Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՎԹԵԼ Է ԳԱԱ-Ն»

Փետրվար 10,2006 00:00

Այս
համոզմանն է ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը
Դեռեւս կես տարի առաջ ակադեմիկոս Ներսիսյանը նամակով դիմել է հակակոռուպցիոն
ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողով՝ քննարկել այն բոլոր չարաշահումները,
խախտումները, որ իրականացնում է ԳԱԱ նախագահությունը՝ Ֆադեյ Սարգսյանի նախագահությամբ:
Նամակը հանձնաժողովն ուղարկել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն: Եվ միայն
դեկտեմբերին այստեղից մի աբսուրդ պատասխան է եկել ակադեմիկոսին: «Այս նամակը ծաղր
է՝ հայտնում են մի բան, որ իրենցից լավ գիտեմ. հիմնարար գրադարանի ծախսերի եւ հատկացումների
մասին, «Բժշկական գենետիկայի կենտրոնին» հատկացված գումարների մասին եւ այլն»: Իսկ
Ա. Ներսիսյանի նշած օրեցօր ծաղկող կոռուպցիոն երեւույթների մասին այդպես էլ ոչ մի
արձագանք ոչ մի տեղից չի եկել: Իսկ ակադեմիկոսը ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,
որոնք վկայում են չարաշահումների, փողերի լվացման նշանների մասին: Հիշյալ կենտրոնի
աշխատակիցներից ամեն մեկին, օրինակ, ըստ Ա. Ներսիսյանի, ԳԱԱ նախագահը հատկացնում
է 4-5 անգամ ավելի գումար, քան մյուս ինստիտուտներին: Այն դեպքում, երբ այս ախտորոշման
կենտրոնը վճարովի ծառայություններ է մատուցում, ստացել է հսկայական գումարներ սփյուռքից:
Այն գործում է նաեւ առողջապահության նախարարության ենթակայությամբ, սակայն վերջինից
ոչ մի լումա չի ստանում, այլ օգտագործում է ԳԱԱ գիտնականների փողերը: Որովհետեւ կենտրոնի
տնօրենը՝ Թամարա Սարգսյանը, Ֆադեյ Սարգսյանի դուստրն է: Համեմատելով 2000-2004
թթ. բյուջեից ԳԱԱ-ին հատկացվող գումարների ծավալները, տեսնում ենք, որ 2004-ին կտրուկ
աճել է «այլ ծախսերի» սանդղակը՝ 970 հազարից հասնելով 1 մլրդ 260 հազար դրամի: Իսկ
դրա մեջ հիմնականում մտնում են շինարարական աշխատանքները, որոնք մշտապես իրականացվում
են «Ակունքշին» կազմակերպության կողմից, օրենքը խախատելով՝ առանց մրցույթ հայտարարելու,
ըստ պրն Ներսիսյանի՝ «թանկ եւ անորակ ձեւով»: Որոշ ինստիտուտներում էլ անիմաստ մի
քանի տասնյակ միլիոն է ծախսվել գազային ջեռուցման համակարգի վրա: Օրինակ, մոլեկուլյար
կենսաբանության եւ կենսաքիմիայի ինստիտուտներում անցկացվել է գազային ջեռուցման համակարգ,
սակայն հիմա չի գործում, որովհետեւ շենքերի չնչին մասն է միայն օգտագործվում, իսկ
հսկայական շենքերն անիմաստ տաքացնելու համար գումարներ չկան: Արդյո՞ք դա դժվար
էր կանխատեսել: Ակադեմիկոսը բերում է համեմատության մեկ այլ օրինակ: «ԳԱԱ նախագահության
բյուջեն 131 միլիոն դրամ է՝ 130 հոգու համար: Իսկ, օրինակ, գիտահետազոտական ինստիտուտը
130 հոգով ստանում է 35-40 միլիոն: Այսինքն՝ բյուջեի զգալի մասը ծախսվում է նախագահության
ձեռքով: Բացի այդ, շուրջ 1 մլն դոլար բյուջեից դուրս, լրացուցիչ ամեն տարի Անդրանիկ
Մարգարյանը տալիս է ԳԱԱ նախագահին՝ շինարարական ինչ-որ ծախսերի համար: Սակայն եթե
ակադեմիան գիտնականների համար լիներ, ապա առանց լրացուցիչ փողերի, բյուջեի փողերով
կրկնակի աշխատավարձ կարելի է տալ, կրկնակի կարելի է ծախսել սարքավորումների վրա:
Պաշտոնապես դիմել եմ «այլ ծախսերը» բացելու համար, չեն տալիս (նախագահությունում
– Հ. Բ.), ասում են՝ գնացեք, ինստիտուտներից հարցրեք: Ակադեմիայի գործունեությունն
ամբողջովին անօրինական է՝ սկսած նախագահի ընտրություններից»: Ա. Ներսիսյանին դեռեւս
չեն տրամադրել նաեւ 2005 թ. հաշվետվությունը, ինչն առաջիկայում ԳԱԱ-ն պարտավոր է
հրապարակել իր տարեկան ժողովում: Ինչ վերաբերում է թղթակից-անդամների եւ ակադեմիկոսների
ընտրություններին, ապա վերջին 6 տարում ընտրություններ չեն եղել, ինչը ԳԱԱ կանոնադրության
կոպիտ խախտում է. առնվազն 3 տարին մեկ նման ընտրություններ պետք է կազմակերպվեն:
Այսինքն՝ այսօր տեղ չի տրվում ոչ միայն երիտասարդ գիտնականներին, այլեւ ակադեմիան
առաջխաղացման տեղ չի թողնում նաեւ ավագ սերնդին: «Ամենածանրակշիռ որոշումներն այստեղ
ընդունվում են անօրինական ձեւով՝ առանց հաշվի առնելու ընդհանուր ժողովի եւ նախագահության
անդամների կարծիքը, ինչն ամրագրված է կանոնադրությամբ: ԳԱԱ նախագահը ստեղծել է մի
լրացուցիչ մարմին՝ իր սրտին մոտ պոլիտբյուրոյի նման: Այն անօրինական ձեւով ընդունում
է շատ հիմնական որոշումներ, որոնց մասին գաղափար անգամ չունեն նախագահության եւ ընդհանուր
ժողովի անդամները»: Անրի Ներսիսյանը նույնիսկ պարզել է, որ նախագահությունն
ունի նաեւ տարադրամային հաշիվ, որոնց վրա հավանաբար նստում են ԳԱԱ շենքերի վաճառքի
գումարները: Օրինակ, վերջերս մոտ 300 հազար դոլարով, առանց աճուրդ հայտարարելու,
վաճառվել է Սարյան փողոցում գտնվող ԳԱԱ շենքը, որ պետք է ծառայի իբրեւ առանձնատուն:
Վաճառվել են Չարենցի փողոցում գտնվող նմանատիպ մի կառույց, ԳԱԱ-ին պատկանող Ծաղկաձորի
ճամբարը, Սեւանում ձկնաբանության ինստիտուտի նորակառույց շենքը (ինստիտուտը տեղափոխվել
է Երեւան): «ԳԱԱ նախագահի սիստեմը կողոպտում է շուրջ 4000 աշխատակցի, 2.3
հազար գիտական աշխատողների, հանրապետության ամենաբարձր որակավորման մարդկանց: Ես
իմ ձեռքի տակ ունեցած պաշտոնական փաստաթղթերը կարող եմ տալ բոլոր նրանց՝ ում կհետաքրքրի»:
Ինքը՝ ակադեմիկոսը, չի դիմում իրավապահ մարմիններին, որովհետեւ վստահ չէ, որ հարցը
օբյեկտիվ լուծում կստանա. «Նա այնպիսի կապեր ունի՜: Դատախազությունն ինքը պետք է
հետաքրքրվեր այս ամենով, հրապարակումներով, որ մինչ օրս եղել են»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել