Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պանթեոնի

Փետրվար 04,2006 00:00

Պանթեոնի հարցը՝ գողականով Քանի որ պաշտոնյաների ստորագրությունները «չեն անցնում» Նայելով մեր ձեւախեղված հասարակությանը, մտածում ենք. գուցե մշակույթի նախարարի պաշտոնում մի գողականի ընտրենք: Նա էլ, ըստ իրենց օրենքի, կպաշտպանի եւ մեզ՝ մտավորականներիս, եւ մեր ազգային արժեքները: Այդ հարցն ինձ հուզում է՝ որպես «Պանթեոն» բարեգործական հիմնադրամի նախագահ: Ես սա ասում եմ ամենայն լրջությամբ: Ահա երազում եմ, որ նրա մոտ կմտնենք մեր պատվո ողջ անդամներով (իսկ նրանք պատկառելի անձնավորություններ են. կազմված ժառանգորդներից, անվանի մտավորականներից ու «ապագա պանթեոնականներից») եւ կբացատրենք, որ ազգի նկարագիրն է մեր մեծերի Պանթեոնի ներկայիս վիճակը: Գուցե դու «ախպերավարի» փրկես ազգին այս ամոթալի վիճակից, կասենք նրան: Նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի մտահղացումն էր, որ մեր աշխարհաճանաչ այդ մեծերի շիրիմները ոչ միայն մեր հանրապետության հոգածության խնդիրը պետք է լինեն, այլ ողջ հայության: Նախ այդ մասին ֆիլմ նկարահանեցինք (հովանավոր՝ Սերժ Սարգսյան), այնուհետեւ գրեցի բազմաթիվ հոդվածներ, Փարիզի հայկական ռադիոյով եթեր արձակեցի բազում հաղորդումներ: Նախագծի վրա աշխատեց պատկառելի ճարտարապետական խումբ (Սաշուր Քալաշյան, Հովհաննես Մութաֆյան եւ այլք), մինչ մենք ծանր ու մեծ պատրաստվում էինք Պանթեոնը վերակառուցել այնպես, որ այն դառնա մեր հայկական Պեր Լաշեզը (իր ոչ պակաս մեծերով), իր փառքի ծառուղով, որպեսզի մեր այն տարագիր արժանի զավակները, որոնք ճակատագրորեն այնտեղ չէին թաղված՝ իրենց կիսանդրիներով տեղ ունենային այնտեղ: Մատենադարանից հետո մեր երկրորդ տեսարժան վայրը դառնար: Ամենուր իշխեր կանաչ գազոնը, խնամված ծառերն ու թփերը: Թեկուզ որպես հատուցում՝ այսքան խոշտանգված ու զավթված զբոսայգիների ու այգիների դիմաց: Լավ, ժողովուրդս, հավանաբար արժանի չէինք զբոսայգիներ ունենալու, գոնե այս սուրբ շիրիմները պատկառելի վայրում գտնվեին: Անգամ Հոլանդիայից դենդրոլոգ մասնագետ հրավիրեցինք: Սակայն պարզվեց, որ մենք՝ մտավորականներս այլ աշխարհում ենք գտնվում, քաղաքը «ղեկավարողները»՝ այլ: Նժարի վրա էին ազգի մեծերի եւ այգին զավթած սեփականատերերի շահերը: Հաղթեցին վերջիններս (որը մեկ այլ զրույցի թեմա է, տիրապետում եմ ողջ փաստերին): Արդյունքում՝ երկու տարի շարունակ երկրի բոլոր ղեկավար այրերին գրված մեր դիմումի համաձայն (հանդիպել եմ եւ վարչապետին) կառավարության հատկացված պատկառելի գումարով… լուծեցին իրենց հարցերը: Այն է՝ Պանթեոնը առանձնացրին սեփականատերերի ունեցվածքից՝ ռեստորանից, իր ապագայի բար-սաունա-նանարանոց նախագծով եւ մշակույթի տնից՝ իր անհայտ ճակատագրով: Մնաց ընդամենը մի «նոր հայի» հատկացված գերեզմանատեղի: Քաղաքը համայնքներին հանձնելու արդյունքում, Պանթեոնը հիմա էլ հայտնվել է թաղապետ Մարտին Սարգսյանի տիրույթում: Այժմ իմ սեղանին է երկու մշակույթի նախկին նախարարների ստորագրությամբ նրանց անզոր գրությունները՝ Թամար Պողոսյանինը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանձնարարականով, եւ Հովիկ Հովեյանինը. առ այն, որ Պանթեոնին տալ պատմամշակութային-թանգարանային կարգավիճակ… Իսկ ի՞նչ են տվել մեզ այդ ստորագրությունները: ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ «Պանթեոն» բարեգործական հիմնադրամի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել