ՕԵԿ-Ն
ՈՒ ՀՀԿ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «Արդարություն» խմբակցության
պատգամավոր, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը երեկ Սահմանադրական դատարան է ներկայացրել
27 պատգամավորների ստորագրությամբ դիմում՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող
անշարժ գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշումների՝ Սահմանադրությանը համապատասխանության
հարցը քննության առնելու վերաբերյալ: Դիմումում խոսքը Երեւանի Բուզանդի փողոցի եւ
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների գույքի մասին է, որն օտարվել է պետական կարիքների
համար պատճառաբանությամբ: Վարդան Մկրտչյանն այս հարցով ՍԴ-ին դիմելու նպատակով
ԱԺ-ում ստորագրահավաք էր նախաձեռնել դեռ 2005-ի աշնանը: Սակայն մինչ սահմանադրական
փոփոխությունները ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն:
Այժմ էլ բավարար 27 ստորագրությունները հավաքվել են ոչ միայն «Արդարության» պատգամավորների
միջոցով: Վարդան Մկրտչյանը մեզ հայտնեց. «Ստորագրահավաքին միացել են թե՛ անկախ պատգամավորներ,
թե՛ «Ժողպատգամավոր» խմբի անդամներ, կան ներկայացուցիչներ թե՛ ՕԵԿ-ից, թե՛ ՀՀԿ-ից,
թե՛ ՄԱԿ-ից: Ասենք, ՕԵԿ-ից ստորագրել են Հովհաննես Մարգարյանը եւ Գագիկ Ավետյանը,
ՀՀԿ-ից՝ Ռաֆիկ Գրիգորյանը: ՄԱԿ-ից էլ են 2 հոգի ստորագրել, «Ժողպատգամավորից»՝ 4-5-ը»:
Քանի որ խոսքը կառավարության որոշումների օրինականությանն է վերաբերում՝ նախկինում
կարող էր մտավախություն լինել, թե իշխանամետ պատգամավորները ճնշման ներքո կհրաժարվեն
իրենց ստորագրություններից: Սակայն պրն Մկրտչյանը հիշեցրեց. «Այժմ օրենքով սահմանափակվել
է ստորագրությունների հետկանչի իրավունքը»: Դիմումը չեն ստորագրել միայն ՀՅԴ-ն
եւ «ԱՄ»-ն: Վերջինիս պահվածքն այս հարցում տարակուսելի է: Վարդան Մկրտչյանը հայտնեց.
«Ես բոլոր խմբակցություններին բաժանել էի ստորագրությունների թերթիկներ: Մինչեւ վերջ
էլ «Ազգային միաբանությունը» չվերադարձրեց այն, չնայած բազմիցս խնդրել էի, որ տան
թերթիկը: Սակայն խնդիր չկա էլ, քանի որ առանց այդ էլ ունենք բավարար ստորագրություններ»:
Ա. Ի.