Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ

Փետրվար 09,2006 00:00

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՓՐԿՈՒՄ «Լիբանանյան առյուծ» «ՎիվաՍելլը» բաժանորդների սպասելիքները չի արդարացնում Անցյալ տարի հուլիսի 1-ից Հայաստան մուտք գործեց բջջային կապի երկրորդ օպերատորը՝ «ՎիվաՍելլը»: Սկզբնական շրջանում ընկերությունը մատուցած ծառայությունների որակով մրցակցին («ԱրմենՏելին») ետեւում էր թողնում: Սակայն օրեցօր այդ որակը նկատելիորեն իջավ: Որակն ավելի է վատացել հատկապես հունվարի 1-ից: Այդ ժամանակ տոնական օրերի ծանրաբեռնվածության հետ կապված վատ որակ էր ապահովում նաեւ մրցակցի՝ «ԱրմենՏելի» բջջային կապը: Բայց տոները ավարտվելուց հետո էլ «ՎիվաՍելլն» իրեն չարդարացրեց. ցանցն անընդհատ կտրատվում է, հեռախոսի վրա «ՎիվաՍելլի» փոխարեն գրում է միայն «SOS», հաղորդագրությունները հնարավոր չի լինում ուղարկել: Երբեմն այնպիսի տպավորություն է լինում, թե «sms»-ները պարզապես ճանապարհին են մնում ու խցանվում, որովհետեւ, երբ հաջողվում է ցանցը պահի տակ որսալ ու վայրկյանների ընթացքում հաղորդագրություն ուղարկել, այն իր հետ տեղ է հասցնում նաեւ նախկին ուղարկածները, բայց դրանք արդեն այնքան ժամանակավրեպ են լինում, որ հասցեատիրոջը ոչինչ չեն ասում: «ԱրմենՏելի» դեպքում «անհասանելի» վիճակ ստեղծվում է միայն «պիկ» ժամերին՝ երեկոյան 7-ից մինչեւ 23-ը, բայց «ՎիվաՍելլի» «ալո» քարտով երբեմն հնարավոր չի լինում զանգել նույնիսկ գիշերվա 3-ին: Մինչդեռ 2005-ի հունիսի վերջին՝ «ՎիվաՍելլի» «եթեր» դուրս գալու նախօրեին, հրավիրած ընդունելության ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց, որ «մենք կբավարարենք մեր հաճախորդների սպասումներն այնպես, ինչպես մեզ հաջողվել է այդ անել այլ երկրներում, մենք խոստանում ենք մատուցել համաշխարհային չափանիշներով որակ եւ ծառայություններ»: Բացի այդ, տնօրենների խորհրդի անդամ Հուսսեին Ռիֆաին հայտնել էր, որ կոմերցիոն մեկնարկից (հուլիսի 1-ից) 1 ամիս անց իրենց բաժանորդները կարող են օգտվել ռոումինգ ծառայությունից, իսկ մոտ ապագայում՝ «GPRS»-ից, որը հնարավորություն է տալիս հեռախոսից միանալ ինտերնետին: Սակայն ընկերությունը ռոումինգ ծառայություն սկսեց մատուցել ընդամենը նոյեմբերից, իսկ մյուս ծառայության մասին առայժմ խոսք չկա: Փարաջանովի տուն-թանգարանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ պարոն Յիրիկյանը, հավանաբար, մրցակցին իր «շեֆերով» վախեցնելու նպատակով, այսպիսի համեմատություն արեց. «Մեր տնօրենների խորհրդի նախագահը՝ Պիեր Ֆաթուշը լիբանանյան առյուծ է: Ընդհանրապես Լիբանանը առյուծների երկիր է: Քանի որ իրենց հետ այսուհետեւ կբարեկամանաք՝ հարկ է իմանաք անոր իսկական էությունը. ինքը առյուծների հետ աշխատում ա, մնացածը պատկերացրեք ինքներդ»: Բացի այն, որ ընկերությունը ոչ մի «առյուծություն» չարեց, նույնիսկ սակագների առումով Հայաստանի բաժանորդների համար առանձնապես զիջումների չգնաց: Ավելին՝ «ՎիվաՍելլը» սակագների առումով նույնիսկ «ջոկողություն» է դնում, թե զանգից առաջ որ կոդն ես հավաքում՝ «091», թե «093». «ՎիվաՍելլից» «ՎիվաՍելլ» կանխավճարային «ալո» քարտով կատարած 1 րոպեանոց զանգի արժեքը 90 դրամ է, իսկ եթե «ԱրմենՏելի» բաժանորդներին ես զանգում՝ 110 դրամ: Մինչդեռ բջջայինի առաջին օպերատորը նման տարանջատում չի դնում՝ գանձելով միայն 90 դրամ: Բացի այդ, ըստ «ՎիվաՍելլի» պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության, բջջայինի րոպեավարձը 10 դրամ իջնում է «ոչ պիկ» ժամերին. սա այնքան էլ մեծ զոհողություն չէ ընկերության կողմից՝ հաշվի առնելով, որ «ՎիվաՍելլի» համար առավոտյան ժամը 7-ից մինչեւ ժամը 23-ը «պիկ» է: Առ այսօր «ՎիվաՍելլի» իրական հաջողությունները միայն տարբեր մարզերում բջջային կապի ծածկույթ ապահովելն է եղել, իսկ միջազգային չափանիշներին համապատասխան որակի մասին խոսելն անգամ ավելորդ է: Թե ինչի՞ հետ է կապված որակի օրեցօր վատթարացումը՝ ընկերության լրատվականից չկարողացան պատասխանել. «Նման հարցերը կարող է պարզաբանել միայն գլխավոր տնօրենը, մենք իրավասու չենք որեւէ բան ասել, համենայնդեպս, կարծում ենք՝ վիճակն այնքան էլ վատ չէ, որքան նկարագրում եք, միգուցե եղանակների հետ է կապված»: Ռալֆ Յիրիկյանի հետ մեզ չհաջողվեց խոսել, իսկ բաժանորդային բաժնից խորհուրդ տվեցին գնալ ընկերության կենտրոնական գրասենյակ ու դիմել բողոքարկման բաժին: Սակայն այդ բաժնում իմ բողոքները լսելուն պես աշխատակիցները մեղքը բարդեցին հեռախոսի մոդելի վրա՝ փորձելով համոզել, որ «sony ericson»-ի դեպքում նման բաներ լինում են: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել