիայի թեկնածու Արմեն Հարությունյանը դարձյալ զրկվեց միայնակ առաջադրվելու եւ ընտրվելու հնարավորությունից: Այս իրավիճակը կոալիցիայի անդամները համարեցին կառուցողական եւ գնահատեցին որպես նոր սահմանադրության ընձեռած ժողովրդավարական առաջին ծիծեռնակ, սակայն ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ կոալիցիայի անդամները այս կարգի հայտարարություններ անում էին ստիպված, քանի որ դեպքերի այսպիսի շրջադարձ չէին ակնկալում: Ստեղծված իրավիճակից ոգեւորվել էին ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավոր» խումբը, քանի որ առիթ ունեցան հերթական անգամ կոալիցիային քննադատելու: Եթե դեռ նախորդ օրը Արմեն Հարությունյանի օգտին անմիջապես հավաքվել էր 40 ստորագրություն՝ թեկնածության առաջադրման համար, ապա երեկվա ընթացքում ընդդիմադիր խմբակցություններին օգնության հասան նույն ՄԱԿ-ը, «Ժողպատգամավոր»-ը, ինչպես նաեւ անկախ պատգամավորները, եւ Հրանտ Խաչատրյանի օգտին հավաքվեց 28 ստորագրություն: ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը կարծես այնքան էլ չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում, քանի որ տարբեր առիթներով միջանցքում մի քանի անգամ հարցրեց. «Էս տղին մենք երեկ չընտրեցի՞նք»: Խոսքը Արմեն Հարությունյանի մասին էր: Անթաքույց հիասթափության գրվեց հատուկ կոճակ սեղմելու նպատակով Ծաղկաձորից հրավիրված Լեւոն Սարգսյանի դեմքին: Երբ պարզ դարձավ, որ հնարավոր չի լինելու քվեարկությունը կազմակերպել հենց վաղը, նա եւ իր նման մի քանի տասնյակ պատգամավորներ անմիջապես հեռացան, եւ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին լսեց խորհրդարանի կիսադատարկ դահլիճը: Հրանտ Խաչատրյանին հարցեր տալու համար հերթագրված տասը պատգամավորից ինը ՀՀԿ խմբակցությունից էր, եւ այս փաստը նույնիսկ լրագրողների մեջ զարմանք առաջացրեց, եւ կատակներ հնչեցին, թե ստեղծված անսպասելի իրավիճակում կոալիցիան չի կարողանում կողմնորոշվել՝ ինչպես իրեն պահի, ժամանակ է շահում, եւ սպասում է «պապայի» հրահանգին՝ մինչեւ որ Փարիզ-Երեւան ինքնաթիռը վայրէջք կատարի: Հրանտ Խաչատրյանը, որ գարնանային քառօրյայի հենց առաջին օրերից իրեն բավականին ջղային եւ հարձակողական էր դրսեւորել, երեկ իր նոր դերում փորձում էր այլ կերպարով ներկայանալ: Նախ ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում ինքը նեղացրել է գործով կամ խոսքով, հետո էլ խոստացավ, որ մինչեւ քվեարկությունը ինքը չի վիրավորի ոչ մեկին: Հիշեցնենք, որ հենց Հրանտ Խաչատրյանն էր երկու օր առաջ հորդորում, որ կոալիցիան չփչացնի Արմեն Հարությունյանին. հիմա ստացվում է՝ առաջադրելով իրե՞ն են փչացնում: Այս հարցը հնչեցրեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Կոալիցիայի թեկնածու Արմեն Հարությունյանը այս անգամ այլ տակտիկա էր որդեգրել. նա արդեն իրեն նախորդ օրերի պես հեզ ու խոնարհ չէր պահում եւ շարունակ բավականին խրատական տոնով ակնարկում էր, որ նաեւ իր թեթեւ ձեռքով փոխված սահմանադրությունը շատ-շատ լավն է, քանի որ իրենք դրա մեջ գրել են, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընտրվի ոչ թե պատգամավորների կեսից ավելիի ձայներով, այլ 3/5-րդի ձայներով, իսկ սա նշանակում է ստանալ շատ ավելին: Խորհրդարանը երեկ չհասցրեց ամբողջացնել իր աշխատանքները, եւ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը մնաց կիսատ: Դեռեւս արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշում խորհրդարանը չի կայացրել, իսկ դրա համար հարկավոր է հավաքել 44 ստորագրություն էլ: Ըստ ամենայնի, եկող երեքշաբթի այդ նիստը տեղի կունենա, եւ խորհրդարանը կրկին կփորձի ընտրել մարդու իրավունքների պաշտպանի: Երեկ պատգամավորներից մեկը հիշեցրեց ռուսական մի առած. «Աստված երրորդություն է սիրում»,- եւ չբացառեց, որ օմբուդսմեն կընտրվի երրորդ փորձից հետո: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ