Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄԵՆԻ

Փետրվար 04,2006 00:00

ԵՄԵՆԻ ՕՐԸ ՉԸՆԿՆԵՆՔ Հայաստանը ամեն տարի «հաշվետու է լինելու» ՀՄԿ-ին՝ իր ժողովրդավարության աստիճանի համար Ինչպես հայտնի է, Հազարամյակների մարտահրավերների կորպորացիան (ՀՄԿ), չնայած որոշ մտահոգություններին, այնուամենայնիվ, որոշեց հավանություն տալ Հազարամյակների մարտահրավերների հայաստանյան ծրագրին (ՀՄԾ): Դա նշանակում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ-ին տրվելու է 235,6 մլն դոլարի չափով դրամաշնորհ, որի առաջին մասն, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ն կստանա ապրիլ-մայիս ամիսներին: Սակայն կստանա՞ Հայաստանը ամբողջ գումարը՝ կախված է ՀՀ իշխանություններից: Քանի որ հենց նրա՛նց, իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հունվարի 23-ի նամակում է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը զգուշացնում. «Մենք շարունակելու ենք հետեւել զարգացումներին, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով Ձեր կառավարության գործունեությունը՝ «արդարացի կառավարման» ասպարեզում: Ինչպես Դուք գիտեք, ցուցանիշների նշանակալի շեղումը կամ ՀՀ մասնակցության իրավասության սկզբունքներին հակասող գործողությունները կարող են հանգեցնել ծրագրի կասեցմանը կամ դադարեցմանը, եթե անգամ ծրագիրն արդեն իրականացման փուլում է»: Չափանիշներից առաջնայինը, որին պետք է համապատասխանի դրամաշնորհ ակնկալող երկիրը՝ «արդարացի կառավարումն» է, որն իր մեջ ներառում է քաղաքական իրավունքները, քաղաքացիական ազատությունները եւ օրենքի գերակայությունը: Հենց այս չափանիշին մեր երկրի համապատասխանությունն էր լուրջ կասկածներ հարուցել Ջ. Դանիլովիչի մոտ՝ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեից հետո: Իսկ որ ՀՄԿ-ի զգուշացումները, նույնիսկ կարելի է ասել՝ սպառնալիքները լուրջ են, անկասկած է: Համենայնդեպս, վերջերս Եմենի Հանրապետությունը դուրս է հանվել այն երկրների ցուցակից, որոնց ՀՄԿ-ն դրամաշնորհ էր հատկացնում: Հենց այդ՝ «արդարացի կառավարման» չափանիշին չհամապատասխանելու պատճառով: ՀՄԾ հաստատմանը նվիրված քննարկում էր երեկ կազմակերպել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Նշենք, որ երբ նոր էր սկսվել ՀՄԾ քննարկումը, ամերիկյան կողմի պահանջներից էր, որ ծրագրի նախապատրաստական աշխատանքներում ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Արդյունքում հայաստանյան 115 հասարակական կազմակերպություններ իրենց միջից 3-ին ընտրել էին ՀՄԾ աշխատանքային խմբում՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Այժմ, երբ նախապատրաստական փուլն ավարտվել է եւ սկսվում է ծրագրի իրականացման փուլը, պիտի կայանան նոր ընտրություններ եւ 5 կամ 7 հ/կ կընտրվի այս փուլի աշխատանքներին մասնակցելու համար: Սակայն Գործընկերությունը (որում ընդգրկված են 60-ից ավելի հ/կ-ներ) գտնում է, որ կարող է ավելի լայն մասնակցություն ունենալ այս ծրագրի իրականացման մեջ: Ավելի կոնկրետ, Գործընկերությունը ցանկանում է իրականացնել մոնիտորինգ՝ ծրագրի կատարման ողջ ընթացքում հետեւել, վերլուծել եւ գնահատել դրա իրականացումը: Նկատենք, որ ՀՄԾ-ով նախատեսվում է $5 մլն-ի չափ գումարի հատկացում մոնիտորինգի համար, սակայն ծրագրի աշխատանքային խումբը վստահեցնում է, թե ՀՄԿ-ն պնդում է, որ մոնիտորինգն իրականացնեն ծրագիրը կատարողները: Բնականաբար, դա այնքան էլ ռացիոնալ տարբերակ չէ. Գործընկերությունը կարծես թե մտադիր է ինքնուրույն մոնիտորինգ նախաձեռնել: Համենայնդեպս երեկ նրանց հավաքի ընթացքում այդ մասին պարբերաբար խոսվեց: Ներկաները պնդում էին, որ հարկավոր է կոչով դիմել ՀՀ իշխանություններին եւ պարզել, թե ինչպիսի՞ քայլեր են նրանք պատրաստվում ձեռնարկել՝ ՀՄԿ-ին չհիասթափեցնելու համար: Իսկ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն առավել կտրուկ էր. «Եթե մինչեւ ծրագրի իրականացումը ՀՀ իշխանությունները ոչինչ չանեն, ուրեմն չպիտի ֆինանսավորվեն: Փողը լավ բան է, բայց նրանք պետք է պատասխան տան ոչ միայն Դանիլովիչին, այլեւ ՀՀ քաղաքացիներին: Եվ թող բացատրեն, թե այդ ինչո՞ւ աշխատանքից ազատվեց այդ ծրագիրը նախապատրաստող ֆինանսների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Այստեղ ինչ-որ բան այն չէ»: Հավաքի մասնակիցները պահանջեցին, որ ծրագրի աշխատանքային խումբը պատասխանի, թե ի՞նչ է պատրաստվում անել ի պատասխան Դանիլովիչի զգուշացման: ՀՄԾ աշխատանքային խմբի ներկայացուցիչ Հովհաննես Ազիզյանը բացատրեց, որ իրենք (հ/կ-ները) ոչինչ այդ հարցով չեն կարող անել: Իսկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որն ընդգրկված է աշխատանքային խմբում, ասաց. «Այդ մենք չենք կեղծել հանրաքվեն, այդ մեզ չի ուղղված Դանիլովիչի նամակը»: Նա Օսկանյանի պատասխան նամակը գնահատեց որպես ջրալի, ողորմելի եւ թույլ, իսկ հանրաքվեի որակի հիմնական պատասխանատու Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը՝ խուսափողական: «Սոցիալական քաղաքականության կենտրոնի» նախագահ Արման Դանիելյանը բացատրեց, որ ՀՄԿ-ն յուրաքանչյուր տարվա հունվարին ի մի բերելով կոնկրետ երկրի մասին տարբեր միջազգային վերլուծական կազմակերպությունների կարծիքները, ինչպիսիք են՝ «Ֆրիդոմ Հաուսը», «Հուման ռայթս վոչը» եւ այլն, եզրակացություն է կազմում եւ, ըստ այդմ, որոշում իր հաջորդ քայլը: Նա կանխատեսեց, որ 2006-ին որեւէ արտառոց բան ՀՀ-ում չի սպասվում, եւ հետեւաբար ամեն ինչ նորմալ կլինի, իսկ ահա 2007-ի ընտրությունները կարող են որոշիչ լինել ՀՄԾ-ի ընթացքի համար: Եթե կրկին անգամ, ավանդույթի համաձայն, մենք խայտառակ ընտրություններ անցկացնենք, ապա դուրս կմնանք Ծրագրից. «Ամեն տարվա սկզբին մենք կանգնելու ենք ջրբաժանի առջեւ: Եվ հինգ տարի շարունակ գտնվելու ենք կախման վիճակում»,- նշեց պարոն Դանիելյանը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել