ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ Այսօր մենք կունենանք նաեւ նրանց ընտրած օմբուդսմենը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արմեն Հարությունյանը, որը, անշուշտ, այսօր կընտրվի մարդու իրավունքների պաշտպան, երեկ քվեարկությունից առաջ իրեն ընտրող խորհրդարանին կոչ արեց չընտրել իրեն. «Այն պատգամավորները, ովքեր պետք է ինձ ձայն տան՝ կարծելով, որ ես մարդու իրավունքների պաշտպանության հարցում կամակատար եմ լինելու, թող ինձ ձայն չտան, որովհետեւ ես լինելու եմ օրենքի եւ մարդու իրավունքների պաշտպանության կողքին, եւ որտեղ որ պետք է, շատ լավ էլ քննադատելու եմ այն ինստիտուտներն ու պաշտոնատար անձանց, որոնք մարդու իրավունքները խախտելու են, բայց՝ օրենքի սահմաններում, որովհետեւ մեզ պետք է օրենքի դիկտատուրա, եւ մարդու իրավունքների պաշտպանը իրեն օրենքից բարձր չպետք է դասի»: Իսկ իր համաձայնությունը՝ դառնալ մարդու իրավունքների պաշտպան, Արմեն Հարությունյանը բացատրեց այսպես. «Եթե ես այսօր այստեղ եմ գտնվում, ապա միայն մեկ բանի համար՝ որովհետեւ պատասխանատվությունից երբեք չեմ փախչել եւ չեմ էլ փախչում»: Մյուս թեկնածուն՝ Ռուբեն Թորոսյանը, իր եզրափակիչ խոսքում փորձեց սիրաշահել խորհրդարանին եւ մեղմել նախորդ օրվա տպավորությունը, սակայն ստացվեց՝ ինչպես միշտ: Նա կրկին չդիմացավ խորհրդարանի եւ իշխանությունների հասցեին «ձեռ առնելու» տոնով խոսելու գայթակղությանը եւ հայտարարեց. «Եթե հանաքով ասենք, հումորով ասենք, կտեսնենք՝ քանի՞ տղամարդ կա այսօրվա պառլամենտում, որի մասին տարբեր ասեկոսեներ կան»: Այս միտքը զայրացրեց ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, որը նաեւ Դաշնակցության հասցեին Ռուբեն Թորոսյանի ասածներին արձագանքելով՝ ասաց. «Մենք հստակ ենք ասել. դեմ ենք լինելու իրեն եւ այդ մասին շատ տղամարդավարի այստեղից ասել ենք, հիմա նորից եկեք տղամարդ եւ կին չբաժանենք այստեղ, այդ հարցերը այլ տեղում են լուծվում»: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Եթե մինչեւ հիմա կային մարդիկ, որ չէին հասկացել, թե ինչի՞ համար է հեռացվել Դաշնակցությունից Ռուբեն Թորոսյանը, կարծում եմ՝ իր ելույթից հետո հասկացան»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը այդ հեռացումը բացատրել էր այսպես. «Մենք չէինք կարող մեզ թույլ տալ ներսում ունենալ տրոյական ձի»: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը առաջարկեց, որ երկու թեկնածուներն էլ հանեն իրենց թեկնածությունը, սակայն թեկնածուներից ոչ մեկը այդ առաջարկը չընդունեց: Հրանտ Խաչատրյանը մանրամասնեց. «Մեծամասնության ճամբարում արդեն լուրեր են տարածվում, թե Ռուբեն Թորոսյանը իր բնավորությամբ, իր կենսագրությամբ ավելի վատն է, քան Արմեն Հարությունյանը»: Վերջինիս մասով էլ ասվեց, որ չի կարելի նրան «փչացնել». «Դուք ինքներդ պատերի տակ ինչ ասես՝ ասում եք Դավիթ Հարությունյանի մասին, հիմա ինչո՞ւ եք ուզում երկրորդ Դավիթ Հարությունյան ստեղծել ձեր եւ ժողովրդի գլխին»: Երեկ ԱԺ խումբ-խմբակցությունները եւ պատգամավորները երկարաշունչ ելույթներ էին ունենում ԱԺ ամբիոնից, ինչը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որակմամբ, ամբիոնի հանդեպ բուռն կարոտի դրսեւորում էր: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին խորհուրդ տվեց լինել անհանդուրժող իրավական ոտնձգությունների բոլոր դրսեւորումների հանդեպ եւ ասաց, որ նա «չպետք է համագործակցի այն հանցագործների հետ, ովքեր ոտնահարում են մարդու իրավունքները»: Նաեւ զգուշացրեց. «Կան խաղի կանոններ, եւ քեզ հետ կկատարվի այն, ինչ կատարվեց Լարիսա Ալավերդյանի հետ»: «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը պարզաբանեց, որ կոալիցիայի հասցեին Ռուբեն Թորոսյանի նախորդ օրվա հայտարարությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ նույն կոալիցիայի լիդերների՝ տարբեր առիթներով արված հայտարարություններից մեջբերումներ. «Ո՞վ ասաց, որ Ռուբեն Թորոսյանը արեց ամեն ինչ, որպեսզի չընտրվի, իսկ ի՞նչ, պետք է քծնե՞ր, պետք է հաճոյանա՞ր, պետք է ձեր սրի-թրի տակով անցնե՞ր, պետք է սե՞ր բացատրեր Ռոբերտ Քոչարյանին, որ ընդունելի դառնար: Կամ էլ հարց են տալիս՝ հեռակա՞ եք ավարտել, թե՞ ոչ: Համալսարանի գիտխորհրդի ժամանակ այդ հարցը տայիք Սերժ Սարգսյանին, «վաբշե» ավարտե՞լ ա, թե՞ ոչ»: Այլ կարծիքի էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը Ռուբեն Թորոսյանի պահվածքի մասին հետեւյալ կարծիքն ուներ. «Երբ նաեւ հյուրի կարգավիճակով անձը գալիս եւ այստեղ հոխորտում է՝ ինչի՞ց, ես չհասկացա: Սա բավականին լավ ամբիոն է, եւ կարծում եմ՝ հիվանդ հոգեբանությամբ չի կարելի այս ամբիոնից խոսել, առավել եւս, երբ բարոյականից են խոսում, չի կարելի անբարո բառապաշար որդեգրել»: Իսկ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի ելույթը կոալիցիայի անդամ պատգամավորները լսում էին գլխիկոր: Պարոն Հարությունյանը խոսում էր այն մասին, որ մարդու իրավունքները ոտնահարվում են հենց իշխանության կողմից. «Դուք ձեր իրավունքները չեք կարողանում պաշտպանել, վերջապես վիրավորական է յուրաքանչյուր մարդու համար, երբ նրան նսեմացնում են եւ ստիպում բաց քվեարկել. դուք այդպես եք քվեարկելու»: Ասվեց նաեւ, որ «մեր երկրում մարդու իրավունքները ամենից շատ ոտնահարում է Ռոբերտ Քոչարյանը. նրա հանձնարարությամբ եւ կոալիցիայի անմիջական մասնակցությամբ հանրաքվեի ընթացքում դուք ոտնահարեցիք մեր երկրի շուրջ 1 միլիոն 200 հազար մարդու իրավունքները, դուք՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Եվ ի՞նչ եք կարծում՝ Արմեն Հարությունյանը բացահայտելո՞ւ է այս ամենը»: Այսօր ժամը 12:15-ին ԱԺ-ում տեղի կունենա մարդու իրավունքների պաշտպանի փակ-գաղտնի ընտրություն, որը կառավարության կողմից կհամակարգի համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ