Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդասպան ներոններ միշտ կան

Փետրվար 07,2006 00:00

Կարծում
է Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը Չնայած
Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը այժմ արձակուրդում է, այնուամենայնիվ,
թատրոնի աշխատակազմը նույնիսկ այդ օրերին նոր ներկայացումներ է բեմադրում, ավելի
շուտ դրանք գլխավոր փորձերն են կամ դիտումները նեղ շրջանակի համար: Օրերս էլ մինչ
հանդիսատեսի դատին պաշտոնապես հանձնելը, ներկայացվեց «Ներոն եւ Սենեկա» ներկայացումը՝
ըստ Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի: Ներկայացումն
այն մասին է, թե ինչպես է հռոմեացի փիլիսոփա Սենեկան իր աշակերտին՝ Հռոմի Ներոն կեսարին
մարդասիրություն, ազնվություն, բարեգթություն սովորեցնում, սակայն, ճիշտ հակառակ
պատկերն է ստացվում՝ Ներոնը դառնում է դաժան մարդասպան: Ներոնը իր ուսուցչին՝ Սենեկային
հրավիրում է Հռոմ՝ վարձահատույց լինելու պատրվակով եւ սպանում: Ներկայացման
ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի կարծիքով, այս պիեսում
շոշափվում է ամենահրատապ՝ ժողովրդի, պետության ապագայի հանդեպ մտավորականի ունեցած
պատասխանատվության թեման: «20 տարի շարունակ ուզում եմ բեմադրել այս գործը: Այսօր
ներոններ շատ կան մեր շրջապատում, պարտադիր չէ, որ մարդ սպանած լինեն: Այժմ էլ ղեկավարում
են մեր կյանքը այլ ներոններ, ովքեր գուցե պոտենցիալ մարդասպաններ են»,- ասաց պրն
Ղազանչյանը: Ըստ նրա, նման մարդկանցից հասարակությունը պետք է ազատվելու ուժ
գտնի: Եվ այդ հարցում կարեւոր դեր պետք է ունենա մտավորականը՝ իր անմիջական մասնակցությամբ:
«Չի կարելի լարված մթնոլորտում փակվել ու ստեղծագործել: Միշտ էլ եղել են կոնյունկտուրային՝
ծախվող մտավորականներ: Դրանք ամենավտանգավոր մարդիկ են: Այս բեմադրությունը նման
հուդաների մասին է, ովքեր կարող են 30 ոսկու համար ծախվել»,- պիեսը ներկայացրեց Ղազանչյանը:
«Ներոն եւ Սենեկա» ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի լավագույն դերասանները,
իսկ գլխավոր դերերը վստահված էին Արթուր Կարապետյանին (Ներոն) եւ Արայիկ Մաթեւոսյանին
(Սենեկա): Հակոբ Ղազանչյանը տեղեկացրեց, որ «Ներոն եւ Սենեկա» ներկայացման պրեմիերան
կկայանա մարտին, երբ Երեւան կայցելի պիեսի հեղինակ Էդվարդ Ռաձինսկին: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել