Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդասպան

Փետրվար 07,2006 00:00

Մարդասպան ներոններ միշտ կան Կարծում է Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը Չնայած Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը այժմ արձակուրդում է, այնուամենայնիվ, թատրոնի աշխատակազմը նույնիսկ այդ օրերին նոր ներկայացումներ է բեմադրում, ավելի շուտ դրանք գլխավոր փորձերն են կամ դիտումները նեղ շրջանակի համար: Օրերս էլ մինչ հանդիսատեսի դատին պաշտոնապես հանձնելը, ներկայացվեց «Ներոն եւ Սենեկա» ներկայացումը՝ ըստ Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի: Ներկայացումն այն մասին է, թե ինչպես է հռոմեացի փիլիսոփա Սենեկան իր աշակերտին՝ Հռոմի Ներոն կեսարին մարդասիրություն, ազնվություն, բարեգթություն սովորեցնում, սակայն, ճիշտ հակառակ պատկերն է ստացվում՝ Ներոնը դառնում է դաժան մարդասպան: Ներոնը իր ուսուցչին՝ Սենեկային հրավիրում է Հռոմ՝ վարձահատույց լինելու պատրվակով եւ սպանում: Ներկայացման ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի կարծիքով, այս պիեսում շոշափվում է ամենահրատապ՝ ժողովրդի, պետության ապագայի հանդեպ մտավորականի ունեցած պատասխանատվության թեման: «20 տարի շարունակ ուզում եմ բեմադրել այս գործը: Այսօր ներոններ շատ կան մեր շրջապատում, պարտադիր չէ, որ մարդ սպանած լինեն: Այժմ էլ ղեկավարում են մեր կյանքը այլ ներոններ, ովքեր գուցե պոտենցիալ մարդասպաններ են»,- ասաց պրն Ղազանչյանը: Ըստ նրա, նման մարդկանցից հասարակությունը պետք է ազատվելու ուժ գտնի: Եվ այդ հարցում կարեւոր դեր պետք է ունենա մտավորականը՝ իր անմիջական մասնակցությամբ: «Չի կարելի լարված մթնոլորտում փակվել ու ստեղծագործել: Միշտ էլ եղել են կոնյունկտուրային՝ ծախվող մտավորականներ: Դրանք ամենավտանգավոր մարդիկ են: Այս բեմադրությունը նման հուդաների մասին է, ովքեր կարող են 30 ոսկու համար ծախվել»,- պիեսը ներկայացրեց Ղազանչյանը: «Ներոն եւ Սենեկա» ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի լավագույն դերասանները, իսկ գլխավոր դերերը վստահված էին Արթուր Կարապետյանին (Ներոն) եւ Արայիկ Մաթեւոսյանին (Սենեկա): Հակոբ Ղազանչյանը տեղեկացրեց, որ «Ներոն եւ Սենեկա» ներկայացման պրեմիերան կկայանա մարտին, երբ Երեւան կայցելի պիեսի հեղինակ Էդվարդ Ռաձինսկին: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել