Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԳԵՏՆ

Փետրվար 07,2006 00:00

ՔԱՂԱՔԱԳԵՏՆ ՈՒ ԻՐԱՎԱԳԵՏԸ Խորհրդարանը լսում էր Մարդու իրավունքների պաշտպանների թեկնածուներին ԱԺ գարնանային նստաշրջանը սկսվեց բավականին աշխույժ, քանի որ դահլիճում ներկա էին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։ Նախ, օրակարգի հետ կապված բանավեճերը տեւեցին երկու ժամից ավելի: Ընդդիմադիրները բառացիորեն միայն երկու հարցի մասին էին խոսում. նախ, որ առաջին օմբուդսմենի տարեկան զեկույցը ճիշտ կլինի՝ կարդա հենց առաջին օմբուդսմենը, եւ այն մասին, որ սահմանադրական հանրաքվեի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կարեւոր է: Խորհրդարանը մերժեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի առաջարկը՝ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության քննարկումները տեսագրել եւ ցուցադրել հեռուստատեսությամբ: Սակայն 92 «կողմ» ձայնով ընդունվեց առաջարկություն՝ Լարիսա Ալավերդյանին հրավիրել իր իսկ հաշվետվությունը լսելու եւ ցանկության դեպքում՝ ելույթ ունենալու: Ի վերջո, առաջարկվեց մարդու իրավունքների պաշտպանի երկու թեկնածու՝ կոալիցիայի կողմից՝ Արմեն Հարությունյանը եւ «Ազգային միաբանության» կողմից (որին պաշտպանում էին նաեւ «Արդարություն»-ը եւ անկախ պատգամավորներ Էմմա Խուդաբաշյանը եւ Մանուկ Գասպարյանը)՝ Ռուբեն Թորոսյանը: Ռուբեն Թորոսյանի թեկնածության համար ստորագրել էին նաեւ մի քանի պատգամավորներ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցություններից: Գալուստ Սահակյանը իրենց այս քայլը որակեց միայն մեկ նպատակի համար՝ որ կոալիցիայի թեկնածուն այլընտրանքային թեկնածու ունենա: Անզեն աչքով էլ երեւում էր, որ ընդդիմության թեկնածուն խորհրդարան էր եկել բառացիորեն «սիրտը թեթեւացնելու» տրամադրությամբ։ Թերեւս նա հաստատ գիտեր, որ իր թեկնածությունը չի անցնելու, եւ եկել էր ասելու այն, ինչ ասաց: Ռ. Թորոսյանի ելույթը բուռն արձագանք էր ստանում կոալիցիայի անդամների կողմից, եւ նիստը վարող Տիգրան Թորոսյանը ստիպված էր մի քանի անգամ բավականին կոպիտ դիտողություն անել թեկնածուին: Ու երբ Ռուբեն Թորոսյանը կոալիցիայի մասին խոսելով՝ ասաց, որ այն կոռուպցիայի անթաքույց մարմին է, Տիգրան Թորոսյանը զայրացավ. «Խորհրդարանի խմբակցությունների եւ կուսակցությունների վերաբերյալ անպատասխանատու եւ վիրավորական հայտարարություններ անելու իրավունք չունեք, եւ ձեզ խնդրում եմ՝ չափի մեջ եղեք»: Թեկնածուն դիտողությունը չէր ընդունում. «Բայց սա վիրավորանք չի, ես նորից եմ ասում՝ կոռուպցիոն ամենաբարձր մակարդակի մարմինը կոալիցիան է, եւ ասեմ՝ ինչու. բայց ի՞նչ է նշանակում, որ նախարարությունները կարելի է սեփականաշնորհել: Կարդացեք կոալիցիայի հուշագիրը»: Ռուբեն Թորոսյանը համարում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առաջին հերթին պետք է քաղաքական իրավունքների ապահովմամբ զբաղվի, որովհետեւ դրանից են սկսում մյուս բոլոր անօրինականությունները: Նա հիշեցրեց այն իրավախախտումները, որ իշխանությունը թույլ է տալիս քաղաքացիների, նրանց կամքի ազատ արտահայտման դեմ՝ կեղծված ընտրություններ, կեղծված հանրաքվե: Ռուբեն Թորոսյանի կարծիքով, առանց այդ իրավունքների ապահովման, այլ իրավունքների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը փորձեց ճշտել՝ իր գործունեության ընթացքում ի՞նչ «շոշափելի» արդյունքների է հասել Ռուբեն Թորոսյանը։ Վերջինս պատասխանեց. «Ի՞նչ շոշափելի արդյունքներ, եթե ես հասնեի այդպիսի շոշափելի արդյունքների, որոնք հնարավոր լիներ շոշափել, այս խորհրդարանը այսօր այստեղ նստած չպետք է լիներ»: Արմեն Հարությունյանը ավելի զուսպ էր եւ իր ելույթի սկզբում մի փոքր ցրեց իր մրցակցի ելույթից հետո առաջացած մթնոլորտը, երբ նախքան ելույթ ունենալը, ցույց տալով ամբիոնին դրված ջրի բաժակը, որից, ի դեպ, նախորդ ելույթ ունեցողը շարունակ օգտվում էր, անմեղ ձայնով հարցրեց. «Էս ջուրը պարոն Թորոսյանը օգտագործե՞լ է, թե՞ չէ: Որ հետո իմանաք, էլի»: Հետո էլ շեշտեց, որ պետք է հարգալից վերաբերմունք դրսեւորել մարդու իրավունքի առաջին պաշտպանի նկատմամբ եւ պետք է պահպանել կատարված աշխատանքի շարունակականությունը: Պարոն Հարությունյանը նշեց նաեւ, որ «մարդու իրավունքների պաշտպանը չպետք է կանգնի պետական ինստիտուտների մեջտեղը եւ բոլորին մատով ցույց տալով՝ սկսի խելք սովորեցնել»: Ըստ Արմեն Հարությունյանի, մարդու իրավունքների պաշտպանի ամենամեծ խնդիրն այն է, որ նա կարողանա իր շուրջն ստեղծել հանդուրժողականության եւ համագործակցության մթնոլորտ եւ իր հիմնական զենքը լինեն օրենքը եւ իրավական դաշտը. «Մարդու իրավունքների պաշտպանը գործում է հանուն պետության եւ ոչ թե պետության դեմ, եւ նույնիսկ այս հարցերում, որոնցում նա կգտնի, որ սկզբունքային են եւ կքննադատի այս կամ այն պետական պաշտոնյային կամ պետական ինստիտուտը, դա պետք է անի՝ միշտ հիշելով, որ դա արվում է հանուն պետության»: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն այն կարծիքին է, որ մարդու իրավունքների պաշտպանը երբեք, ոչ մի իրավիճակում իրավական հարթությունից չպետք է մտնի քաղաքական հարթություն. «Որ րոպեին մարդու իրավունքների պաշտպանը օրենքը դրեց մի կողմ, կոնյուկտուրային մոտեցում ցուցաբերեց, այդ րոպեից նա դադարում է մարդու իրավունքների պաշտպան լինելուց եւ որոշակի դեֆորմացիայի է ենթարկում ինստիտուտի գաղափարը»: Այսօր ելույթներ կունենան եւ հետո մարդու իրավունքների պաշտպանին կընտրեն՝ փակ-գաղտնի քվեարկությամբ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել