Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս անձնագիր ստանալ՝ Հայաստանից բացակայելով

Փետրվար 08,2006 00:00

Բնականաբար՝ կաշառքով

Դեռ անցյալ տարվա վերջերին, երբ Հայաստանում իշխանությունները նախապատրաստվում էին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հանձնարարականներ էր տվել ՀՀ անձնագրային ու վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին՝ ԽՍՀՄ նմուշի՝ կարմիր անձնագիր ունեցող քաղաքացիների անձնագրերն առանց քաշքշուկների ՀՀ քաղաքացիության նմուշի նոր անձնագրերով արագ ու անվճար փոխելու համար: Ինչպես հիմա է պարզվում, ՀՀ ոստիկանության առանձին բաժինների անձնագրային բաժանմունքներում այդ հրահանգն արանքում նաեւ կեղծիքներ անելու հարմար առիթ էր դարձել: Այսպես, մեր ունեցած տեղեկություններով, 2005թ. նոյեմբերին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գյուղապետի ներկայացրած տեղեկանքով նույն գյուղի բնակիչ Գոհար Մուրադյանը հաջողացրել էր ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի Նաիրիի բաժնի անձնագրային բաժանմունքից միանգամից երկու անձնագիր ստանալ իր երկու՝ 16 ու 17 տարեկան աղջիկների՝ Սոնա եւ Նինա Նադրի Միրոյանների համար, որոնք մի քանի տարի է՝ ապրում են Ռուսաստանում։ (Անձնագրերի պատճենները եւ գյուղապետի տված տեղեկանքի պատճենը խմբագրությունում են): Ու քանի որ անձնագիր ստանալու գործն առանց անձնագիր ստացող աղջնակների օրենքի կոպիտ խախտում է, տիկին Գոհարն ու նրա եղբայրը՝ Սուրիկ Մուրադյանը դիմել էին իրենց ազգակցին՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի Նաիրիի բաժնի քննչական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ամո Շառոյանին: Վերջինս էլ ընդամենը մեկ զանգով հարցերն արագ կարգավորում է: Համապատասխան զանգ-խնդրանքին տեղի տալով՝ ոստիկանության նույն բաժնի անձնագրային բաժանմունքի պետ, մայոր Շուշանիկ Թամազյանը համաձայնում է առանց Սոնայի ու Նինայի ներկայության անձնագիր տալ, որոնք թվագրված են 2005-ի նոյեմբերի 18-ի ամսաթվով:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, նման դեպքերում համապատասխան օրենսդրության շրջանցմամբ (անձնագիր ստացողը պարտադիր կերպով անձամբ պետք է ներկայանա անձնագրային բաժանմունք) անձնագիր ստանալն արժե 500-1000 ԱՄՆ դոլար: Ըստ լավատեղյակ աղբյուրների, նոր անձնագրերը աղջիկներին պետք էին եղել Գերմանիա տեղափոխվելու համար, որտեղ եւ գտնվում են:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամանակին՝ 2005թ. նոյեմբերի վերջերին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով նույն Շ. Թամազյանի նկատմամբ ստացված բողոքների հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից ծառայական քննություն էր անցկացվել, որի արդյունքում ոստիկանության մայոր Թամազյանը ենթարկվել էր խիստ կարգապահական տույժի: Հայտնի չէ միայն, թե արդյոք նաեւ ա՞յդ դեպքն էր եղել դրա պատճառը, թե՞ ոչ:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել