Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՉԲԵՐ ԼԻՆԻ»

Փետրվար 09,2006 00:00

Կոմունիստն
ու ռամկավարը չեն ուզում, որ իշխանությունը իշխանություն ծնի «Հայելի» ակումբում
երեկ կողք կողքի էին հայտնվել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ)
ղեկավար Յուրի Մանուկյանը եւ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Oրվա թեման էր՝
«Կուսակցություններ, գաղափարներ, ֆինանսներ»-ը, այլ կերպ ասած՝ օլիգարխների մուտքը
կուսակցական դաշտ: ՀՄԿԿ նախագահը նախեւառաջ ասաց, որ եթե չկա գաղափարախոսություն,
ապա կազմակերպությունը կուսակցություն կոչվելու իրավունք չունի: «Մեր կուսակցությունը
հենվում է մարքս-լենինյան գաղափարախոսության վրա, եւ մեր նպատակն է սոցիալիզմի վերադարձը
Հայաստան»,- հիշեցրեց Յու. Մանուկյանը: «Ինչո՞ւ խորհրդարանում չեք» հարցին կոմունիստը
խոստովանեց, որ լավ օրից չէ: Դրա պատճառը կուսակցության պառակտումն է եւ 70 տարիների
ընթացքում թույլ տրված սխալները, որոնց արդյունքում «քանդվեց հեքիաթային Խորհրդային
Միությունը»: Այժմ կուսակցությունն իրեն տեսնում է այդ սխալներն ու թարմացված նպատակները
ի լուր աշխարհի տարածող սուրհանդակի դերում: Կոմունիստը հիշատակեց նաեւ «ամենավտանգավոր»
տեսակի՝ կուսակցամոլների մասին, որոնք կուսակցություն են ստեղծում առանց գաղափարական
հենքի: Կուսակցամոլներն անձամբ, ըստ բանախոսի, վտանգավոր չեն հասարակության համար,
նրանց գործն է շատ վտանգավոր: Կուսակցամոլները բաժան-բաժան են անում հայ ժողովրդին,
եւ «մենք մեկմեկու նկատմամբ դառնում ենք ոչ բարեկամական»: Յու. Մանուկյանը նաեւ փոքր-ինչ
վիրավորված ասաց, որ իրենց միշտ մեղադրել են իշխանամետ կամ, լավագույն դեպքում, քոչարյանամետ
լինելու մեջ, «բայց իրականում մեզ համար գերխնդիրն ազգն է, պետականությունը»: Խոսքը
փոխանցվեց ՀՌԱԿ ատենապետ Հ. Առաքելյանին: Նա անդրադարձավ Հայաստանի քաղաքական դաշտում
տեղի ունեցող զարգացումներին՝ ընտրություններին, ընտրական հանձնաժողովներին, որոնք
պատուհաս են դարձել մեր ժողովրդի գլխին: «Արդեն ընտրություններն ընտանեկան բիզնես
են դարձել: Կապ չունի, թե ով է իշխանության բուրգին, ում համար են աշխատելու, եւ
տեսնում ենք, որ ընտրությունից ընտրություն տեղի է ունենում քաղաքական համակարգի
խեղաթյուրում: Նորմալ երկրում իշխանությունը ձեւավորում է ժողովուրդը: Մեզ մոտ իշխանությունն
է փորձում ծնել իշխանություն: Նորմալ երկրում իշխանությունը չբեր է»,- նշեց ատենապետը:
Նա չժխտեց, որ կուսակցության շինարարության համար ֆինանսներ են պետք, բայց պետք են
նաեւ նվիրյալներ, հոգի, միտք, գաղափար, որոնց բացակայության պարագայում «կուսակցությունը»
ուշ թե շուտ վերջանում է: Հ. Առաքելյանը օլիգարխների ակտիվությունը նորմալ
է համարում, քանի որ նրանք կարիք ունեն իրենց միլիոնները պահելու: «Բայց օլիգարխների
անձնական շահերի դիմաց մենք կորցնում ենք մեր ազգային շահը: Եթե ԱԺ-ում կարող է վճռորոշ
դերակատարություն ունենալ ֆինանսը, ապա աշխարհում կգտնվեն հզորներ ոչ բարեկամ երկրներից,
որոնք կֆինանսավորեն մեզ մոտ գործող կուսակցություններին: Ուստի չպետք է զարմանանք,
որ մի օր էլ Ազգային ժողովը կարող է ընդունել օտարանպաստ օրենք»: «Իսկ ինչպե՞ս անենք,
որ իշխանությունները չբեր լինեն» «Առավոտի» հարցին Հ. Առաքելյանն ասաց, որ ինքը չի
տիրապետում չբերության գաղտնիքներին, բայց հստակ գիտի, որ մեր երկրում մի շարք օրենքներ
չեն գործում, ինչն էլ գրեթե բացառում է «չբերության» գաղափարը: Է.
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել