Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացին հրաժարվում է իրեն չպատկանող հողից

Փետրվար 07,2006 00:00

Իսկ սխալ չափագրումներ կատարած «կադաստրը» համառորեն «վաճառում» է տարածքը բնակչին

Երկաթուղայինների 6-րդ փողոցի թիվ 1 տան բնակիչ Վաղարշակ Բեգլարյանն արդեն 2 տարի է՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների «փոքրիկ» սխալի պատճառով կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, քաղաքապետարանի ու դատարանների դռներն է ընկած: Վերջերս նմանատիպ բողոքներ կադաստրից շատ հաճախ է լինում: Սովորաբար քաղաքացիները բողոքում են, որ կադաստրը սխալ չափագրումներ է կատարել եւ իրենց սեփականության տարածքի մեջ մտնող ինչ-որ հողաբաժին դուրս է թողել: Սակայն Բեգլարյանի դեպքում ճիշտ հակառակ պատկերն է. նա իրեն չպատկանող մի փոքրիկ հողակտորի վրա, որը փողոցի ճամփեզրին է գտնվում, ժամանակին «էսթետիկական հաճույք» ստանալու համար ծառեր ու ծաղիկներ է աճեցրել եւ իր խոսքերով՝ «որպեսզի փողոցային շները չմտնեն ու գեղեցկությունը տրորեն՝ ցանկապատել տարածքը»: Կադաստրի Էրեբունու ստորաբաժանման չափագետն էլ Վաղարշակի տան հատակագիծը կազմելիս չափումները կատարել է առանց վերջինիս ներկայության եւ նրա շինության ճակատային մասից ավելացրել նաեւ այդ հողակտորը՝ 41.9 քմ տարածքով:

Ու մինչեւ հիմա որքան էլ Բեգլարյանը համոզում է, որ դա իրեն չի պատկանում, ուզում է վերցնել անսխալ հատակագիծը՝ հետագայում իր ժառանգներին գլխացավանքի մեջ չգցելու համար, նրա բողոքներին համապատասխան մարմինները անհեթեթ պատասխաններ են տալիս՝ թոշակառու ծերունուն ամեն անգամ նյարդային վիճակի մեջ գցելով: Կադաստրում նրան մի լավ շշպռել են ու գլխներից ցրել՝ «գնա, հարցերդ լուծիր քաղաքապետարանի հետ»: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետական վարչությունից բնակչին ուղարկել են, թե «գնա տուն, սաղ ցանցերն ու ցանկապատերը քանդի, քանդված վիճակում նկարի, բեր գործերիդ կցի, որ իմանանք՝ էդ ցանկապատն այլեւս գոյություն չունի»: Նույն օրը ծերունին կատարել է բոլոր նշված պահանջները եւ լուսանկարչական «ստեղծագործությունները» ներկայացրել նրանց: 4 ամիս անց Վաղարշակին քաղաքապետարանից ավետել են, որ ամեն ինչ պատրաստ է՝ կատարիր ծառայության համար մուծումներ եւ ստացիր որոշումն ու գլխավոր հատակագիծը: «Առանց հետաձգելու ես հենց այդ օրը 2 մուծում կատարեցի՝ 12500 դրամ հատակագծի եւ մոտ 20 հազար դրամ՝ որոշման համար, բայց ոչ մեկը ձեռքս ընկավ, ոչ էլ մյուսը, քանի որ դեռ պատրաստ չէր: Հատակագիծը հաստատեցին միայն 1 ամիս հետո, այն էլ՝ ավելի խայտառակ սխալներով, քան նախկինում էր»,- «Առավոտին» պատմեց Վ. Բեգլարյանը: Նա հրաժարվել է վերցնել այդ հատակագիծը, բայց քանի որ արդեն բոլոր վճարումները կատարած էր եղել, ստիպված ինչ տվել են ձեռքը՝ այն էլ բերել է: Բայց ամիսներ անց, խորհրդակցելով փաստաբանի հետ, այնուամենայնիվ որոշել է հոգու հանգստության համար բոլոր անճշտությունները վերացնել: Բացի այդ, խնդիրն այն է, որ եթե նման սխալներով հատակագիծը հաստատվի, բնակիչը ստիպված պետք է լինի «գրավված 41.9 քմ հողի համար վճարել 292 հազար դրամ». սա ասվում է կադաստրի կողմից տրամադրված տեղեկանքում, իսկ Վաղարշակն ի վիճակի չէ հողի տարեկան հարկային վճարումներ կատարել, ուստի «էն գլխից» հրաժարվում է դրանից:

Այս «կադաստրային» քաշքշուկներից սկսած՝ քաղաքացին բազմակի տեղի-անտեղի վճարումներ է կատարել, մի քանի անգամ տարբեր չափագրողների վարձել է՝ ճիշտ հատակագիծ ունենալու հույսով, սակայն՝ ապարդյուն: «Ոնց որ իմ վրա ուզում են զոռով հող ծախեն. ես թոշակառու մարդ եմ, ինձ որտեղի՞ց էդքան փող, որ գնեմ»,- բողոքեց Վ. Բեգլարյանը:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել