Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԶԳԱՅՈՒՆ ԹԵՄԱ»՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 07,2006 00:00

Ինչո՞ւ
հանկարծ հիշեցին Միջազգային ճգնաժամային խմբին 2005 թվականի սեպտեմբերի
14-ին Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հրապարակեց «Լեռնային Ղարաբաղ. հայացք
կոնֆլիկտին իրադարձությունների վայրից», իսկ հոկտեմբերի 11-ին՝ «Լեռնային Ղարաբաղ.
խաղաղություն հաստատելու ծրագիր» զեկույցները: Երկու զեկույցներին էլ «Առավոտը» բավականին
մանրամասնորեն անդրադարձել է: Հակիրճ հիշեցնենք, որ նախ՝ ՄՃԽ-ն զուտ փորձագիտական
կազմակերպություն է եւ կարող է միայն անուղղակիորեն ազդել որոշումների ընդունման
վրա, երկրորդ՝ երկու զեկույցներում էլ, բնականաբար, կան երկու (կամ գուցե երեք՝ ԼՂՀ-ն
հաշվի առնելով) կողմերի համար անընդունելի կետեր: Ադրբեջանցիներին, հավանաբար, պետք
է դուր չգա, որ ՄՃԽ-ն, ըստ էության, ընդունում է «Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունները»՝
որպես ինքնուրույն գործոն, ավելին՝ առաջարկում է կարգավորման որոշակի փուլում Ղարաբաղին
տալ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ՝ մինչեւ հանրաքվե անցկացնելը, իսկ բուն հանրաքվեն
պետք է հնարավորություն տա Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից: Մեզ համար էլ ձեռնտու
չէ, որ ՄՃԽ-ն առաջարկում է հայկական զորքերը դուրս բերել Ղարաբաղը շրջապատող շրջաններից,
եւ ադրբեջանցի փախստականներին վերադարձնել այն վայրերը, որտեղ այդ ազգի ներկայացուցիչները
մինչեւ 88թ. մեծամասնություն էին կազմում, մասնավորապես՝ Շուշի: Մի խոսքով, հերթական
առաջարկներ՝ փոխզիջման այն ընկալմամբ, որն այս հարցում գոյություն ունի Արեւմուտքում:
Դժվար է պատկերացնել, որ Մինսկի խմբի առաջարկները, որոնք նախագահների մակարդակով
պետք է քննարկվեն Փարիզում, էապես տարբերվում են այդ զեկույցներից: Անցած
տարվա աշնանը այդ զեկույցները հենց այդպես էլ գնահատվեցին Երեւանում, Բաքվում եւ
Ստեփանակերտում. անընդունելի կետերը քննադատվեցին, նշվեցին նաեւ դրական պահերը: Ընդ
որում, Ադրբեջանում վերաբերմունքն ընդհանուր առմամբ ավելի բացասական էր. այդ երկրի
արտգործնախարարության ներկայացուցիչներին հրահանգվել է դադարեցնել շփումները ՄՃԽ-ի
հետ: Դրանից հետո զեկույցները կարծես թե մոռացության մատնվեցին: Եվ հանկարծ, այս
տարվա հունվարին Հայաստանի իշխանամետ շրջանակներում ՄՃԽ-ի նկատմամբ քննադատության
բուռն ալիք բարձրացավ: Հասկանալի է, որ այդ քննադատության պատճառը զեկույցները չեն:
Իսկ թե ի՞նչն է՝ փորձենք հասկանալ: Այստեղ կարող է դեր խաղալ պատճառների երկու
խումբ: Առաջինը՝ ՄՃԽ-ի փոխնախագահ Ալեն Դելատրոզի եւ հատկապես Կովկասյան ծրագրերի
տնօրեն Սաբինա Ֆրայզերի հայտարարությունները, որոնք արվել են զեկույցների հրապարակումներից
հետո: Ըստ երեւույթին, ցանկանալով մեղմել հենց ադրբեջանական կողմի դժգոհությունները
առաջարկներից, Ս. Ֆրայզերն անընդհատ շեշտում է իրենց առաջարկների ադրբեջանանպաստ
կետերը (հայկական զորքերի դուրսբերում եւ փախստականների վերադարձ): Բացի այդ, Ս.
Ֆրայզերի հայտարարությունների մեջ կան երանգներ, որոնք կարող են հասկացվել, թե նա
խոսում է ՀՀ իշխանությունների անունից, ինչը վերջիններիս չի կարող չզայրացնել: Բայց
«ճակատագրականը» ՄՃԽ Կովկասյան ծրագրերի տնօրենի համար նրա այն ենթադրությունն էր,
որ հայկական զորքերի դուրսբերումից հետո շփման գծում պետք է հայտնվեն խաղաղապահներ,
որոնց կազմում չպիտի լինեն ռուսական ստորաբաժանումներ: «Ֆորպոստի» ղեկավարների համար
դա, իհարկե, ցավալի ենթադրություն է, եւ մոսկովյան «շեֆերի» դժգոհությունն էլ իրեն
սպասեցնել չտվեց: Պատահական չէ, որ ՄՃԽ-ի դեմ քարոզչությանն ակտիվորեն մասնակցում
է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը, որի նախկին ղեկավարը՝ Մոդեստ Կոլերովը
այժմ ղեկավարում է ՌԴ նախագահի աշխատակազմի վարչություններից մեկը: Ի դեպ, վերջին
մեկ ամսվա ընթացքում «Առավոտը» (ինչպես վստահ եմ, նաեւ՝ հայաստանյան այլ թերթեր)
բազմաթիվ նամակներ է ստանում ռուսերեն լեզվով, որոնց քննադատության թիրախը հատկապես
խաղաղապահներն են: Կարծես թե, այդ թեման իսկապես շատ «զգայուն» է Ռուսաստանի կովկասյան
քաղաքականության համար: Պատճառների երկրորդ խումբը կապված է փետրվարի 10-ին
կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման հետ: Օրինաչափ է, որ նման հանդիպումներից առաջ
կողմերը առավել կարծր եւ անզիջողական դիրքորոշում են դրսեւորում, որպեսզի հանդիպումների
ժամանակ սակարկելու բան ունենան: Իսկ ընդհանրապես ակնհայտ է, որ ոչ Հայաստանի, ոչ
էլ Ադրբեջանի նախագահները չեն գնա կարգավորման, քանի որ վերջինս պարունակում է վերը
հիշատակված, երկու կողմերի համար էլ տհաճ տարրեր: Ռ. Քոչարյանն ու Ի. Ալիեւը պատրաստ
չեն իրենց երկրների ներսում լուրջ հարված ընդունել՝ «պարտվողական» եւ «դավաճանական»
կեցվածքի համար: Եվ հետո՝ ավելի լավ է պատմության մեջ մնալ որպես մարդ, որը խաղաղության
համար ոչինչ չի արել, քան՝ որպես գործիչ, որը «թշնամուն» ինչ-որ բան է զիջել: Այդպես
են, համենայնդեպս, մտածում սովորական, «շարքային» թագավորները: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել