Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգյանը

Փետրվար 09,2006 00:00

Գեւորգյանը խոստացավ բաց աշխատել Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը մշակույթի նորանշանակ նախարար Գեւորգ Գեւորգյանին ներկայացրեց այդ գերատեսչության աշխատակազմին: Լրագրողները նույնիսկ այս առիթով կատակեցին. «Նախորդ երկու նախարարներին էլ դուք ներկայացրիք, տեսա՞ք՝ ինչ եղավ»: Պրն Աբրահամյանը հույս հայտնեց, որ Գեւորգ Գեւորգյանը «կփորձի վերացնել բոլոր այն ասեկոսեներն ու հերյուրանքները, որ պտտվում են նախարարության շուրջ» եւ նախարարությունում, ուր կարող ուժեր կան՝ հեղափոխություն չի անի: Պրն Գեւորգյանն էլ նշեց, որ պատրաստ է կոլեկտիվի հետ միասին հաղթահարել մշակութային կյանքում առկա բոլոր դժվարությունները՝ անպայման օգտագործելով մշակութային գործիչների մեծ բանակի ներուժը: Ավելին՝ նա հայտարարեց. «Ես բոլորովին էլ այն կարծիքին չեմ, թե մշակույթի բնագավառը շատ վատ վիճակում է»: Նորանշանակ նախարարն ասաց, որ թեեւ արվեստի մարդ չէ (պոլիտեխնիկական կրթություն ունի- Գ. Հ.), սակայն ոլորտին քաջատեղյակ է, քանի որ ողջ կյանքում աշխատել է արվեստագետների հետ: Պրն Գեւորգյանը խոստացավ, որ կաշխատի թափանցիկ ու բաց, իսկ լրագրողներն իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն ստանալու հարցում խնդիրներ չեն ունենա, մի բան, որ համարյա անհնար էր նախորդ երկու նախարարների օրոք: Պաշտոնավարման 100 օրը լրանալուն էլ սպասելու հարկ չի լինի. Գեւորգ Գեւորգյանը պատրաստվում է մի քանի օրից ասուլիս հրավիրել՝ ներկայացնելու համար իր ծրագրերն ու անելիքները: Լրագրողներին բնականաբար հետաքրքրում էր՝ չի՞ ափսոսում «Հայֆիլմից» հեռանալու համար: Պարզվեց՝ կինոստուդիայի նախկին տնօրենը շատ է ափսոսում: Նախ նրա համար, որ «Հայֆիլմ» կինոստուդիան հոգեհարազատ էր իրեն՝ 14 տարի ղեկավարել է, երկրորդ՝ այնտեղ բարձր էր վաստակում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. «Առավոտը» օրերս Գեւորգ Գեւորգյանից հետաքրքրվել էր՝ արդյոք մշակույթի նախարարի պորտֆելը իրեն բաժին է ընկել ՕԵԿ անդամ դառնալու գնո՞վ։ «Ոչ, ես անկուսակցական եմ, նման առաջարկ կամ պարտադրանք ինձ չի եղել»,- պատասխանել էր պրն Գեւորգյանը։ Երեկ էլ լրագրողները նույն հարցը հնչեցրին: «Ես անկուսակցական եմ, բայց չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրը իմ հայացքները փոխվեն ու դառնամ որեւէ կուսակցության անդամ, բայց այսօր նման հարց չկա»,- ասաց մշակույթի նորանշանակ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել