Հայաստանում կոռուպցիան ինստիտուտ է Այս եզրահանգմանն է եկել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, նույն ֆակուլտետի ասպիրանտ Բագրատ Հարությունյանը: Նա երեկ ներկայացրեց իր դիսերտացիայի թեման՝ «Կոռուպցիան կրթական համակարգում»: «Մեր երկրում կոռուպցիան ինստիտուցիոնալ բնույթ է կրում. կան հստակ դերեր, նորմեր, լեզու՝ հետեւաբար այն հասարակական նշանակության երեւույթ է»,- ասաց Բ. Հարությունյանը: Նա իր հետազոտության մեջ (որն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տրամադրած դրամաշնորհով) որեւէ սենսացիոն բացահայտում չարեց, կոնկրետ անուններ չնշեց, չասեց, օրինակ, թե որ բուհն է ուսումնասիրությունների արդյունքում համարվել ամենակոռումպացվածը: Փոխարենը, այս հետազոտության մեջ բավական հետաքրքիր տիպաբանական վերլուծություններ կան: 26 «խորին հարցազրույցներ» են անցկացվել բուհերի դասախոսների, ադմինիստրատիվ աշխատողների, դպրոցի ուսուցիչների հետ: 8 ֆոկուս խմբերում ընդգրկվել են ուսանողներ, ավագ դպրոցի աշակերտներ, ասպիրանտներ: Կրթական համակարգում կոռուպցիայի տարածված ձեւերը շրջանցելով՝ կանգ առնենք միայն Բ. Հարությունյանի բնորոշումների վրա: Նա ուսանողներին բաժանել է հետեւյալ տիպերի. 1. մեր փրկությունը գիտելիքի մեջ է, 2. բոլորի հետ պետք է կարողանալ լեզու գտնել, 3. սովորել բուհում՝ նշանակում է վայելել ուսանողական կյանքը (5 արկղ գարեջուր վերցնել եւ ամբողջ գիշեր հարբել), 4. ընկել ենք՝ պետք է քաշենք եւ այլն: Բ. Հարությունյանի բնորոշմամբ, կա ուսանողների խումբ, ում ինքն անվանում է «ճուտիկներ», որոնք սեփական ծնողների զոհն են՝ թե դպրոցում, թե բուհում: Ճուտիկների ծնողները, ցանկանալով զերծ պահել իրենց երեխային ցածր գնահատական ստանալու (կամ պարզապես չստանալու) հետ կապված ապրումներից, անընդհատ նվերներ են մատուցում ուսուցիչներին, տնօրեններին, դասախոսներին: Հետազոտողի կարծիքով, հենց այս ծնողներն են հիմնականում համալրում ծնողական խորհուրդների անդամների շարքերը: Շորթողներ են համարվում այն ուսուցիչները կամ դասախոսները, ովքեր իրենց սաներին անելանելի վիճակի մեջ են դնում. «Պահանջը կարող է ձեւակերպվել պարապմունքների մասնակցելու, գրքեր գնելու եւ այլ տեսքով»: Առանձնացված են նաեւ որոշ արտահայտություններ՝ կոռուպցիայի լեզվից. «ոնց անե՞նք, որ մեր հարցը դրական լուծվի, հորեղբորս տղան նման խնդիր ուներ ու սենց ձեւով լուծվեց, կարծում եմ, որ մեր դեպքում էլ է այդ ձեւը պիտանի, դու չես կարող այս առարկան հանձնել, ի՞նչ ես պատրաստվում անել, էս առարկան միայն իմ գրքով կարաք պարապեք…»: Կամ՝ «ես քո հետ չեմ ուզում խոսել, գնա, մտածիր՝ ինչ պիտի անես, որ ստանաս, կամ մեծ եղբորդ ասա թող գա, իրար հետ որոշենք՝ քեզ դուրս ենք թողնո՞ւմ, թե՞ գաս մոտս պարապես»: Հետազոտությունը հուշում է նաեւ որոշ ծածկագիր-բառեր ու բառակապակցություններ. «Գնա, երկուշաբթի ժամը 30-ին կգաս: Սա վերցրեք՝ սուրճ կխմեք, զգույշ եղեք՝ մեջը ուրիշ բան էլ կա: Քո գնահատականը մենակ կանաչ գրիչով կդրվի»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ