Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՍՏԱՑՎԵՑ

Փետրվար 09,2006 00:00

ՉՍՏԱՑՎԵՑ ԵՐԵԿ, ԿՍՏԱՑՎԻ ԱՅՍՕՐ Կոալիցիայի թեկնածուն դարձյալ Արմեն Հարությունյանն է: Այս անգամ նա մրցակից չի ունենա: Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ, իսկ ըստ որոշ պնդումների՝ չուզեց անցկացնել մարդու իրավունքների Ռոբերտ Քոչարյանի թեկնածուին՝ Արմեն Հարությունյանին: Վերջինս մինչ ընտրությունները թերեւս չէր էլ կասկածում, որ ընտրվելու է, հաշվիչ հանձնաժողովի ԱԺ դահլիճ մտնելուն պես հեռացավ դահլիճից՝ արդեն հասկանալով, որ իրեն պարզապես դավաճանել են: Իսկ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը հրապարակեց հետեւյալ տվյալները. «Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, բացելով քվեատուփը՝ արձանագրվել է 107 քվեաթերթիկ, որից 13-ը ճանաչվել է անվավեր: Ռուբեն Թորոսյանը ստացել է 25 «կողմ» ձայն, 69 «դեմ» ձայն, Արմեն Հարությունյանը ստացել է 69 «կողմ» ձայն, 25 «դեմ» ձայն»: Իսկ ընտրվելու համար հարկավոր էր ստանալ խորհրդարանի 3/5-րդի ձայները, այսինքն՝ 79 «կողմ» ձայն: Այս տեղեկությունը, իհարկե, խորհրդարանը արցունքներով չընդունեց, բայց խուլ իրարանցում սկսվեց, որին արձագանքելով՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ժողովրդավարական գործընթացներին պետք է սովորել, երբեմն չեն ընտրվում»: Կոալիցիայի անդամները անմիջապես առանձնացան Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակում եւ փորձում էին իրենց ճիշտն ու սխալը գտնել, նաեւ պարզել 13 անվավեր թերթիկների տերերին՝ թերեւս հետագայում հաշիվ պահանջելու համար: Ըստ մեծամասնության անդամների, նախորդ օրը շուրջ 90 հոգուց «ազնիվ պիոներական խոսք» էին պոկել, որ ընտրելու են Արմեն Հարությունյանին: Ըստ որոշ պնդումների էլ, Արմեն Հարությունյանի չընտրվելու պատճառը շատ ավելի պրոզայիկ է. ոմանց դուր չէր եկել, երբ երեկ թեկնածուն առաջարկել էր իրեն ձայն չտան բոլոր նրանք, ովքեր սպասում են, թե նա կամակատար է լինելու: Պատգամավորներն էլ ձայն չտվեցին, քանի որ կամակատար էին ուզում: Այս իրավիճակը հերթական առիթն էր ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավորի» համար խոսելու այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը չի կարողանում հարցեր լուծել: Գուրգեն Արսենյանը հայտարարեց. «Այն քաղաքական ուժերը, որոնք հռչակել էին, որ պետք է պաշտպանեն Արմեն Հարությունյանի թեկնածությունը, հիմա թող ասեն՝ թե ո՞նց է .լինում, որ չեն կարողանում իրականացնել խոստումը»: Նույնն էր ասում նաեւ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանը: Թեպետ նույն խմբից մյուս Հակոբ Հակոբյանը (Էջմիածին) չթաքցրեց. «Ես դեմ եմ քվեարկել երկուսին էլ եւ ասել եմ, որ նրանք իրենք պաշտպանության կարիք ունեն եւ չեն կարող պաշտպանել մարդու իրավունքները: Ես սպասում էի, որ կոալիցիան չի կարող անցկացնել իր թեկնածուին»: Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ այս իրավիճակը խոսում է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասության մասին «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը բացասաբար պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդպես կարող է լինել, որովհետեւ Արմեն Հարությունյանը հիմնականում ՀՀԿ-ի եւ կոալիցիայի թեկնածուն էր»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի համար եւս կատարվածը անսպասելի չէր. «Քանի որ քննարկումների երկու օրը ցույց տվեց, որ ԱԺ-ում չկա համաձայնության մթնոլորտ: Այս քննարկումները ցույց տվեցին, որ ԱԺ-ում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, եւ ես այն կարծիքին եմ, որ կոալիցիան չկարողացավ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ որոշակի համաձայնության գալ, տեղի ունեցավ շահերի հակադրում, եւ արդյունքը պետք է լիներ այսպիսին: Եթե կոալիցիան շարունակի աշխատել «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, կստացվի նման արդյունք»: «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտնեց մեզ, որ իրենց խմբակցությունը որոշել էր կրկին առաջադրել Ռուբեն Թորոսյանի թեկնածությունը: Սակայն մեզ հետ հեռախոսազրույցում Ռուբեն Թորոսյանը այս մասին ասաց. «Շնորհակալ եմ «ԱՄ» կուսակցությանը ինձ առաջադրելու համար, սակայն պետք է հրաժարվեմ, քանի որ գտնում եմ, որ իմ տեսակը խորհրդարանական այս մեծամասնության կողմից պահանջարկ չունի»: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ կատարվածը իր համար շատ անսպասելի էր, եւ չբացառեց, որ կոալիցիան կրկին կառաջադրի Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Հարցին՝ գուցե Արմեն Հարությունյանը նեղացե՞լ է եւ այլեւս չի՞ համաձայնի, Արթուր Բաղդասարյանը ասաց, որ նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ: Գալուստ Սահակյանին հարցրինք, թե ինչո՞ւ կոալիցիան չկարողացավ անցկացնել իր թեկնածուին. «Որովհետեւ քվեարկությունը փակ-գաղտնի է»,- եղավ պատասխանը: Նույն պատասխանը տվեց նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավարը, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին հարցրինք՝ արդյոք խնդի՞ր կար Արմեն Հարությունյանի համար նման տհաճ իրավիճակ ստեղծել։ «Չէ, նման խնդիր չկա, Արմեն Հարությունյանի վերաբերյալ եւ կոալիցիայի, եւ կոնկրետ մեր խմբակցության դիրքորոշումը իսկապես անկեղծ է, եւ գտնում ենք, որ նա, իմ կարծիքով, շարունակում է մնալ ամենահարմար թեկնածուն»,- պատասխանեց Լեւոն Մկրտչյանը: Հմայակ Հովհաննիսյանը այլ կարծիք ուներ. «Խորհրդարանի օդը համեմված էր փոխադարձ հայհոյանքներով, մեղադրանքներով, թունավոր արտահայտություններով, ուղղակի պառլամենտական էթիկայից դուրս տարբեր մակդիրներով, եւ արդեն դա ցույց էր տալիս, որ այս խորհրդարանը ի վիճակի չէ ընտրել օմբուդսմեն, որը պետք է աշխատի 6 տարի»: Ըստ մեր աղբյուրների, ստեղծված խուճուճ իրավիճակից անմիջապես հետո կոալիցիայի լիդերների հետ Ռոբերտ Քոչարյանը Շվեդիայից հեռախոսազրույց է ունեցել եւ բավականին խիստ տոնայնությամբ պարտադրել է վերջ տալ խաղերին եւ անցկացնել Արմենին: Երեկ երեկոյան կոալիցիայի խորհրդի նիստը որոշեց մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կրկին առաջադրել Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Կոալիցիայի խորհրդի նիստին ներկա է եղել նաեւ Արմեն Հարությունյանը եւ չի առարկել իր թեկնածության դեմ: Այսօր ամեն ինչ կսկսվի նորից: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել