Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվար 08,2006 00:00

Երեկ ԱԺ 28 պատգամավորներ հանդես եկան հայտարարություններով

«Ազգային միաբանություն» խմբակցության գրեթե բոլոր անդամները երեկ օգտվեցին հայտարարությամբ իրենց առաջնորդի եւ ընդդիմության հասցեին հրապարակումներին հակադարձելու հնարավորությունից: Ասենք, Ալեքսան Կարապետյանը, թերեւս արձագանքելով ընդդիմության հասցեին Միխայիլ Բաղդասարովի որակումներին՝ հիշեցրեց, թե փորձագետների գնահատականով՝ վառելիքի շուկայում ստվերը 30-40 տոկոս է. «Հարց է ծագում՝ իսկ ո՞ւմ միջոցով է իրականացվում պետական բյուջեի այդ միլիոնավոր դոլարների հասնող թալանը»: Եվ անմիջապես տվեց «Միկա-Արմենիա»-ի եւ «Ֆլեշ»-ի անունները՝ նշելով, որ հենց «Ֆլեշ»-ն էր 1997-1999-ին ազգային անվտանգության նախարարության, իսկ հետագայում նաեւ պաշտպանության նախարարության վառելանյութի հիմնական մատակարարը՝ «Իհարկե, կազմակերպված ֆիկտիվ տենդերների արդյունքում»: Ըստ Ալեքսան Կարապետյանի՝ այդ մարդիկ այժմ ամեն տարի առնվազն 25-30 միլիոն դոլարի չափով մաքսանենգությամբ կողոպտում են բյուջեն. «Հայ ժողովրդի մեծ «բարերարների՜ս» նայեք՝ հիմա կանգնել ընդդիմությանը դասե՜ր են փորձում տալ, գնահատականնե՜ր են նշանակում, շառ ու շուռ են անում, անպատիժ մնալով միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը նրանց հովանավորն է: Տեղներդ իմացե՛ք, պարոնայք… Քթներդ մի՛ մտցրեք քաղաքական դաշտ»:

Աղասի Արշակյանի հայտարարությունը վերաբերում էր ԵԽԽՎ-ում Արտաշես Գեղամյանի ելույթի այն արձագանքներին, որոնցում նշվում է, թե քննարկման թեման՝ էմիգրանտների նկատմամբ Նիդեռլանդների կառավարության քաղաքականությունը, կապ չուներ Հին Ջուղայում ոչնչացվող խաչքարերի հետ, ինչի մասին խոսել էր պրն Գեղամյանը: Ինչպես երեկ հրավիրված ասուլիսում, այդպես էլ հրապարակված հայտարարությամբ Աղասի Արշակյանը «խորը ցավ եւ ափսոսանք» հայտնեց, որ այդ հրապարակումներից մեկի հեղինակը «մեր հարգարժան Արթուր Բաղդասարյանի խորհրդականն էր։ Անցյալ ժամանակով եմ ասում, քանի որ վստահ եմ, որ Արթուր Բաղդասարյանը չէ նրան նման հանձնարարություն տվել: Եվ այդպիսի մեկն էլ Արթուր Բաղդասարյանին որեւէ նորմալ խորհուրդ տալ չի կարող, ու պետք է հեռացվի խորհրդականի պաշտոնից»։ Նշենք, որ խոսքը «Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագիր Հայկազն Ղահրիյանի մասին է: Եվ Աղասի Արշակյանի հայտարարությունից հետո ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, թե ինքն էլ է խորապես համոզված, որ Արթուր Բաղդասարյանը կապ չունի «ԱԺ աշխատակցի արտահայտած մտքերի հետ», ու խոստացավ, որ առաջիկայում գնահատականներ կտրվեն դրանց:

Իսկ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն իր հայտարարության ընթացքում նշեց, թե խայտառակություն է Հին Ջուղայի խաչքարերի վերաբերյալ UNESCO-ի եւ միջազգային այլ կառույցների լռությունը, բայց «ավելի մեծ խայտառակություն է, երբ մեր ժողովրդի, մասնավորապես ընդդիմության ներկայացուցիչները պայքարի մեջ են մտնում այս հարցի համար, եւ կա՛մ լռությամբ է շրջափակվում նրանց այս գործունեությունը, կա՛մ, որ ավելի վատ է՝ նույնիսկ ինչ-որ հեգնական տոնով արտահայտություններ են արվում: Սա բնականաբար անթույլատրելի է, քանի որ Հայրենիքի համար պայքարի հարցում իշխանություն-ընդդիմություններ հասկացություններ չկան»: Ի դեպ, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Ռընե վան դեր Լինդենին եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին՝ Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացման առիթով. «Չնայած հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացումը շարունակվում է, միջազգային կազմակերպությունների կողմից դեռեւս չեն իրականացվել կոնկրետ միջոցառումներ եւ փաստահավաք առաքելություններ՝ ավերածությունների փաստերն արձանագրելու եւ պատմական ու մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կանխելու համար: Մտահոգություն հայտնելով բարբարոսական այս գործողությունների նկատմամբ միջազգային հանրության անտարբերության կապակցությամբ, հորդորում եմ ԵԽ կառույցներին՝ վերահաստատել իրենց դիրքորոշումը եւ կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ վերջ դնել այդ բարբարոսական գործողություններին եւ քայլեր ձեռնարկել իրավիճակի շտկման ուղղությամբ»:

Ընդդիմության եւ իշխանության դիրքորոշումները համահունչ էին նաեւ այնժամ, երբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը հայտարարությամբ մտահոգություն հայտնեց, որ Սոթքի հանքերում թուրքական ընկերությունն է երկրաբանական հետազոտություններ անում, իսկ թուրքական մեկ այլ ընկերություն զբաղված է ՀՀ տարածքից մոտ 8000 քկմ արբանյակային լուսանկարմամբ եւ քարտեզագրությամբ: «Մենք էլ ենք մտահոգված»,- արձագանքեցին ընդդիմության շարքերից:

Եվս մի ուշագրավ հայտարարություն՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ԶԼՄ-ներին առաջարկեց չասել Արեւելյան Թուրքիա, այլ ասել Արեւմտյան Հայաստան, չասել Դիարբեքիր, այլ ասել Տիգրանակերտ. «Մտովի չհանձնե՛նք այն, որն արդեն, իսկ ավելի ճիշտ է՝ դե՛ռ գողացված է մեզնից»: Եվ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հոգեհարազատ այս հայտարարությանն արձագանքեց. «Բնականաբար, չե՛նք տա»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել