«Առավոտը»
հաճախակի է անդրադառնում հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի
անմխիթար դրվածքին: Սակայն իրավիճակը շարունակում է մնալ մտահոգող: Այս
կարծիքին է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, ում հետ օրերս
զրուցեց մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը: – Պարոն Երիցյան, ինչպե՞ս
էք գնահատում հանրակրթական դպրոցներում ֆիզդաստիարակության, մասնավորապես՝ ֆիզիկական
կուլտուրա առարկայի դրվածքը: – Սկզբունքորեն՝ ոչ բավարար: Նախ եւ առաջ այն
առումով, որ այսօր մեր դպրոցների մեծ մասում չկան որակյալ դասավանդման նախապայմաններ:
Նկատի ունեմ մարզադահլիճները եւ պարզ տիպի դպրոցամերձ խաղահրապարակները: Հարցը կարգավորելու
նպատակով վերջին տարիներին մենք որդեգրել ենք հետեւյալ գործելակերպը. դպրոցի նորոգման
ծրագրում անպայման ընդգրկվում է գոնե խաղահրապարակը, իսկ ֆինանսական միջոցները ներելու
դեպքում՝ նաեւ խաղադահլիճը: Սպորտպետկոմի խողովակով էլ երկու-երեք տարի մեծ քանակությամբ
մարզագույք է բաժանվել ու բաժանվում: Այնպես որ, այս մի հարցում խնդիր հիմա արդեն
չկա: Այդուհանդերձ, դեռ չենք կարող ասել, թե դպրոցները լիովին ապահովված են համապատասխան
պայմաններով: – Որ նյութատեխնիկական բազան, մեղմ ասած, բարվոք չէ, փաստ է:
Բայց դա չի նշանակում, որ պետք է սպասել, թե կառուցման կամ նորոգման հերթը տվյալ
դպրոցին ե՞րբ կհասնի: Շատ դպրոցների խաղահրապարակները հիմա էլ լցված են շինարարական
աղբով, ցատկափոսերը տարիներ շարունակ չփխրեցնելու հետեւանքով մացառապատված են, ավազը
քարացել է, թարմացված նշագիծ չկա: Սրանք հարցեր են, որոնց լուծման համար պետության
անմիջական միջամտության կարիք չկա: Պարզապես՝ տարրական սրտացավության բացակայություն
է: – Միանգամայն համամիտ եմ: Յուրաքանչյուր դպրոց ի զորու է իր տարածքին ու
վիճակին համապատասխան օգտագործելի խաղահրապարակ ունենալ: Գիտակցության խնդիր է: Իրոք,
դպրոցներ կան, որտեղ ֆիզիկական կուլտուրա առարկան երկրորդական են համարում՝ մոռանալով,
որ այն պետական ուսումնական ծրագրի մի մասն է ու ենթակա է պարտադիր կատարման: Այս
հարցում մեծ անելիքներ ունեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, ում ենթակայությամբ
գործում են դպրոցները: Նրանք էլ պետք է իրենց բյուջեից մասհանումներ անեն, սահմանեն
պատշաճ վերահսկողություն, գտնեն խաղադահլիճներն ու խաղահրապարակներն աշխուժացնելու
այլընտրանքային տարբերակներ: Հիմա մենք մեր հատուկ բաժնի միջոցով աշխատում ենք մի
ծրագրի նախագծի վրա, որի իմաստը հետեւյալն է. ՏԻՄ-երը ներդրումներ են անում, աջակցում
են նորոգել մարզադահլիճներն ու խաղահրապարակները, որոնք դասերի ավարտից հետո կարելի
է վարձակալական հիմունքներով տրամադրել համայնքի բնակչությանը: Դա շահավետ կլինի
բոլորի համար: Վերջին շրջանում ֆիզկուլտուրայի դասավանդման մեջ եղած բացը
նախարարությունը մարզպետարանների հետ միասին փոխհատուցել սկսել է դպրոցականների շրջանում
տարբեր մարզաձեւերից մասսայական մրցումներ կազմակերպելու միջոցով՝ սկսած ներդպրոցական
մակարդակից մինչեւ մարզային ու հանրապետական եզրափակիչների անցկացումը: Մենք փորձում
ենք անել այնպես, որ դպրոցներն ինքնաակտիվանան: – Ձեր ակնարկած ինքնաակտիվացումը,
նայելով այսօրվա տեմպերին, տարիներ կարող է ձգձգվել: Դա կտապալի եւս մեկ կամ երկու
սերունդ: Իսկ այդ մասսայական միջոցառումները խնդրի արմատական լուծում չեն: Նախ, շատ
տեղերում այդ մրցումներն էլ ձեւական բնույթ են կրում: Երկրորդ, միջոցառման մեջ ներգրավված
մնում են միայն հաղթողները, որոնց թիվը փուլից փուլ հսկայական չափերով կրճատվում
է: Իսկ ֆիզկուլտուրայի դասերը ամբողջ տարվա ընթացքում բոլորին ակտիվ շարժման մեջ
ներգրավելու համար են: Մեր շրջայցերի ժամանակ բազում անգամ ականատես ենք դարձել,
թե ինչպես, ասենք, սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ ծրագրով դասը պետք է անցկացվեր բացօթյա
ու նվիրված լիներ աթլետիկային, ուսուցիչը տղաներին մի գնդակ է տվել՝ ֆուտբոլ խաղալու,
ինքն էլ հայտնի չէ, թե որտեղ է եղել: Այո, դպրոցները գործում են ՏԻՄ-երի ենթակայության
ներքո: Բայց նախարարությունն իր ձեռքում ազդելու ինչ-ինչ լծակներ ունի՞, օրինակ,
անակնկալ դասալսումներ կազմակերպելը: – Արդեն՝ այո: Եվ կարծում եմ, որ երբ
ունենանք մեր տեսչական ծառայության տարեկան պլանը, այնտեղ, ի թիվս տարբեր առարկաների,
արժանի հստակ տեղ կտրվի ֆիզկուլտուրայի դրվածքին, կրթական չափորոշիչների ուսումնասիրմանը:
Ասեմ, որ մենք ունենալու ենք նաեւ ֆիզկուլտուրայի դասագիրք, ինչպես կա մյուս առարկաների
համար եւ ինչպես հարիր է ֆիզիկական կուլտուրային: – Դուք ասացիք դասագրքի
մասին: Ձեր կարծիքով՝ ֆիզկուլտուրայի բոլո՞ր ուսուցիչների գիտելիքներն են համապատասխանում
ժամանակակից պահանջներին: – Ցավոք՝ ոչ բոլորինը: Ուսուցիչներ կան, որ դպրոց
մտել են տասնամյակներ առաջ ու դասավանդում են հին մեթոդներով: Այդ իսկ պատճառով այս
տարվանից կազմակերպելու ենք նաեւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ,
որին ես շատ մեծ կարեւորություն եմ տալիս: Հարցազրույցը վարեց
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ