Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՓՐԿՈՒՄ

Փետրվար 09,2006 00:00

«Լիբանանյան
առյուծ» «ՎիվաՍելլը» բաժանորդների սպասելիքները չի արդարացնում Անցյալ տարի
հուլիսի 1-ից Հայաստան մուտք գործեց բջջային կապի երկրորդ օպերատորը՝ «ՎիվաՍելլը»:
Սկզբնական շրջանում ընկերությունը մատուցած ծառայությունների որակով մրցակցին («ԱրմենՏելին»)
ետեւում էր թողնում: Սակայն օրեցօր այդ որակը նկատելիորեն իջավ: Որակն ավելի է վատացել
հատկապես հունվարի 1-ից: Այդ ժամանակ տոնական օրերի ծանրաբեռնվածության հետ կապված
վատ որակ էր ապահովում նաեւ մրցակցի՝ «ԱրմենՏելի» բջջային կապը: Բայց տոները ավարտվելուց
հետո էլ «ՎիվաՍելլն» իրեն չարդարացրեց. ցանցն անընդհատ կտրատվում է, հեռախոսի վրա
«ՎիվաՍելլի» փոխարեն գրում է միայն «SOS», հաղորդագրությունները հնարավոր չի լինում
ուղարկել: Երբեմն այնպիսի տպավորություն է լինում, թե «sms»-ները պարզապես ճանապարհին
են մնում ու խցանվում, որովհետեւ, երբ հաջողվում է ցանցը պահի տակ որսալ ու վայրկյանների
ընթացքում հաղորդագրություն ուղարկել, այն իր հետ տեղ է հասցնում նաեւ նախկին ուղարկածները,
բայց դրանք արդեն այնքան ժամանակավրեպ են լինում, որ հասցեատիրոջը ոչինչ չեն ասում:
«ԱրմենՏելի» դեպքում «անհասանելի» վիճակ ստեղծվում է միայն «պիկ» ժամերին՝ երեկոյան
7-ից մինչեւ 23-ը, բայց «ՎիվաՍելլի» «ալո» քարտով երբեմն հնարավոր չի լինում զանգել
նույնիսկ գիշերվա 3-ին: Մինչդեռ 2005-ի հունիսի վերջին՝ «ՎիվաՍելլի» «եթեր»
դուրս գալու նախօրեին, հրավիրած ընդունելության ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն
Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց, որ «մենք կբավարարենք մեր հաճախորդների սպասումներն այնպես,
ինչպես մեզ հաջողվել է այդ անել այլ երկրներում, մենք խոստանում ենք մատուցել համաշխարհային
չափանիշներով որակ եւ ծառայություններ»: Բացի այդ, տնօրենների խորհրդի անդամ Հուսսեին
Ռիֆաին հայտնել էր, որ կոմերցիոն մեկնարկից (հուլիսի 1-ից) 1 ամիս անց իրենց բաժանորդները
կարող են օգտվել ռոումինգ ծառայությունից, իսկ մոտ ապագայում՝ «GPRS»-ից, որը հնարավորություն
է տալիս հեռախոսից միանալ ինտերնետին: Սակայն ընկերությունը ռոումինգ ծառայություն
սկսեց մատուցել ընդամենը նոյեմբերից, իսկ մյուս ծառայության մասին առայժմ խոսք չկա:
Փարաջանովի տուն-թանգարանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ պարոն Յիրիկյանը,
հավանաբար, մրցակցին իր «շեֆերով» վախեցնելու նպատակով, այսպիսի համեմատություն արեց.
«Մեր տնօրենների խորհրդի նախագահը՝ Պիեր Ֆաթուշը լիբանանյան առյուծ է: Ընդհանրապես
Լիբանանը առյուծների երկիր է: Քանի որ իրենց հետ այսուհետեւ կբարեկամանաք՝ հարկ է
իմանաք անոր իսկական էությունը. ինքը առյուծների հետ աշխատում ա, մնացածը պատկերացրեք
ինքներդ»: Բացի այն, որ ընկերությունը ոչ մի «առյուծություն» չարեց, նույնիսկ սակագների
առումով Հայաստանի բաժանորդների համար առանձնապես զիջումների չգնաց: Ավելին՝ «ՎիվաՍելլը»
սակագների առումով նույնիսկ «ջոկողություն» է դնում, թե զանգից առաջ որ կոդն ես հավաքում՝
«091», թե «093». «ՎիվաՍելլից» «ՎիվաՍելլ» կանխավճարային «ալո» քարտով կատարած 1
րոպեանոց զանգի արժեքը 90 դրամ է, իսկ եթե «ԱրմենՏելի» բաժանորդներին ես զանգում՝
110 դրամ: Մինչդեռ բջջայինի առաջին օպերատորը նման տարանջատում չի դնում՝ գանձելով
միայն 90 դրամ: Բացի այդ, ըստ «ՎիվաՍելլի» պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության,
բջջայինի րոպեավարձը 10 դրամ իջնում է «ոչ պիկ» ժամերին. սա այնքան էլ մեծ զոհողություն
չէ ընկերության կողմից՝ հաշվի առնելով, որ «ՎիվաՍելլի» համար առավոտյան ժամը 7-ից
մինչեւ ժամը 23-ը «պիկ» է: Առ այսօր «ՎիվաՍելլի» իրական հաջողությունները միայն տարբեր
մարզերում բջջային կապի ծածկույթ ապահովելն է եղել, իսկ միջազգային չափանիշներին
համապատասխան որակի մասին խոսելն անգամ ավելորդ է: Թե ինչի՞ հետ է կապված որակի օրեցօր
վատթարացումը՝ ընկերության լրատվականից չկարողացան պատասխանել. «Նման հարցերը կարող
է պարզաբանել միայն գլխավոր տնօրենը, մենք իրավասու չենք որեւէ բան ասել, համենայնդեպս,
կարծում ենք՝ վիճակն այնքան էլ վատ չէ, որքան նկարագրում եք, միգուցե եղանակների
հետ է կապված»: Ռալֆ Յիրիկյանի հետ մեզ չհաջողվեց խոսել, իսկ բաժանորդային բաժնից
խորհուրդ տվեցին գնալ ընկերության կենտրոնական գրասենյակ ու դիմել բողոքարկման բաժին:
Սակայն այդ բաժնում իմ բողոքները լսելուն պես աշխատակիցները մեղքը բարդեցին հեռախոսի
մոդելի վրա՝ փորձելով համոզել, որ «sony ericson»-ի դեպքում նման բաներ լինում են:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել