Ֆուտբոլի
Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 27-ից մարտի 2-ը մասնակցելու է ազգային հավաքականների
կիպրոսյան 10-րդ միջազգային մրցաշարին: Այս օրերին մեր ընտրանիում ընթանում
են նախապատրաստական աշխատանքներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը նախատեսել
է կիպրոսյան մրցաշարին հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ՝ Ռոման
Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արմանդո Համբարձումյան, պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան,
Կարեն Դոխոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Եղիշե Մելիքյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան
Մկրտչյան, Վալերի Ալեքսանյան, Արտաշ Բաղդասարյան, կիսապաշտպաններ՝ Համլետ Մխիթարյան,
Կարեն Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, Սամվել Մելքոնյան, Արմեն Տիգրանյան, Արտավազդ
Քարամյան, Լեւոն Պաչաջյան, Արթուր Ոսկանյան, հարձակվողներ՝ Էդգար Մանուչարյան, Արա
Հակոբյան, Արամ Հակոբյան, Գալուստ Պետրոսյան, Արամ Ոսկանյան: ՀՖՖ մամուլի
քարտուղարությունը տեղեկացնում է, որ ըստ ֆեդերացիայի ազգային հավաքականների տեխնիկական
տնօրեն Աշոտ Մանուկյանի՝ հավաքականի հայաստանցի անդամներ Գեւորգ Կասպարովը, Ռոբերտ
Արզումանյանը, Աղվան Մկրտչյանը, Վալերի Ալեքսանյանը, Սարգիս Հովսեփյանը, Արմեն Տիգրանյանը,
Արթուր Ոսկանյանը, Լեւոն Պաչաջյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը «Փյունիկի» կազմում
մինչեւ փետրվարի 15-ը կմասնակցեն Սոչիում անցկացվող ուսումնամարզական հավաքին եւ
ստուգողական հանդիպումներին, որոնց անձամբ հետեւելու ցանկություն է հայտնել երիտասարդական
հավաքականի ավագ մարզիչ Սամվել Պետրոսյանը: Արա Հակոբյանը եւ Սամվել Մելքոնյանը «Բանանցի»
կազմում արդեն իսկ Կիպրոսում են: Մոտ օրերս պատրաստվում է նրանց միանալ նաեւ Արամ
Հակոբյանը: Կիպրոսում Հայաստանի ազգային հավաքականը դաշտի տերերի, Ռումինիայի
եւ Սլովենիայի հետ ընդգրկված է միեւնույն խմբում: Միջազգային մրցաշարում մեր թիմի
առաջին մրցակիցը լինելու է Ռումինիայի հավաքականը, որի հետ հանդիպելու է փետրվարի
28-ին՝ Նիկոսիայում: Մինչեւ 17 տարեկանների հավաքականը, ավագ մարզիչ Արսեն
Չիլինգարյանի գլխավորությամբ, փետրվարի 12-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:
Մինչեւ 19 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ՀՖՖ
է ներկայացրել ուսումնամարզական հավաքների եւ ստուգողական հանդիպումների երկարաժամկետ
ծրագիր: Ներկայումս քննարկվում են մարտի 26-28-ը Վրաստանի իրենց հասակակիցների հետ
երկու, ինչպես նաեւ Բելառուսի մինչեւ 19 տարեկանների թիմի հետ հանդիպումներ կազմակերպելու
հնարավորությունները: ՀՖՖ-ն արդեն համաձայնել է ապրիլի վերջին Իրանում նույն
տարիքային խմբի հավաքականի հետ խաղալուն: ՀՖՖ-ն պատրաստ է բրյուսելյան քննարկումներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ազգային
հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը վաղը մեկնելու են Բրյուսել, որտեղ
փետրվարի 10-ին կայանալու է «Եվրո-2008»-ի ընտրական փուլի «A» խմբում ընդգրկված երկրների
ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի
եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը Բրյուսել է մեկնելու Սոչիից: Արմեն Մինասյանի
խոսքերով՝ մեր պատվիրակությունը դատարկաձեռն չի գնում հանդիպման: ՀՖՖ ազգային հավաքական
թիմերի տեխնիկական տնօրինությունը փորձագետների մասնակցությամբ մշակել է «Եվրո-2008»-ի
ընտրական փուլի խաղացանկի մի քանի տարբերակ եւ պատրաստ է քննարկումներին: Ա.
ՀԱԿՈԲՅԱՆ