Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՎԻՃԵԼ

Փետրվար 07,2006 00:00

Չնայած մեկ ամիս տքնելուց հետո հայտարարություն ընդունեցին, թե հարգելու են իրար եւ միմյանց դիրքորոշումները:

Կոալիցիայի կուսակցությունները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշում են, թե «վճռական են՝ շարունակելու համագործակցությունն առնվազն մինչեւ 2007-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկը ընկած ժամանակահատվածը»: Կոալիցիան նաեւ խոստանում է ջանքեր գործադրել, որ «նախընտրական լարվածությունները չխաթարեն երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող գործընթացները: Դրա երաշխիքը կարող են լինել համագործակցությունը, միմյանց եւ միմյանց դիրքորոշումների նկատմամբ փոխադարձ հարգանքը, պայմանավորվածությունների հստակ կատարումը եւ առկա հիմնախնդիրների քաղաքակիրթ քննարկումն ու լուծումը»:

Հաշվի առնելով ՀՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ գործիչների միջեւ ժամանակ առ ժամանակ բռնկվող հրապարակային լեզվակռիվների նախադեպերը՝ արդյոք այս փաստաթղթի ստորագրումից հետո փոխվելո՞ւ է իրավիճակը եւ նրանք սկսելո՞ւ են հարգել միմյանց դիրքորոշումները ու քաղաքակիրթ ձեւով լուծել առկա հիմնախնդիրները: Մեր այս հարցին ի պատասխան՝ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն ասաց, թե ապագան ցույց կտա. «Տարբեր կուսակցություններ են՝ մեկ մարմնի մեջ ընդգրկված եւ, բնականաբար, իրենց նեղքաղաքական շահերից ելնելով կունենան հակասություններ: Սա համարում եմ բնական, եւ մեզ համար կարեւոր չէ, թե ինչ հակասություններ կունենան իրենք: Մեզ համար գերխնդիրն այս է՝ վերցրե՞լ են պատասխանատվություն, թող մարդավարի՛ կրեն այն»:

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարցադրմանն այսպես արձագանքեց. «Բանավեճերը պետք է բաժանենք 2 մասի: Մի մասը գաղափարական հենք ունեն կամ քաղաքական որոշակի հարցի են վերաբերում՝ այս կամ այն օրենքի կամ պաշտոնյայի գործունեության գնահատականի: Այս հարցերի շուրջ բանավեճեր կան եւ պե՛տք է լինեն: Այլ հարց է, որ փոխադարձ վիրավորանքները, կսմիթները եւ այլն, բնականաբար, քաղաքակիրթ միջավայրին անհարիր են: Եվ կարծում եմ, ակնարկը, որ նկատել եք հայտարարության մեջ՝ հենց դրանց է վերաբերում: Բայց քաղաքակիրթ բանավեճն այս հայտարարությամբ չի դադարելու. բոլորովի՛ն: Եվ մենք անշուշտ շարունակելու ենք վիճել շատ հարցերի շուրջ»:

Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ կոալիցիայի այն գործիչներին, որոնք առավել հաճախ են հանդես գալիս միմյանց հասցեին ոչ հարգալից հայտարարություններով: ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, թե ամեն մեկն իր տեսակետն ունի եւ սկզբունքները. «Եվ դրանց առնչությամբ թե՛ քննարկումների, թե՛ օրինաստեղծ գործունեության ընթացքում կարող են լինել ցանկացած հակասություններ, տարակարծություններ: Ի վերջո, կոալիցիայի 3 ուժերը տարբեր սկզբունքների տեր քաղաքական ուժեր են: Հնարավոր են նաեւ խարդավանքներ, որ առողջ քննադատության շրջանակներից դուրս գան ու փորձեն միավորներ շահել՝ ցեխ շպրտելով: Ստորագրված այս փաստաթղթով պարտավորվում ենք փորձել փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության առողջ մթնոլորտում շարունակել մեր օրինաստեղծ աշխատանքը մինչեւ 2007-ը: Բայց ցանկացած քաղաքական ուժ եթե դուրս գա առողջ քննադատության շրջանակներից ու դիմի տարբեր միջոցներով վարկաբեկման՝ պատրաստ ենք հակադարձելու, եւ դրա համար ունենք համապատասխան ռեսուրսներ»:

Վիրավորանքներով լեցուն հրապարակային բանավեճերում հմուտ եւս մի գործիչ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հարցին ի պատասխան, թե արդյոք այս փաստաթղթի ստորագրումից հետո կդադարե՞ն ներկոալիցիոն վեճերը եւ այդ կուսակցությունները կսկսե՞ն հարգել միմյանց՝ ասաց. «Չեմ ցանկանում, որ մատնանշված երկու երեւույթները՝ անձնավորված հարաբերություններն ու քաղաքական համագործակցությունը դիտվեն մի հարթության մեջ: Քանի որ տվյալ պարագայում անձնական խնդիրները ծագել են քաղաքական անհամաձայնություններից: Դրանք որոշակի նորմերի խախտման պատճառով վերածվեցին անձնական խնդիրների: Այսուհանդերձ՝ ես միշտ ներկայացրել եմ իմ քաղաքական ուժը, որի միջոցով դարձել եմ պատգամավոր: Այս տեսակետից ինքս ենթարկվում եմ կուսակցության կայացրած ցանկացած որոշման եւ մասնակցում դրանց կայացմանը: Հետեւաբար՝ որեւէ կասկած չունեմ, որ կոալիցիայի այս հայտարարությունը, համենայնդեպս, հանրապետականները չեն խախտի մոտ ապագայում: Պայմանավորվածությունները կպահպանենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն արձանագրվի խախտումներ մեր կոալիցիոն գործընկերների կողմից»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել