Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՈՂԸ

Փետրվար 04,2006 00:00

«ԳՈՂԸ ՏՆԻՑ ԼԻՆԻ՝ ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ ԷԼ ԿՀԱՆԻ» Որպես «եզ» նկատի ունենալով, հավանաբար, «ԱրմենՏելի» վճարելիք գումարները՝ ասում է Արշակ Սադոյանը Երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Սիմա Հովսեփյան) շարունակեց Սիրանույշ Հարությունյանի վճարման հաշվարկները մասնակի անվավեր ճանաչելու մասին հայցն ընդդեմ «ԱրմենՏելի»: «ԱրմենՏել» ՀՁ ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանը նախ հիշեցրեց նախորդ դատական նիստի ընթացքում դատարանից ինտերնետի միջոցով իրենց կողմից կատարված փորձնական զանգերի մասին, որոնք ընդհատվել (վիրուսի կամ համակարգչային հակերների մեղքով), ապա վերամիացվել էին: Իմիջիայլոց, այդ զանգերի համար «ԱրմենՏելում» հաշվարկել էին 9200 դրամ վճարագումար: Հետո Ա. Խաչատրյանը դատարանին միջնորդեց, անցկացնել անկախ փորձաքննություն, ճշտելու՝ «ԱրմենՏելը» եւ կապն ապահովող պրովայդերներն ունե՞ն տեխնիկական հնարավորություններ զատորոշելու, վերահսկելու, կանխելու բաժանորդի հեռախոսագծին կատարված անցանկալի միացումները: Նա նաեւ առաջարկեց այդ փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան մասնագետներին: Ա. Խաչատրյանը հարկ համարեց նշել, որ հիմնական տարաձայնությունները առնչվում են ինտերնետի միջազգային եւ տեղական հասանելիությանը: Ավելացրեց նաեւ, որ իրենց խնդիրը ավելի սկզբունքային է. հաստատել խաղի կանոնները: Այս դեպքում արդյոք «ԱրմենՏելը» պատասխանատո՞ւ է բաժանորդների կատարած զանգերի համար եւ չկա՞ դրանք վերահսկելու հնարավորություն: Հայցվորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը նախ զարմացավ այդ բացատրություններից եւ հիշեցրեց, որ ինտերնետային ելքի մենաշնորհը միայն «ԱրմենՏելինն» է, հետեւաբար, տեղական եւ միջազգային ինտերնետը տարանջատելն այս դեպքում տեղին չէ: Հետո պարզաբանեց, թե ինչպես է «ԱրմենՏելը» խոշոր չափերի գումար կորզում բաժանորդներից: Վերջիններս կարող են մտնել էրոտիկ, պոռնո, զվարճալի կայքեր, այդ ժամանակ ապօրինաբար ինտերնետ կարող է մուտք գործել նաեւ շահագրգիռ կողմը եւ կայք մտնելը կգրանցվի որպես միջազգային խոսակցություն: «Բաժանորդներն էլ ամաչում են ասել՝ մտել եմ, լավ եմ արել: Բայց էրոտիկ կայք մտնելը ի՞նչ կապ ունի միջազգային խոսակցության հետ (որի մեկ րոպեն անհամեմատ թանկ է)»,- շարունակում է Ա. Սադոյանը եւ գրեթե համոզված ասում, որ «ԱրմենՏելի» քավորությամբ են կատարվում համակարգչային խարդախությունները: Որպես ապացույց, նա նույնպես հրավիրեց նախորդ դատական նիստի փորձնական զանգերին: «ԱրմենՏելը» եկավ իր համակարգչով, իր ծրագրով, դատարանում ցույց տվեց, թե ինչպես կարելի է անջատել դատարանի հեռախոսը եւ միացնել միջազգային հեռախոսակապին: Դա ոչ թե վիրուսային, այլ սովորական համակարգչային խարդախություն է»,- ասաց սպառողի շահերի ներկայացուցիչը՝ նույնպես կողմ արտահայտվելով փորձաքննության անցկացմանը: Դատարանը հարկ համարեց հարցումներ ուղարկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ճշտելու՝ ունե՞ն փորձաքննության իրականացման համար համապատասխան մասնագետներ, թե՞ ոչ: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել