Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԶԳԱՅՈՒՆ

Փետրվար 07,2006 00:00

«ԶԳԱՅՈՒՆ ԹԵՄԱ»՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ Ինչո՞ւ հանկարծ հիշեցին Միջազգային ճգնաժամային խմբին 2005 թվականի սեպտեմբերի 14-ին Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հրապարակեց «Լեռնային Ղարաբաղ. հայացք կոնֆլիկտին իրադարձությունների վայրից», իսկ հոկտեմբերի 11-ին՝ «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն հաստատելու ծրագիր» զեկույցները: Երկու զեկույցներին էլ «Առավոտը» բավականին մանրամասնորեն անդրադարձել է: Հակիրճ հիշեցնենք, որ նախ՝ ՄՃԽ-ն զուտ փորձագիտական կազմակերպություն է եւ կարող է միայն անուղղակիորեն ազդել որոշումների ընդունման վրա, երկրորդ՝ երկու զեկույցներում էլ, բնականաբար, կան երկու (կամ գուցե երեք՝ ԼՂՀ-ն հաշվի առնելով) կողմերի համար անընդունելի կետեր: Ադրբեջանցիներին, հավանաբար, պետք է դուր չգա, որ ՄՃԽ-ն, ըստ էության, ընդունում է «Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունները»՝ որպես ինքնուրույն գործոն, ավելին՝ առաջարկում է կարգավորման որոշակի փուլում Ղարաբաղին տալ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ՝ մինչեւ հանրաքվե անցկացնելը, իսկ բուն հանրաքվեն պետք է հնարավորություն տա Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից: Մեզ համար էլ ձեռնտու չէ, որ ՄՃԽ-ն առաջարկում է հայկական զորքերը դուրս բերել Ղարաբաղը շրջապատող շրջաններից, եւ ադրբեջանցի փախստականներին վերադարձնել այն վայրերը, որտեղ այդ ազգի ներկայացուցիչները մինչեւ 88թ. մեծամասնություն էին կազմում, մասնավորապես՝ Շուշի: Մի խոսքով, հերթական առաջարկներ՝ փոխզիջման այն ընկալմամբ, որն այս հարցում գոյություն ունի Արեւմուտքում: Դժվար է պատկերացնել, որ Մինսկի խմբի առաջարկները, որոնք նախագահների մակարդակով պետք է քննարկվեն Փարիզում, էապես տարբերվում են այդ զեկույցներից: Անցած տարվա աշնանը այդ զեկույցները հենց այդպես էլ գնահատվեցին Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում. անընդունելի կետերը քննադատվեցին, նշվեցին նաեւ դրական պահերը: Ընդ որում, Ադրբեջանում վերաբերմունքն ընդհանուր առմամբ ավելի բացասական էր. այդ երկրի արտգործնախարարության ներկայացուցիչներին հրահանգվել է դադարեցնել շփումները ՄՃԽ-ի հետ: Դրանից հետո զեկույցները կարծես թե մոռացության մատնվեցին: Եվ հանկարծ, այս տարվա հունվարին Հայաստանի իշխանամետ շրջանակներում ՄՃԽ-ի նկատմամբ քննադատության բուռն ալիք բարձրացավ: Հասկանալի է, որ այդ քննադատության պատճառը զեկույցները չեն: Իսկ թե ի՞նչն է՝ փորձենք հասկանալ: Այստեղ կարող է դեր խաղալ պատճառների երկու խումբ: Առաջինը՝ ՄՃԽ-ի փոխնախագահ Ալեն Դելատրոզի եւ հատկապես Կովկասյան ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրայզերի հայտարարությունները, որոնք արվել են զեկույցների հրապարակումներից հետո: Ըստ երեւույթին, ցանկանալով մեղմել հենց ադրբեջանական կողմի դժգոհությունները առաջարկներից, Ս. Ֆրայզերն անընդհատ շեշտում է իրենց առաջարկների ադրբեջանանպաստ կետերը (հայկական զորքերի դուրսբերում եւ փախստականների վերադարձ): Բացի այդ, Ս. Ֆրայզերի հայտարարությունների մեջ կան երանգներ, որոնք կարող են հասկացվել, թե նա խոսում է ՀՀ իշխանությունների անունից, ինչը վերջիններիս չի կարող չզայրացնել: Բայց «ճակատագրականը» ՄՃԽ Կովկասյան ծրագրերի տնօրենի համար նրա այն ենթադրությունն էր, որ հայկական զորքերի դուրսբերումից հետո շփման գծում պետք է հայտնվեն խաղաղապահներ, որոնց կազմում չպիտի լինեն ռուսական ստորաբաժանումներ: «Ֆորպոստի» ղեկավարների համար դա, իհարկե, ցավալի ենթադրություն է, եւ մոսկովյան «շեֆերի» դժգոհությունն էլ իրեն սպասեցնել չտվեց: Պատահական չէ, որ ՄՃԽ-ի դեմ քարոզչությանն ակտիվորեն մասնակցում է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը, որի նախկին ղեկավարը՝ Մոդեստ Կոլերովը այժմ ղեկավարում է ՌԴ նախագահի աշխատակազմի վարչություններից մեկը: Ի դեպ, վերջին մեկ ամսվա ընթացքում «Առավոտը» (ինչպես վստահ եմ, նաեւ՝ հայաստանյան այլ թերթեր) բազմաթիվ նամակներ է ստանում ռուսերեն լեզվով, որոնց քննադատության թիրախը հատկապես խաղաղապահներն են: Կարծես թե, այդ թեման իսկապես շատ «զգայուն» է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության համար: Պատճառների երկրորդ խումբը կապված է փետրվարի 10-ին կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման հետ: Օրինաչափ է, որ նման հանդիպումներից առաջ կողմերը առավել կարծր եւ անզիջողական դիրքորոշում են դրսեւորում, որպեսզի հանդիպումների ժամանակ սակարկելու բան ունենան: Իսկ ընդհանրապես ակնհայտ է, որ ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի նախագահները չեն գնա կարգավորման, քանի որ վերջինս պարունակում է վերը հիշատակված, երկու կողմերի համար էլ տհաճ տարրեր: Ռ. Քոչարյանն ու Ի. Ալիեւը պատրաստ չեն իրենց երկրների ներսում լուրջ հարված ընդունել՝ «պարտվողական» եւ «դավաճանական» կեցվածքի համար: Եվ հետո՝ ավելի լավ է պատմության մեջ մնալ որպես մարդ, որը խաղաղության համար ոչինչ չի արել, քան՝ որպես գործիչ, որը «թշնամուն» ինչ-որ բան է զիջել: Այդպես են, համենայնդեպս, մտածում սովորական, «շարքային» թագավորները: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել