Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐԸ

Փետրվար 07,2006 00:00

ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՆՔՆԱԱԿՏԻՎԱՆԱՆ «Առավոտը» հաճախակի է անդրադառնում հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի անմխիթար դրվածքին: Սակայն իրավիճակը շարունակում է մնալ մտահոգող: Այս կարծիքին է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, ում հետ օրերս զրուցեց մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը: – Պարոն Երիցյան, ինչպե՞ս էք գնահատում հանրակրթական դպրոցներում ֆիզդաստիարակության, մասնավորապես՝ ֆիզիկական կուլտուրա առարկայի դրվածքը: – Սկզբունքորեն՝ ոչ բավարար: Նախ եւ առաջ այն առումով, որ այսօր մեր դպրոցների մեծ մասում չկան որակյալ դասավանդման նախապայմաններ: Նկատի ունեմ մարզադահլիճները եւ պարզ տիպի դպրոցամերձ խաղահրապարակները: Հարցը կարգավորելու նպատակով վերջին տարիներին մենք որդեգրել ենք հետեւյալ գործելակերպը. դպրոցի նորոգման ծրագրում անպայման ընդգրկվում է գոնե խաղահրապարակը, իսկ ֆինանսական միջոցները ներելու դեպքում՝ նաեւ խաղադահլիճը: Սպորտպետկոմի խողովակով էլ երկու-երեք տարի մեծ քանակությամբ մարզագույք է բաժանվել ու բաժանվում: Այնպես որ, այս մի հարցում խնդիր հիմա արդեն չկա: Այդուհանդերձ, դեռ չենք կարող ասել, թե դպրոցները լիովին ապահովված են համապատասխան պայմաններով: – Որ նյութատեխնիկական բազան, մեղմ ասած, բարվոք չէ, փաստ է: Բայց դա չի նշանակում, որ պետք է սպասել, թե կառուցման կամ նորոգման հերթը տվյալ դպրոցին ե՞րբ կհասնի: Շատ դպրոցների խաղահրապարակները հիմա էլ լցված են շինարարական աղբով, ցատկափոսերը տարիներ շարունակ չփխրեցնելու հետեւանքով մացառապատված են, ավազը քարացել է, թարմացված նշագիծ չկա: Սրանք հարցեր են, որոնց լուծման համար պետության անմիջական միջամտության կարիք չկա: Պարզապես՝ տարրական սրտացավության բացակայություն է: – Միանգամայն համամիտ եմ: Յուրաքանչյուր դպրոց ի զորու է իր տարածքին ու վիճակին համապատասխան օգտագործելի խաղահրապարակ ունենալ: Գիտակցության խնդիր է: Իրոք, դպրոցներ կան, որտեղ ֆիզիկական կուլտուրա առարկան երկրորդական են համարում՝ մոռանալով, որ այն պետական ուսումնական ծրագրի մի մասն է ու ենթակա է պարտադիր կատարման: Այս հարցում մեծ անելիքներ ունեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, ում ենթակայությամբ գործում են դպրոցները: Նրանք էլ պետք է իրենց բյուջեից մասհանումներ անեն, սահմանեն պատշաճ վերահսկողություն, գտնեն խաղադահլիճներն ու խաղահրապարակներն աշխուժացնելու այլընտրանքային տարբերակներ: Հիմա մենք մեր հատուկ բաժնի միջոցով աշխատում ենք մի ծրագրի նախագծի վրա, որի իմաստը հետեւյալն է. ՏԻՄ-երը ներդրումներ են անում, աջակցում են նորոգել մարզադահլիճներն ու խաղահրապարակները, որոնք դասերի ավարտից հետո կարելի է վարձակալական հիմունքներով տրամադրել համայնքի բնակչությանը: Դա շահավետ կլինի բոլորի համար: Վերջին շրջանում ֆիզկուլտուրայի դասավանդման մեջ եղած բացը նախարարությունը մարզպետարանների հետ միասին փոխհատուցել սկսել է դպրոցականների շրջանում տարբեր մարզաձեւերից մասսայական մրցումներ կազմակերպելու միջոցով՝ սկսած ներդպրոցական մակարդակից մինչեւ մարզային ու հանրապետական եզրափակիչների անցկացումը: Մենք փորձում ենք անել այնպես, որ դպրոցներն ինքնաակտիվանան: – Ձեր ակնարկած ինքնաակտիվացումը, նայելով այսօրվա տեմպերին, տարիներ կարող է ձգձգվել: Դա կտապալի եւս մեկ կամ երկու սերունդ: Իսկ այդ մասսայական միջոցառումները խնդրի արմատական լուծում չեն: Նախ, շատ տեղերում այդ մրցումներն էլ ձեւական բնույթ են կրում: Երկրորդ, միջոցառման մեջ ներգրավված մնում են միայն հաղթողները, որոնց թիվը փուլից փուլ հսկայական չափերով կրճատվում է: Իսկ ֆիզկուլտուրայի դասերը ամբողջ տարվա ընթացքում բոլորին ակտիվ շարժման մեջ ներգրավելու համար են: Մեր շրջայցերի ժամանակ բազում անգամ ականատես ենք դարձել, թե ինչպես, ասենք, սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ ծրագրով դասը պետք է անցկացվեր բացօթյա ու նվիրված լիներ աթլետիկային, ուսուցիչը տղաներին մի գնդակ է տվել՝ ֆուտբոլ խաղալու, ինքն էլ հայտնի չէ, թե որտեղ է եղել: Այո, դպրոցները գործում են ՏԻՄ-երի ենթակայության ներքո: Բայց նախարարությունն իր ձեռքում ազդելու ինչ-ինչ լծակներ ունի՞, օրինակ, անակնկալ դասալսումներ կազմակերպելը: – Արդեն՝ այո: Եվ կարծում եմ, որ երբ ունենանք մեր տեսչական ծառայության տարեկան պլանը, այնտեղ, ի թիվս տարբեր առարկաների, արժանի հստակ տեղ կտրվի ֆիզկուլտուրայի դրվածքին, կրթական չափորոշիչների ուսումնասիրմանը: Ասեմ, որ մենք ունենալու ենք նաեւ ֆիզկուլտուրայի դասագիրք, ինչպես կա մյուս առարկաների համար եւ ինչպես հարիր է ֆիզիկական կուլտուրային: – Դուք ասացիք դասագրքի մասին: Ձեր կարծիքով՝ ֆիզկուլտուրայի բոլո՞ր ուսուցիչների գիտելիքներն են համապատասխանում ժամանակակից պահանջներին: – Ցավոք՝ ոչ բոլորինը: Ուսուցիչներ կան, որ դպրոց մտել են տասնամյակներ առաջ ու դասավանդում են հին մեթոդներով: Այդ իսկ պատճառով այս տարվանից կազմակերպելու ենք նաեւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որին ես շատ մեծ կարեւորություն եմ տալիս: Հարցազրույցը վարեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել