Արտախորհրդարանական ուժերը՝ օմբուդսմենի «չընտրության» մասին
Մարդու իրավունքների պաշտպանի երկու առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի չընտրվելու փաստը երեկ ՀՀ խորհրդարանում իսկական շփոթմունք էր առաջացրել: Մեզ հետ իրենց կարծիքը կիսած գործիչները, ի տարբերություն պատգամավորների, շփոթված չէին. նրանց մի մասը չարախնդում էր կոալիցիային, մյուս մասը մտահոգված էր:
ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը դժվարացավ «մեկնաբանել խորհրդարանականների վարքագիծը», բայցեւ հավելեց, թե դեպքերի նման զարգացումն իր համար անսպասելի չէր: «Ես համոզված էի, որ չէին ընտրվելու, որովհետեւ կարծում եմ՝ խորհրդարանում նրանց երկուսի ելույթներն էլ համոզիչ չէին, եւ կոալիցիան էլ դա հասկացավ: Ռուբեն Թորոսյանի թեկնածության առաջադրման շարժառիթը ոչ թե նրա նվիրվածությունն էր Մարդու իրավունքներին, այլ առաջիկա ընտրությունների շեմին քաղաքական հնարավոր դիվիդենտներ շահելն ու քաղաքական դաշտում իր կշիռը ամրապնդելը: Արմեն Հարությունյանն էլ հակառակը՝ հանդարտ էր, ու նրա մեջ սկզբունքային պաշտպանի տեսնել չէր կարելի: Չէր երեւում, որ նա պատրաստ է այնպիսի գլխացավանքի, ինչպիսին Մարդու իրավունքները պաշտպանելն է»,- իր տպավորությունները փոխանցեց պարոն Հարությունյանը:
Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե՝ ի վերջո, Ա. Հարությունյանի թեկնածությունն առաջադրել էր երկրի նախագահը, իսկ կոալիցիան, ըստ էության, տապալեց նրա ընտրությունը, Խ. Հարությունյանը ենթադրեց, որ որոշ հարցերում մենք գերագնահատում ենք Ռ. Քոչարյանի հանձնարարականների իմպերատիվ լինելու հանգամանքը: Ըստ նրա, «ԱԺ պատգամավորները քվեարկելիս մտածել են, որ իրենց քվեարկությամբ իրենք ոչ թե դեմ են գնում ՀՀ նախագահին, այլ քվեարկում են կոնկրետ մարդու դեմ»: Այդուհանդերձ, ՀՔԴՄ նախագահի ասելով, եղածի քաղաքական պատասխանատվությունը պետք է կրեն, բնականաբար, կոալիցիոն ուժերը:
Միանգամայն այլ կարծիք ուներ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Նրա համոզմամբ՝ «քանի որ քվեարկությունը փակ-գաղտնի էր, պատգամավորների մի մասն ուղղակի ընտրել է այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Նրանք պարզապես Ա. Հարությունյանի մեջ չեն տեսել այն անձին, որը կարող է զբաղեցնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ հակառակվելով վերեւից եղած հրահանգին»: Պարոն Զեյնալյանի համոզմամբ, այս նախադեպը հուշում է, որ մի օր խորհրդարանական կոալիցիան կարող է դուրս գալ Ռոբերտ Քոչարյանի վերահսկողությունից:
Արտախորհրդարանական եւս մեկ կուսակցության՝ «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանի համոզմամբ էլ՝ «անիմաստ է դրա տակ քաղաքական լուրջ ենթատեքստ փնտրել: Ենթադրում եմ, որ խորհրդարանում կատարվածը, կոպիտ ասած՝ բառադիության արդյունք է: Կոալիցիան մտածել է, որ իրենց դեմ խաղ չկա, իրենց թեկնածուն կանցնի, բայց մարդիկ առանձին-առանձին այլ որոշում են կայացրել: Ի վերջո, դրանով իրավիճակը ԱԺ-ում ամենեւին էլ դուրս չի եկել կոալիցիայի վերահսկողությունից, որովհետեւ կոալիցիան երբեք ԱԺ-ն չի վերահսկել, վերահսկել է Ռոբերտ Քոչարյանը, բայց ինչ-ինչ պատճառներով այս անգամ գործը գլուխ չի բերվել»:
Միանգամայն հակառակ կարծիք հայտնեց ԱԺ ընդդիմադիր ու անկախ պատգամավոր Սմբատ Այվազյանը, ով շարունակում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները. «Բառադիության արդյունք չէր՝ միանշանակ»: Նրա կանխատեսմամբ, խորհրդարանում տեղի ունեցածին հաջորդելու են «լուրջ քաղաքական խմորումներ հենց իշխանական թեւում»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ