Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն

Փետրվար 08,2006 00:00

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն Գուցե հենց այդ պատճառով էլ չի գործում Անվտանգության խորհուրդը Վերջերս «Ազգային անվտանգության հիմունքները» թեմայով քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էր ասել, թե՝ «Ազգային անվտանգության խորհուրդը լուրջ մարմին չէ», ու պարզաբանել էր, թե ինչու. «Չունենալով հստակորեն ուրվագծված առաջադրանք եւ խնդիրներ, չունենալով որակյալ ու մասնագիտական աշխատակազմ եւ հետազոտական կենտրոններ՝ այդ խորհուրդն ի վիճակի չէ ոչ միայն լուծելու, այլ անգամ տեսնելու եւ ձեւակերպելու Հայաստանի եւ հայության ռազմավարական զարգացման ուղեգիծը»: Անշուշտ, պարոն Հովհաննիսյանը ճիշտ է, բայց խնդիրն այն է, որ այդ մարմինն այդքան անլուրջ՝ որքան դարձել է վերջին մի քանի տարիներին, չի եղել: ՀՀ առաջին նախագահի օրոք թեեւ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի պաշտոն նախատեսված չի եղել, այդուհանդերձ, նիստեր է հրավիրվել երբեմն ամիսը 10 անգամ, որտեղ քննարկվել են այդ տարիներին Հայաստանի համար կենսական ու պետական անվտանգության նշանակության հարցեր, որոնք այսօրվա չափանիշներով առաջին հայացքից կարող են երկրորդական թվալ՝ էներգետիկ մատակարարում, հացամթերքների խնդիր, աղբահանության, ձյան մաքրման հարցեր, նաեւ խնդիրներ, որոնք առնչվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը, քաղաքական որոշումներ ընդունելուն եւ այլն: Այն ժամանակ Անվտանգության խորհրդի կազմում էին ընդգրկված երկրի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը, ուժային նախարարները, ԱԺ ամենամեծ խմբակցության ղեկավարը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, իսկ ընդլայնված նիստերին մասնակցում էր նաեւ ԱԺ փոխնախագահը: Ու թեեւ արդեն Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո Անվտանգության խորհուրդը նաեւ քարտուղար ունեցավ՝ ի դեմս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի, ապա՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, համալրվեց նաեւ Երեւանի քաղաքապետով, այդուհանդերձ, այդ մարմինն ակտիվորեն չի գործում: 2001-ից այս կողմ ՀՀ նախագահի մամլո ծառայության որեւէ հաղորդագրություն չի եղել, որը կտեղեկացներ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու մասին: Դրա մասին են վկայում նաեւ երբեւէ ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատած մարդիկ: Հայաստան պետությանն ու մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ ու ծառացած հարցեր այսօր էլ կան: Դրանցից ընդամենը մեկ-երկուսը հիշատակել էր Վ. Հովհաննիսյանը՝ Էներգահամակարգի՝ որեւէ մեկին վաճառելը կամ հանձնելը, բյուջեում փող չունեցող երկրի համար էներգացանցերի վերանորոգման անհնարինությունը, ԱԺ փոխնախագահի կողմից որպես «սարսափելի վտանգ» որակված եհովականությունը եւ այլն: Սրանց մեր կողմից հավելենք նաեւ Հայաստանին սպառնացող «թռչնագրիպի» վտանգը, որն անգամ ամերիկյան մասնագետների՝ Հայաստան ժամանելու առիթ դարձավ, Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ու դրա առնչությամբ մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի դիրքորոշման, այսօր հարեւան Իրանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումների, անցյալ տարի Վերին-Լարսի ճանապարհի փակման, անցյալ ամիս Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման ու դրա հետեւանքով ՀՀ-ում գազի մատակարարմանն առնչվող հարցեր եւ այլն: Ի վերջո, թվում է, թե Անվտանգության խորհրդում պարբերաբար լուրջ քննարկումների առարկա պետք է դառնար նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող խնդիրը, առավել եւս, երբ այդ հարցը վերջին շրջանում ավելի արդիական է դարձել, տարբեր միջազգային կառույցներ ինչ-որ տարբերակներ են առաջարկում, որոնք հասարակությունն ու մամուլը, քաղաքական ու հասարակական ուժերը ակտիվորեն քննարկում են: Արժե, թերեւս, այս համատեքստում հիշեցնել նաեւ, որ ժամանակին, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե այդ խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետում են վեց հոգի, դա բավականին մեծ ու բացասական արձագանք ստացավ եւ հասարակության, եւ քաղաքական ուժերի կողմից: Իսկ հիմա պարզվում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս փուլի մասին լիարժեք տեղեկություններ չունի անգամ ՀՀ վարչապետը (ինչը նա խոստովանեց հարցազրույցներից մեկում): ՀՀ նախագահի՝ անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի ասելով՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում է երկու մարդ՝ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը: Պատճառը, հավանաբար, այն է, որ այդ երկու գործիչները արժանի չեն համարում երկրի այլ ղեկավարներին՝ երկրի կարեւորագույն խնդիրները նրանց հետ քննարկելու: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել