Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են կնոջ ձվարանը

Փետրվար 08,2006 00:00

Գողացել են կնոջ ձվարանը Բայց դատախազությունը դա հանցագործություն չի համարում Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կեսարյան վիրահատությամբ եւ մեծ դժվարությամբ երկրորդ երեխան ունենալուց հետո Մ. Թեւոսյանը (կնոջ անունը, հասկանալի պատճառներով, չենք գրում) տեղեկացավ, որ իրենից բացակայում է ձվարանը եւ ձախակողմյան փողը: Որ այդ օրգաններն իր մոտ բացակայում էին, նա տեղեկացավ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ա. Սիրունյանից: Մ. Թեւոսյանը առաջին երեխան ծննդաբերել էր Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում՝ դարձյալ կեսարյան վիրահատությամբ: 1998-ից մինչեւ երկրորդ ծննդաբերությունը՝ 2005-ի հունվարի 19-ը, որեւէ այլ տեղ չի վիրահատվել: Հետեւաբար վստահ է տուժողը՝ առանց նրա գիտության եւ համաձայնության «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում հեռացվել են ներքին օրգանները: Մ. Թեւոսյանը դիմում է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել բժիշկների նկատմամբ: Գործը հանգրվանում է Շիրակի մարզի դատախազություն, որն անցյալ տարվա ապրիլի 29-ին մերժում է քրեական գործ հարուցելը՝ պատճառաբանելով, թե հանցակազմ չկա: Դատախազությունում բացատրություններ տված Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի բուժմասի տնօրեն Սարգիս Վարդանյանը, գինեկոլոգ Անտոնինա Դադայանը եւ նախկին մանկաբարձ-գինեկոլոգ Արմենուհի Ավետյանը հայտնել էին, թե «վիրահատության ընթացքում իրենց կողմից Մ. Թեւոսյանի որեւէ օրգան, այդ թվում՝ ձվարանը եւ ձախակողմյան փողը չի հեռացվել, դրա անհրաժեշտությունը չի եղել եւ այդ պատճառով չի ֆիքսվել հիվանդության պատմության նկարագրում»: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետների մասնակցությամբ (մասնակցել է անգամ «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Գ. Օկոեւը): Տուժողի մոտ հայտնաբերվել են հետվիրահատական սպիներ, որոնք, սակայն, «գործիքային հետազոտությունների տվյալներով» բավարար չեն եղել պնդելու՝ գողացե՞լ են քաղաքացու օրգանները, թե՞ ոչ: «Խեղճ» դատախազությունը «բոլոր հնարավոր գործողությունները կատարելով՝ հնարավորություն չի ունեցել պարզելու» ներքին օրգանների բացակայության հանգամանքը եւ, փաստորեն, ձեռքերը լվացել է: Դատախազության որոշումը՝ քրեական գործ չհարուցելու մասին, Մ. Թեւոսյանը բողոքարկել է քրեական եւ զինվորական գործերով ՀՀ վերաքննիչ դատարան, որը Ժորա Հովսեփյանի նախագահությամբ օրեր առաջ մերժեց Շիրակի մարզի դատախազության որոշումը՝ գտնելով, որ դեռեւս չէին սպառվել նոր տվյալներ ձեռք բերելու հնարավորությունները, որոնք կարեւոր են գործի վերջնական ընթացքը լուծելու համար: Դատարանը թերի համարելով նախաքննության գործողությունները՝ նկատել էր, որ դատախազությունը բացատրություն է վերցրել ոչ թե բժշկական ողջ անձնակազմից, այլ միայն երկրորդ վիրահատությունը կատարած բժիշկ Աշոտ Սիրունյանից: Վերաքննիչ դատարանին Շիրակի մարզի դատախազի տեղակալ Ա. Ավետիսյանը չներկայացրեց հստակ փաստեր, թե ովքեր են, ի վերջո, մասնակցել վիրահատությանը եւ կամ մինչ ծննդաբերելը Թեւոսյանը հետազոտվել է, հետեւաբար ինչո՞ւ ցուցմունքներ չեն վերցրել հետազոտություն իրականացրած բժիշկներից: Փորձաքննության եզրակացությունը դատարանը «երկիմաստ» համարեց եւ նպատակահարմար գտավ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել այլ փորձագետներով: Չգիտես ինչու, Մ. Թեւոսյանը տուժող չի ճանաչվել, եւ նրան չեն տրամադրել մինչ օրս գործում եղած բժիշկների բացատրությունները, բոլոր այն փաստաթղթերը, որոնք առնչվում են իր սեփական կյանքին, առողջությանը, իր անձնական խնդրին: Տարօրինակ է, որ դատախազությունը կատարվածը չի դիտել քրեական օրենսգրքի «Կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների» շարքում, ուր կան հոդվածներ՝ տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով, այն էլ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Կամ, առնվազն, հոդվածը պետք է լիներ անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելու հատկանիշների մասին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել