Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՅԻ ՀԱՄԵՍՏ ՀՄԱՅՔԸ

Փետրվար 08,2006 00:00

Ըստ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի, Հայաստանում բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են եւ օլիգարխները հարկերի բեռը դնում են սպառողների վրա:

Oրերս հերթական անգամ հասարակությանը բարեխղճորեն ներկայացվեց մեր երկրի 300 խոշոր հարկատուների ցանկը: Դրանք այն հարկատուներն են, որոնց վճարած հարկերը գերազանցում են հարյուր միլիոն դրամը: Այս ցանկի հրապարակումը, համաձայն տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի, բարոյական եւ քաղաքական իմաստ ունի՝ ժողովուրդը պետք է ճանաչի իր հերոսներին: Այս ցուցակի հրապարակման տրամաբանությունը նաեւ ժողովրդին տեղեկացնելն է, որ օլիգարխները նաեւ ունեն որոշակի պարտականություն պետության եւ հասարակության հանդեպ: «Սակայն ծանոթանալով նրանց վճարած հարկերի կառուցվածքին՝ հասկանում ես, որ օլիգարխները այս պետության հանդեպ ոչ մի պարտավորություն չունեն»,- ասում է տնտեսագետը: Նա գտնում է, որ, օրինակ՝ «Ֆլեշ», «Միկա», «Արսօյլ» ընկերությունների վճարած հարկերի առյուծի բաժինը կազմում են անուղղակի հարկերը, այսինքն՝ այն հարկերը, որոնք, վերջին հաշվով, վճարում է սպառողը: Պարոն Աղաջանովը պարզաբանեց. ասենք՝ երբ ներկրած յուրաքանչյուր տոննա բենզինի համար «Ֆլեշը» վճարում է հաստատագրված վճար՝ 114 հազար դրամ, ապա այդ 114 հազար դրամը դնում է վաճառվող բենզինի գնի վրա եւ նոր միայն վաճառում, հետեւաբար ստացվում է, որ այդ հարկը մուծում է գնորդը՝ սպառողը: Կամ՝ «Արսօյլի» մուծած հարկերի առյուծի բաժինը կազմել են ակցիզային հարկերը, բայց պարզ է, որ այդ ակցիզային հարկը (դեռ մի բան էլ ավելի) դրվում է վաճառվող ծխախոտի վրա՝ շահույթ ստանալու անկեղծ ցանկությամբ: «Այսինքն՝ խոշոր հարկատուների ցուցակին ուշադիր ծանոթանալուց հետո պարզվում է, որ մեր երկրում միակ խոշոր հարկատուն հասարակ ժողովուրդն է»,- արձանագրում է Էդուարդ Աղաջանովը:

Նա վերլուծեց նաեւ ալկոհոլ արտադրող ընկերությունների վճարած հարկերը: Օրինակ՝ «Վեդի Ալկոյի» մուծած ուղղակի հարկերը կազմել են 1,7 տոկոս: Երեւանի կոնյակի գործարանի ուղղակի հարկերը կազմել են 32,6 տոկոս, իսկ արդեն «Գրեյթ Վելլիի» մուծած ուղղակի հարկերը կազմում են 56 տոկոս: Սա արդեն տարակուսանք է առաջացնում՝ ինչպե՞ս կարող է նույն ոլորտում գործող ընկերություններից մեկի ուղղակի հարկերը կազմեն 32,6 կամ 56 տոկոս, իսկ «Վեդի Ալկոյինն»՝ ընդամենը 1,7 տոկոս: Ամենասարսափելին «Էրեբունի Ալկոյինն» է՝ 0,8 տոկոս: «Այսինքն՝ այս ընկերությունը մուծել է ընդամենը 6 միլիոն 800 հազար դրամ ուղղակի հարկ, շահութահարկ եւ եկամտահարկ՝ ողջ տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ այս մարդիկ մուծել են իրենց գրպանի չնչին տոկոսը, որ ալկոհոլ արտադրողի մուծած հարկերի հիմնական մուծողը եւս հասարակ ժողովուրդն է՝ որպես սպառող»: (Համեմատության համար նշենք, որ «Առավոտ» օրաթերթը 2005 թվականին միայն որպես եկամտահարկ մուծել է 4 մլն 200 հազար դրամ):

Անցած տարվա ամռանը «Միկա ցեմենտի» արտադրած ցեմենտի գինը 22 հազար դրամ էր, իսկ դեկտեմբերին այն՝ առանց որեւէ հիմնավորման եւ պատճառաբանության, դարձավ 35 հազար դրամ: Հանրապետությունում ընթացող շինարարության ծավալներին տեղյակ ցանկացածի համար ակնհայտ է, որ այս ընկերությունն աշխատել է հսկայական շահույթներով, սակայն 300 հարկատուների ցանկում «Միկա-ցեմենտը» զբաղեցնում է ցուցակի համեստ՝ 292-րդ տեղը: Սա նկատել էր նաեւ պարոն Աղաջանովը. «Որպես ուղղակի հարկ, շահութահարկ եւ եկամտահարկ՝ «Միկա-ցեմենտը» մուծել է ընդամենը 22 միլիոն դրամ: Սա մոտ 6 անգամ պակաս է, քան Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի մուծած հարկերը»: Ըստ տնտեսագետի՝ այս ցուցակը ուղղակի խոսում է այն մասին, որ մեր երկրում բիզնեսն ու իշխանությունները սերտաճած են, իսկ դա կոռուպցիայի ամենավտանգավոր տարրն է: «Գիտեմ, որ շատ բիզնեսմեններ կուզենային ազնիվ աշխատել, բայց իշխանություն ունեցող բարձրաստիճան չինովնիկներից ոմանք նրանց ստիպում են հարկերը մուծել ոչ թե պետբյուջե, այլ իրենց: Քաղաքական դաշտում է, օրինակ, «Արսօյլի» տեր Գուրգեն Արսենյանը՝ ՄԱԿ-ի նախագահը: Թեեւ նա պնդում էր, որ անցած տարվա ընթացքում ունեցել է այնքան գերշահույթներ, որ նույնիսկ անհարմար է զգում, սակայն ողջ տարվա համար մուծել է ընդամենը 65 միլիոն դրամ եկամտահարկ եւ շահութահարկ: Եթե բաժանենք 12 ամիսների, կստացվի, որ ամսական մուծել է 5 միլիոն դրամի կարգի հարկ»: Պարոն Աղաջանովը համոզված է, որ մեր երկրում բիզնեսմենները լրիվ ծավալով իրենց շահույթները ցույց չեն տալիս, թաքցնում են՝ վախենալով պետական ռեկետից: «Մեզ մոտ, ցավոք, տարածված է այն երեւույթը, որ պետական չինովնիկը կարող է հաջողակ բիզնեսմենի հետ «փայի մեջ» մտնել եւ պահանջել իր բաժինը: Բիզնեսմենը (նման դեպքեր էլ են եղել) բարձրաստիճան չինովնիկին առաջարկում է անգամ իր ակտիվների 50 տոկոսը՝ նախապես պահանջելով, սակայն, իրեն ապահովագրել հարկային կամ այլ մարմինների հետ անմիջական շփումներից»:

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել