Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկ

Փետրվար 07,2006 00:00

Մեկ ամիս էլ ձգեցին «Իրանական դոսյեն» առայժմ ՄԱԿ չհասավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած միջազգային լարվածությունը հերթական «վերելքներն» է արձանագրում՝ ընդհուպ վերածվելով մերձավորարեւելյան տարածաշրջանում նոր պատերազմական արշավի սկզբնավորման ռեալ վտանգի: Այդ է վկայում, մասնավորապես, ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի կողմից օրերս հնչեցված չափազանց կոշտ հայտարարությունն այն մասին, որ Իրանում միջուկային զենքի ստեղծումը թույլ չտալու համար «Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել ցանկացած, այդ թվում՝ ռազմական միջոցներ»: Ավելին, ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Բիլ Ֆրիսթը, իր հերթին, հայտարարել է, որ Կոնգրեսը պատրաստ է հավանություն տալ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու գաղափարին, եթե այն կյանքի կոչվի: «Ոչ մի պարագայում մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը դառնա միջուկային տերություն»,- ընդգծել է Ֆրիսթը: Այս հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում Իրանի հարցի կապակցությամբ ի վերջո ընդունվեց միասնական մի փաստաթուղթ, որը, սակայն, արեւմտյան մի շարք փորձագետների գնահատմամբ, ակնհայտ փոխզիջումային բնույթի է ու դեռեւս հեռու է պարտադրողական համարվելուց: Ըստ էության, հենց այդ հանգամանքով էլ բացատրվում է ՄԱԳԱՏԷ-ի հիշյալ հռչակագրի տեքստի հարցում 27 երկրների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ հանդիսացող եւ Իրանի նկատմամբ ավանդաբար մեղմ դիրքորոշումներ ունեցող Ռուսաստանի ու Չինաստանի միակամությունը: Ի դեպ, հենց վերջիններիս գործադրած ջանքերի շնորհիվ է, որ «Իրանական դոսյեն» էլի մի որոշ ժամանակ չի հանձնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դատին: «Թեհրանի դեմ պատժամիջոցներ գործադրելը սխալ կլիներ»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը Մյունխենում կայացած անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում: Նա ասել է, թե կասկածում է պատժամիջոցների արդյունավետությանը, քանի որ դրանք չեն կարող իրականացնել բոլոր՝ «նախ եւ առաջ Իրանի մերձավոր հարեւան հանդիսացող երկրները»: Այժմ ՄԱԳԱՏԷ-ն հարկադրված է մինչեւ առաջիկա մարտ ամիսը պատրաստել նոր զեկույց՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, որից հետո միայն այդ զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ հետագա որոշումների կայացման համար: Հիշեցնենք, որ տառացիորեն երեք օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ասել էր, թե Իրանի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցությունը դեռեւս չի անցնում թույլատրելիության սահմանագիծը: Թերեւս ակնհայտ է, որ մեկ ամիս անց ՄԱԿ-ի ԱԽ կողմից Իրանի նկատմամբ տնտեսական խիստ պատժամիջոցների կիրառման որոշում ընդունելու դեպքում Երեւան-Թեհրան կապերը Վաշինգթոնում այլեւս այնքան էլ անմեղ չեն դիտվի: Թե ինչ կլինի դրանից հետո՝ մնում է միայն գուշակել: Ստույգ է մի բան. Իրանի շուրջ բորբոքվող կրքերը վաղուց արդեն դադարել են սոսկ շարքային բանավեճ լինելուց եւ, դատելով կողմերի վճռականությունից, պատերազմի վերածվելու լուրջ վտանգ են պարունակում: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել