Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգյանը խոստացավ բաց աշխատել

Փետրվար 09,2006 00:00

Երեկ
ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը մշակույթի նորանշանակ նախարար
Գեւորգ Գեւորգյանին ներկայացրեց այդ գերատեսչության աշխատակազմին: Լրագրողները
նույնիսկ այս առիթով կատակեցին. «Նախորդ երկու նախարարներին էլ դուք ներկայացրիք,
տեսա՞ք՝ ինչ եղավ»: Պրն Աբրահամյանը հույս հայտնեց, որ Գեւորգ Գեւորգյանը «կփորձի
վերացնել բոլոր այն ասեկոսեներն ու հերյուրանքները, որ պտտվում են նախարարության
շուրջ» եւ նախարարությունում, ուր կարող ուժեր կան՝ հեղափոխություն չի անի: Պրն
Գեւորգյանն էլ նշեց, որ պատրաստ է կոլեկտիվի հետ միասին հաղթահարել մշակութային կյանքում
առկա բոլոր դժվարությունները՝ անպայման օգտագործելով մշակութային գործիչների մեծ
բանակի ներուժը: Ավելին՝ նա հայտարարեց. «Ես բոլորովին էլ այն կարծիքին չեմ, թե մշակույթի
բնագավառը շատ վատ վիճակում է»: Նորանշանակ նախարարն ասաց, որ թեեւ արվեստի մարդ
չէ (պոլիտեխնիկական կրթություն ունի- Գ. Հ.), սակայն ոլորտին քաջատեղյակ է, քանի
որ ողջ կյանքում աշխատել է արվեստագետների հետ: Պրն Գեւորգյանը խոստացավ,
որ կաշխատի թափանցիկ ու բաց, իսկ լրագրողներն իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն
ստանալու հարցում խնդիրներ չեն ունենա, մի բան, որ համարյա անհնար էր նախորդ երկու
նախարարների օրոք: Պաշտոնավարման 100 օրը լրանալուն էլ սպասելու հարկ չի լինի. Գեւորգ
Գեւորգյանը պատրաստվում է մի քանի օրից ասուլիս հրավիրել՝ ներկայացնելու համար իր
ծրագրերն ու անելիքները: Լրագրողներին բնականաբար հետաքրքրում էր՝ չի՞ ափսոսում
«Հայֆիլմից» հեռանալու համար: Պարզվեց՝ կինոստուդիայի նախկին տնօրենը շատ է ափսոսում:
Նախ նրա համար, որ «Հայֆիլմ» կինոստուդիան հոգեհարազատ էր իրեն՝ 14 տարի ղեկավարել
է, երկրորդ՝ այնտեղ բարձր էր վաստակում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ.
Գ. «Առավոտը» օրերս Գեւորգ Գեւորգյանից հետաքրքրվել էր՝ արդյոք մշակույթի նախարարի
պորտֆելը իրեն բաժին է ընկել ՕԵԿ անդամ դառնալու գնո՞վ։ «Ոչ, ես անկուսակցական եմ,
նման առաջարկ կամ պարտադրանք ինձ չի եղել»,- պատասխանել էր պրն Գեւորգյանը։ Երեկ
էլ լրագրողները նույն հարցը հնչեցրին: «Ես անկուսակցական եմ, բայց չի բացառվում,
որ վաղը կամ մյուս օրը իմ հայացքները փոխվեն ու դառնամ որեւէ կուսակցության անդամ,
բայց այսօր նման հարց չկա»,- ասաց մշակույթի նորանշանակ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել