«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՆ»՝ ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ 2005-ի հոկտեմբերի 10-ից ազգային անվտանգության մեկուսարանում են գտնվում «Ռոյալ Արմենիա» ՀՁ-ի բաժնետեր Գագիկ Հակոբյանն ու տնօրեն Արամ Ղազարյանը: 2005-ի մարտի 10-ին հարուցված թիվ 58201705 քրեական գործով Գագիկ Հակոբյանն ու Արամ Ղազարյանը մեղադրվում են «փաստաթղթեր կեղծելու միջոցով 1.579.720.519 դրամ արժեքով մաքսանենգորեն կանաչ սուրճ, բրինձ եւ պղպեղ ներմուծելու» մեջ: «Ռոյալ Արմենիայի» ղեկավարների պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աշոտ Սարգսյանը, որը հայտնի է «Հոկտեմբերի 27» քրգործով տուժողի իրավահաջորդ Դեմիրճյանների ներկայացուցիչ: Այս տարվա հունվարի 26-ին վերաքննիչ դատարանը դարձյալ երկարացրեց գործարարների կալանքը, իսկ մեկուսարանում շարունակվում է թույլ չտալ Հակոբյանին եւ Ղազարյանին՝ հանդիպել իրենց հարազատների հետ: Օրեր առաջ փաստաբան Աշոտ Սարգսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին՝ խնդրելով դատախազության համապատասխան ծառայությանը՝ ուսումնասիրել որոշ փաստեր: Այդ փաստերից մեկը, ըստ Առավոտի» տեղեկությունների, կապված էր գործով «տուժող» ճանաչված ամերիկահայ Վաչե Բեդրոսյանի ապրանքատրանսպորտային բեռնագրերի հետ: Վ. Բեդրոսյանը հանդես է եկել երկու կազմակերպության անունից, մեկը «Ֆեդերալ ինվեստմենտ գրուպն» է՝ գրանցված Ամերիկայի Նեւադա նահանգում, մյուսը՝ նույնանուն գրուպը՝ գրանցված Վիետնամի Հոշիմին քաղաքում: Ըստ Ա. Սարգսյանի, փաստաթղթերը վիետնամերենից ռուսերեն թարգմանելուց հետո պարզվել է, որ վիետնամական այդ կազմակերպությունը իրավունք չուներ զբաղվելու կոմերցիոն գործունեությամբ եւ ստեղծված էր որպես առեւտրային ներկայացուցչություն: Այսինքն, ամերիկյան կազմակերպության անունից հանդես եկող Վ. Բեդրոսյանը խուսափել է հարկերից («Ռոյալ Արմենիայի» ներկայացուցիչները այդ կապակցությամբ դիմել են ԱՄՆ դեսպանին, սակայն ոչ մի արձագանք առ այս պահը չկար), օգտագործելով վիետնամական կազմակերպությունը եւ «իրեն ապահովագրելու համար ՀՀ մաքսային կոմիտեում հայտնել է, որ կլոր կնիքով կնքված ինվոյսները իրենը չեն, այլ կեղծված են»,- նշում է Ա. Սարգսյանը: Նա հայտնել էր գլխավոր դատախազին, թե Բեդրոսյանը խնդրել է «Ռոյալ Արմենիայի» ղեկավարությանը՝ ապրանքների վճարման համար գումարները փոխանցել Ջակարտա՝ իր անձնական հաշվին կամ իր կողմից նշված այլ հաշիվներին: Ըստ շրջանառվող լուրերի, դեկտեմբերին ազգային անվտանգության ծառայության ՀԿԳ քննիչ Մարուքյանը «տուժողի» հետ մեկնել է Վիետնամ եւ 15 օր մնացել այնտեղ: Ծախսերը հոգացել է Վաչե Բեդրոսյանը: Պաշտպանը տեղեկացնում է, որ Գագիկ Հակոբյանը «Ռոյալ Արմենիայի» 4%-ի բաժնետերն է, իսկ մնացածի բաժնետերը իրականում Լեյդա Ալուխաս Գոնսալեսն է: Գ. Հակոբյանը պայմանագրի կողմ չի հանդիսացել եւ որեւէ գործարք չի կատարել: «Վերը նշված ապրանքների համար վճարումները կատարել է Լ. Գոնսալեսը եւ վերջինիս հանձնարարությամբ, պայմանագրի հիման վրա «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ն կատարել է մաքսազերծում, կազմակերպել հումքից մինչեւ պատրաստի արտադրանք հասցնելու գործընթացը»: Ամերիկյան մատակարար Վ. Բեդրոսյանից, ըստ գործի նյութերի, «վստահությունը չարաշահելու միջոցով» հափշտակվել էր 368.000 ԱՄՆ դոլար: Սակայն իրականում Գոնսալեսը մատակարարված ապրանքի դիմաց պարտք էր մնացել մոտ 130.000 ԱՄՆ դոլար: Վ. Բեդրոսյանին առաջարկվել է ներկայանալ Հայաստան, կազմել փոխադարձ հաշիվների վերաբերյալ արձանագրություն, որից հետո, ըստ «Ռոյալ Արմենիայի» ներկայացուցիչների, նրան տրվելու էր հասանելիք գումարը: Այդ նամակը ներկայացվել է ԱԱԾ քննիչին: Երբ «Ռոյալ Արմենիան» սկսել է սուրճ ստանալ այլ կազմակերպություններից, Վ. Բեդրոսյանը ըստ էության դուրս է մնացել մատակարարման գործընթացից, հետեւաբար դիմելով ՀՀ մաքսային կոմիտե եւ ԱԱԾ, հայտարարել է, թե Գ. Հակոբյանը հափշտակել է վերոնշյալ գումարը: Հատկանշական է, որ ամերիկյան ներդրողը չի դիմել տնտեսական դատարան, այլ իր շահերի պաշտպանությունը փնտրել է մաքսայինում եւ «կագեբե»-ում: «Ռոյալ Արմենիան»՝ մաքսային կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի գրությունների համաձայն, որպես օտար ներդրումներով ձեռնարկություն, ազատվել է մաքսատուրքից: Ուստի, ըստ փաստաբանի, ծիծաղելի է, երբ այդպիսի ձեռնարկությանը քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար: «Դա նույնն է, ինչ սուլթանին մեղադրես բռնաբարության հոդվածով,- ասում է փաստաբան Ա. Սարգսյանը եւ ապա շարունակում,- հոգեկան հիվանդ պիտի լինի մարդը, որը ազատված լինելով շահութահարկից, մաքսատուրքից, զբաղվի փաստաթղթեր կեղծելով»: Վ. Բեդրոսյանի եւ Գ. Հակոբյանի առերես հարցաքննության ժամանակ ամերիկահայը նշել էր, թե ինքը պայմանագիր չի կնքել «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ի եւ Լեյդա Գոնսալեսի հետ: Սակայն քրեական գործում առկա է պայմանագիր եւ խնդիր է ծագել դատաձեռագրաբանական փորձաքննությամբ ճշտելու, որտեղից է այդ պայմանագիրն «առաջացել»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ